ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի անկախությունը վեր է ամեն ինչից. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արայիկ Հարությունյանին

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։

Ուղերձում, մասնավորապես, ասված է. 

 

«Հարգելի՛ պարոն Հարությունյան,
 
Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաև Ազգային ժողովում Ձեր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ամենամեծ թվով խմբակցությունը ձևավորելու կապակցությամբ:
Դուք Ձեր պաշտոնը ստանձնելու եք բավական բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհը պատուհասած համավարակի հետևանքները փոխում են այդ նույն աշխարհի մասին բոլոր պատկերացումերը և կառավարման բացարձակապես նոր որակներ ու մոտեցումներ պահանջում ճգնաժամային իրավիճակում: Հուսով եմ, պետական կառավարման Ձեր փորձը և կուտակած գիտելիքները կօգնեն Ձեզ ճիշտ լուծումներ գտնելու բոլոր ոլորտներում անխուսափելի մարտահրավերներին առերեսվելիս:
 
Չնայած համապետական ընտրությունները տեղի ունեցան Արցախի քաղաքացիների համար ոչ սովորական`առողջության համար մեծագույն  ռիսկեր պարունակող պայմաններում, սակայն ուզում եմ վերահաստատել լավատեսությունս և հուսալ, որ իշխանություններն այդ ռիսկերը լիովին գիտակցելով՝ ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, և հետընտրական Արցախում այս տեսանկյունից լուրջ խնդիր չենք ունենա՝ Արցախը կսահմանափակվի արձանագրված վտանգավոր վիրուսով վարակվածության մի քանի դեպքով, իսկ վիրուսի հետևանքով առողջությունը վնասած քաղաքացիներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
 
Ինչպիսին էլ լինեին մեր նախապատվությունները և պատկերացումները Արցախի Հանրապետության նախագահի մասին, ընտրությունները կայացել են, Արցախի քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ քվեարկության նախնական արդյունքներով ընտրված նախագահը Դուք եք, և առաջին հերթին Ձեր ուսերին է մեր հայրենիքի մի շատ թանկ հատվածի պաշտպանության, անվտանգության և բարեկեցության ապահովման մեծագույն պատասխանատվությունը: Կրեք այն պատվով և արժանապատվությամբ, ինչպես վայել է արցախցուն, ինչպիսին Արցախի ամբողջ պատմությունն է` մաքառումներով լի, բայց նաև հաղթական: Շարունակեք այդ հերոսական հողի վրա հասարակական համերաշխության և համախմբվածության մթնոլորտում կառուցել հզոր, բարեկեցիկ, ազգային պետություն` հիմնված համամարդկային և քրիստոնեական բարձր արժեքների վրա՝ որպես ազատատենչ և ստեղծարար մեր ժողովրդի ձգտումների առհավատչյա:  
Արցախի անկախությունը վեր է ամեն ինչից: Այն առավել է, քան մեր ընտանիքը, քան մեր կյանքը՝ մեր մարտական ընկերների անցած հերոսական ճանապարհն ու նահատակված ընկերների հիշատակը վկա: 
Արցախը այլևս երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. անցյալին վերադարձ չկա: Սա ցանկացած արցախցու ամուր համոզմունքն է, և Դուք՝ որպես նախագահ, դրա կրողն եք: 
 
Պարո՛ն նախագահ,
 
Ողջունում եմ Ձեր պատրաստակամությունը` հանուն Արցախի և մեր համազգային նպատակների համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի և անհատների հետ, ում ջանքերը ևս ուղղված են այդ նպատակներին: 
Ոչ ոք իրավունք չունի թուլացնել Արցախը և վնասել նրա միջազգային հեղինակությունը:
 
Մաղթում եմ Ձեզ հաջողություն Արցախի նախագահի պատվավոր և պատասխանատու առաքելության մեջ: Ի դեմս Ձեզ՝ Արցախի ժողովրդին մաղթում եմ ամուր հավատ ապագայի հանդեպ, տոկունություն` հանուն այդ ապագայի հաղթահարելու բոլոր դժվարությունները, բարեկեցություն և հարատև խաղաղություն:
 
Աստված պահապան Արցախին և մեր ողջ ժողովրդին»:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: