ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ են «Մեծ յոթնյակի» երկրները դեմ Ռուսաստանի վերադարձին

Sky News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի Դաշնությանը «Մեծ յոթնյակ»-ի (G7) գագաթաժողովին հրավիրելու որոշումը քննադատաբար է ընդունվել անդամ երկրների կողմից: Թերևս դեռ հստակեցված չէ, թե ինչ կարգավիճակով է Թրամփը ՌԴ-ին հրավիրում գագաթաժողովին (որպես հյուր, թե որպես մշտական անդամ), այնուամենայնիվ, տարբեր երկրներ արդեն իսկ հայտարարել են, որ դեմ են Ռուսաստանի ներկայությանը և վերադարձին: Պատճառը՝ Ղրիմն է…

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, առաջինն արձագանքելով Թրամփի այս որոշմանը նշել է, որ Կանադան համաձայն չէ G7 Ռուսաստանի վերադարձին, քանի որ նա «շարունակում է խախտել միջազգային իրավունքը»: «Ռուսաստանը հեռացվել էր «Մեծ յոթնյակից» այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ ներխուժել էր Ղրիմ, միջազգային կանոների ու նորմերի հանդեպ մշտական անհարգալից վերաբերմունքի պատճառով է նա «Մեծ յոթնյակի» սահմաններից դուրս մնում»,- ասել է Թրյուդոն։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչը, իր հերթին, հայտնել է, որ Բրիտանիան կարծում է, որ այս պահին Ռուսաստանին որպես G7-ի անդամ, վերադարձնելու հիմք չկա, քանի որ Մոսկվայի քաղաքականությունը չի փոխվել: «Ընդունված է, որ G7-ում ներկայացված երկիրը հրավիրի այլ երկրների: Սակայն մենք չենք ընդունի Ռուսաստանին որպես խմբի անդամ: Ռուսաստանը բացառվել էր խմբից Ղրիմի անեքսիայից հետո՝ 2014 թվականին»,-ասել է Ջոնսոնի ներկայացուցիչը:  

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտի խոսքով՝  Ռուսաստանին ակումբ վերադարձնելու հիմք չկա: «Ռուսաստանի մասով կա 2014-ի որոշումը, ըստ որի՝ մինչև հետագա ցուցումները, յոթնյակը չի հավաքվի G8 ձևաչափով: Դեռևս պահպանվում են այն հիմքերը, որոնց հիման վրա կայացվել է այդ որոշումը: Այդ հիմքը Ղրիմի բռնակցումն էր միջազգային օրենսդրության խախտմամբ, բայց այն շարունակում է մնալ: Որոշումը փոխելը Ռուսաստանի կառավարության ձեռքում է», - նշել է Զայբերտը։

Իր հերթին, Ֆրանսիան Ռուսաստանում չի տեսնում այն փոփոխությունները, որոնք կերաշխավորեին Մոսկվայի վերադարձը «Մեծ յոթնյակ»: «Ռուսաստանը որոշակի պատճառներով հեռացվել է G7-ից: Մենք չենք կարծում, որ այսօր այդ իրավիճակը փոխվել է: Սակայն մենք պետք է Ռուսաստանի հետ երկխոսելու միջոցներ գտնենք»,- ասել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:

Ճապոնիայի կառավարության ավագ քարտուղար Յոշիդե Սուգանն էլ հայտնել է, որ Ռուսաստանի նկատմամբ իրենց դիրքորոշման մեջ չկա որևէ փոփոխություն: «Մենք չենք ընդունում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը ՝ հաշվի առնելով Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», - ասել է Սուգան:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը «Մեծ յոթնյակ»-ի կազմի մեջ էր մինչև 2014 թվականը, այն ժամանակ կազմակերպությունը կոչվում էր «Մեծ ութնյակ», սակայն Ղրիմի շուրջ ծավալված զարգացումների պատճառով ՌԴ-ն հեռացվեց խմբից, և 2014-ից երկիրը չի մասնակցում գագաթնաժողովի հանդիպումներին:

Հետաքրքրականն այն է, որ չնայած տարբեր երկրների կողմից եղած առարկություններին՝ Թրամփը, կարծես թե, չի պատրաստվում իր որոշումից հրաժարվել: Այդ մասին է վկայում այն, որ Թրամփն իր որոշման մասին ոչ միայն արդեն իսկ պաշտոնապես հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, այլ նաև տարբեր երկրների կողմից բարձրաձայնած առարկություններից հետո վերահաստատել է իր մոտեցումը, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Մեծ յոթնյակի կազմ: Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունը G7 երկրների առաջնորդների հանդիպմանը շատ ավելի կհեշտացնի բազմաթիվ խնդիրների լուծումը: «Նա այնտեղ չէ: Հանդիպման կեսը նվիրված է Ռուսաստանին, և եթե նա այնտեղ լիներ, ապա լուծումը շատ ավելի հեշտ կլիներ», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ ներկայիս ֆորմատը հնացել է և G7-ը փոփոխությունների կարիք ունի:  

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա վերջինս դեռ չի շտապում վերջնական համաձայնություն հայտնել Թրամփի առաջարկին:  Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո, անդրադառնալով հարցին, հայտարարել է ՌԴ-ԱՄՆ երկխոսության մեկնարկի մասին՝  նշելով, որ նախագահ Թրամփի՝ G7 գագաթաժողովին հրավերի հետ կապված բոլոր մանրամասներն ու նրբությունները (մասնավորապես այն, թե ինչ կարգավիճակով է ՌԴ-ն հանդես գալու) դեռ պետք է քննարկվեն դիվանագիտական ​​խողովակներով:

Հարկ է նշել, որ հետաքրքրականն այն է, որ Թրամփը բացի Ռուսաստանից հրավիրել է նաև Հարավային Կորեային, Ավստրալիային ու Հնդկաստանին: Խոսելով G7-ի ֆորմատի հնացած լինելու մասին, Թրամփը մասնավորապես հայտնել է G7-ը, G10-ով կամ նույնիսկ G11-ով փոխարինելու իր մտադրության մասին: Սակայն, այն թե այդ ֆորմատը մշտական բնույթ է կրելու, թե՞ տվյալ երկրները հրավիրվում են հյուրի կարգավիճակով դեռ հստակեցված չէ:

Այս կապակցությամբ Ավստրալիան և Հնդկաստանն արդեն իսկ մասակցության համաձայնություն են տվել, իսկ Հարավային Կորեայից հայտնել են, որ ամերիկյան կողմի հետ հրավերի կապակցությամբ բանակցություններ կվարեն, արդյունքում՝ պարզ կդառնա մասնակցելու կամ չմասնակցելու մասին իրենց որոշումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: