ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Բոլորը բոլորի դիմաց». Բաքուն շարունակում է պնդել իր դիրքորոշումը գերիների փոխանակման հարցում

Ադրբեջանից նորից հիշեցնում են  գերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու իրենց առաջարկությունը։ Այս անգամ խնդրին անդրադարձել է նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմետ Գաջիևը։

Գաջիևը նշել է, որ Ադրբեջանը գերիների և պատանդների փոխանակման հարցում «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով է առաջնորդվում։ «Միջազգային հանրության դիրքորոշումն այն է, որ, մարդասիրական սկզբունքներից ելնելով, գերիներն ու պատանդները պետք է փոխանակվեն: Մենք ձգտում ենք գերիներին ու պատանդներին փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,- նշել է Ալիևի օգնականը:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանում է գտնվում երեք գերեվարված հայ՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը, ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանը և Արայիկ Ղազարյանը: Հայաստանում չկան ադրբեջանցի գերիներ: Իսկ “բոլորը բոլորի դիմաց” սկզբունքով Բաքուն փորձում է հայ գերիներին փոխանակել Արցախում ծանր հանցագործությունների համար դատապարտված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:

Հարցի շուրջ հայկական կողմերի դիրքորոշումը շատ հստակ է, և մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է ամենաբարձր մակարդակով: Դեռ նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ «փոխանակում չի կարող տեղի ունենալ, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել»: Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ Ասկերովի և Գուլիևի փոխանակման հարցը «Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»: Ինչ վերաբերում է Արցախին, ապա պաշտոնական Ստեփանակերտը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր համար «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի անընդունելի լինելու մասին:

Եվ նույնիսկ այս պարագայում, երբ հայկական կողմը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, Բաքուն չի շտապում հրաժարվել իր կողմից առաջ քաշված սկզբունքից: Իսկ պատճառը, կարծես, շատ պարզ է. Ռուսաստանի Դաշնության ակնհայտ աջակցությունը գերիների փոխանակման ադրբեջանական մոդելին: Մոսկվան մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է այս մասին՝ պնդելով, որ այս սկզբունքի կիրառումը «կարող է նպաստել հակամարտության գոտիներում վստահության հաստատմանը»:

Իհարկե, չի բացառվում, որ Ռուսաստանի Դաշնության այս «մարդասիրական» մոտեցումն այլ դրադապատճառներ կարող է ունենալ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Արցախում իր պատիժը կրող երկու ադրբեջանցիներից մեկը՝ Դիլհամ Ասկերովը, ով 2014-ի դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարվել էր ցմահ ազատազրկման, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Եվ, ըստ ամենայնի, հենց ՌԴ «աջակցությունն» է հույսեր ներշնչում Ադրբեջանին, որ սեփական հանցագործներին Բաքու վերադարձնելու և Ռամիլ Սաֆարովի օրինակով հերոսացնելու ծրագիրը մի օր կարող է կյանքի կոչվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: