ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ավելի վտանգավոր է դառնում

ahvalnews

Թուրքիայի նախագահի վարած արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում ավելի ագրեսիվ և վտանգավոր է դառնում: Տարածաշրջանում իր սեփական դիրքերն ամրապնդելու համար թվում է, թե Էրդողանը չի պատրաստվում որևէ բանի առջև ընկրկել: Վերջինիս ռազմատենչ պահվածքն ու տարածքային նկրտումները մեծ լարվածություն են առաջացրել տարբեր երկրների հետ հարաբերություններում՝ հասցնելով դրանք ընդհուպ պատերազմի շեմին:

Թուրքիայի վերջին շրջանի արտաքին քաղաքականության էությունը հասկանալու համար անդրադառնանք մի քանի ուղղությունների:

 

Ռուսատան-Թուրքիա

Ռուս-թուրքական հարաբերություններում ներկայումս առկա է բավականին մեծ լարվածություն Լիբիայի շուրջ: Այստեղ երկու պետություններն էլ հետապնդում են իրենց սեփական շահերը և յուրաքանչյուրն առանձին վերցրած փորձում է իր ազդեցությունը տարածել բնական պաշարներով հարուստ այս երկրում:

Անկարան բացահայտ աջակցում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանն՝ ի դեմս Ֆաիզ ալ-Սարաջի, իսկ  Ռուսաստանն իր աջակցությունն է ցույց տալիս  Լիբիական ազգային բանակին՝ ի դեմս մարշալ Խալիֆա Հաֆթարի:

Թուրքիայի համար Լիբիան ոչ միայն հնարավորություն է ստեղծում իր ազդեցությունը տարածել բնական պաշարների (գազի, նավթի) վրա (ինչը ձեռնտու չէ Ռուսաստանին), այլ նաև հանդիսանում է դարպաս դեպի Աֆրիկա: Լիբիայում  իր ազդեցությունը տարածելով՝ Էրդողանը հեռահար նպատակներ ունի վերահսկելու դեպի Եվրոպա միգրացիոն հոսքերը: Բանն այն է, որ դեպի Եվրոպա միգրացիոն երկրորդ ամենամեծ ալիքը Հյուսիսային Աֆրիկայից է՝ մասնավորապես Լիբիայից, և այն վերհասկելու կարողությունը էլ ավելի մեծ հնարավորություններ կընձեռի Թուրքիային՝ ճնշումներ գործադրելու Եվրոպայի վրա:

Մինչ վերջերս թվում էր, թե Լիբիայի ազգային համաձայնության կառավարության գրոհայինները ռազմական պարտության եզրին էին: Խալիֆա Հաֆթարին իր աջակցությունն էր ցույց տալիս ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան: Սակայն մեծ շրջադարձ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մայիսի սկզբին Անկարան ուժեր ուղարկեց (Սիրիայի պրոթուրքական խմբավորումներ, անօդաչու սարքեր և թուրքական բանակի ստորաբաժանումներ) օգնելու Լիբիայում իր համախոհներին: Արդյունքում Հաֆթարի առաջխաղացումը ոչ միայն կանգնեցվեց դեպի Տրիպոլի այլ նաև վերջինս ետ նահանջեց  դեպի արևելք:

Ներկայումս Լիբիայի հարցով Ռուսաստանն ու Թուրքիան դեռևս չեն կարողանում շահերի հատման ընդհանուր եզրեր գտնել: Այդ մասին է վկայում նաև հունիսի 14-ին Սիրիայի և Լիբիայի հարցով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Թուրքիա նախատեսված այցը Ռուսաստանի կողմից չեղարկելը: Չնայած Թուրքիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ թուրք նախարարի հեռախոսազրույցի ժամանակ որոշվել է, որ կշարունակվեն շփումներն ու բանակցությունները երկու երկրների փոխնախարարների միջև»,  սակայն մինչ այսօր բանակցությունների օրը դեռևս հստակեցված չէ…

Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ չնայած Լիբիայում առկա հակասություններին Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են համագործակցությունը ռազմական ոլորտում: Մասնավորապես, Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Ս-400 ՀՕՊ համալիրի երկրորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ: Բացի այդ, բանակցություններ են ընթանում Ս-400-ների համատեղ արտադրության շուրջ:

 

Թուրքիա-Եգիպտոս

Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերություններում նույնպես առկա է մեծ լարվածություն: Իսկ այդ լարվածության պատճառն առաջին հերթին Լիբիայում տեղի ունեցած վերջին զարգացումներն են: Այն բանից հետո, երբ Թուրքիայի միջամտությամբ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը հաջողվեց առավելության հասնել մարշալ Խալիֆա Հաֆթարի ուժերի նկատմամբ, Ֆաիզ ալ-Սարաջի ստորաբաժանումները հայտարարեցին «Հաղթանակի ճանապարհին» գործողության մեկնարկի մասին, որով նախատեսվում է գրավել Լիբիայի Սիրթ քաղաքը և այլ շրջաններ՝ ներառյալ ալ-Ջուֆրան: Այս շրջաններում Լիբիայի ազգային համաձայնության կառավարության օժանդակությամբ իր ազդեցությունը տարածելու համար Թուրքիան, կարծես թե, չի պատրաստվում որևէ զիջումների գնալ: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով, եթե Հաֆթարը հրադադար է ցանկանում, ապա պետք է ահնապաղ դուրս գա այդ շրջաններից:  Նշենք, որ Սիրթ - ալ-Ջուֆրա տարածքը հանդիսանում է դարպաս դեպի Լիբիայի, այսպես կոչված, նավթային կիսալուսնի շրջան… Դա է պատճառը, որ Թուրքիան ցանկանում է ամեն գնով օգնել Ֆաիզ ալ-Սարաջի ստորաբաժանումներին իրականացնել իր նպատակները:

Սակայն հարկ է նշել, որ այդ նպատակների իրականացումն ուղիղ սպառնալիք է հանդիսանում Եգիպտոսի համար: Խնդիրն այն է, որ Սիրթ քաղաքը Եգիպտոսից գտնվում է ընդամենը 900 կմ հեռավորության վրա, և ընդհանուր առմամբ Եգիպտոսը Լիբիայի հետ ունի 1200 կմ սահման: Իսկ այդ սահմանի՝ ահաբեկչական ապստամբների և թուրքամետ իսլամիստների վերահսկողության տակ անցումը անթույլատրելի է Եգիպտոսի համար:

Հենց այս շրջադարձի հետևանքով էլ Եգիպտոսը հայտարարեց Լիբիա զորքեր ուղարկելու և հակամարտությանն ուղղակիորեն միջամտելու հավանականության մասին: Եգիպտոսի իշխանությունների խոսքով, Սիրթն ու ալ-Ջուֆրան իրենց երկրի համար այն կարմիր գծերն են, որոնք վերջիններս թույլ չեն տա հատել:

«Ցանկացած ուղղակի միջամտություն Եգիպտոսի կողմից այժմ ձեռք է բերել միջազգային լեգիտիմություն: Այս իրավունքը հիմնված է Եգիպտոսի սահմանները ահաբեկչական խմբավորումներից պաշտպանելու անհրաժեշտության վրա»,- ասել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին՝ կոչ անելով բանակին պատրաստվել արտերկրում գործողություններին…

Սակայն հարկ է նշել, որ այս փուլում Թուրքիա-Եգիպտոս բաց առճակատումը դեռևս իրատեսական չէ: Թե ինչ զարգացումներ տեղի կունենան երկու երկրների հարաբերություններում, կախված է Սիրթ-ալ-Ջուֆրա շրջաններում տեղի ունենալիք իրադարձություններից:

 

Հակաթուրքական դաշինք

Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերություններում լարվածությունը կապված է նաև Էգեյան ծովում ու Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի սադրիչ գործողությունների հետ: Անկարան արդեն մեկ տարի է նավթի և գազի հորատման աշխատանքներ է իրականացնում Կիպրոսի բացարձակ տնտեսական գոտում, բացի այդ վերջինս նաև հունական կղզիների մոտ ածխաջրածիններ արդյունահանելու հավականություններ է ներկայացրել:

Հունաստանի բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ Թուրքիայի նկրտումներն ավելի մեծ թափով սկսվել են դեռևս 2019թ.-ին: Անցած տարի դեկտեմբերին Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև ստորագրվեց ոչ միայն ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, այլ նաև ծովային սահմանների վերաբերյալ բավականին հետաքրքիր փոխըմբռնման հուշագիր:

Այդ հուշագրի բուն տեքստը մինչ այսօր հրապարակված չէ: Սակայն թուրքական մամուլում հայտնված քարտեզից պարզ է դառնում, որ, ըստ հուշագրի, կողմերը մերժում են Հունաստանի՝ Միջերկրական ծովում բացառիկ տնտեսական գոտու զգալի մասի իրավունքը: Փաստացի ստացվում է, որ հունական բացառիկ տնտեսական գոտու զգալի մասը, ըստ Թուրքիա-Լիբիա հուշագրի, առանց Հունաստանի հետ համաձայնեցնելու, անօրինական ձևով պետք է անցնի Թուրքիային:

Թուրքիայի այս սադրիչ գործողությունները բավականին մեծ խնդիրներ են ստեղծում ոչ միայն Հունաստանի ու Կիպրոսի համար, այլ նաև Արևելյան Միջերկրական այլ երկրների՝ մասնավորապես Եգիպտոսի և Իսրայելի համար: 

Ուստիև, Թուրքիայի ագրեսիվ պահվածքին դիմակայելու նպատակով Եգիպտոսը հայտնեց Լիբիայում և Միջերկրական ծովում Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին։ Հնգակողմ դաշինքի համատեղ հայտարարության համաձայն՝ այն կենտրոնանալու է Կիպրոսի տարածքային ջրերում թուրքական ապօրինի հորատման աշխատանքներին դիմակայելու վրա, ուշադրության կենտրոնում է պահելու Թուրքիայի հնարավոր մասնակցությամբ Լիբիայում ընթացող ռազմական գործողությունները, ինչպես նաև Տրիպոլիում Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարության» և Թուրքիայի միջև 2019 թ. վերջին վավերացված Միջերկրական ծովում «Ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ» և «Անվտանգության և ռազմական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրերը։

Հետաքրքրականն այն է, որ չի բացառվում, որ Թուրքիայի ապօրինի գործողությունների շարունակումը կարող է հանգեցնել դաշինքի ռազմականացմանը։

 

Թուրքիա-Հունաստան

Աթենքը չի ցանկանում նոր ռազմական հակամարտություն Անկարայի հետ, բայց պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը: Այս մասին ասել է Հունաստանի պաշտպանության նախարարը:

Պատճառը, որ այսօր Հունաստանն ու Թուրքիան կանգնած են պատերազմի շեմին միգրանտներն են ու Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից նավթի և գազի նկատմամբ նկրտումները:

Միգրանտների հարցով Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը սկսեց այն բանից հետո, երբ այս տարվա փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփը հայտարարեց, որ այլևս չի կարողանում զսպել ապօրինի փախստականների հոսքը և վերջիններիս համար բացեց սահմանները դեպի ԵՄ: Մինչ օրս Թուրքիան հրաժարվում է զսպել Սիրիայից ժամանած միգրանտներին, որոնք փորձում են Հունաստանով մուտք գործել Եվրոպական միություն: Իսկ Աթենքն, իր հերթին, հրաժարվում է ընդունել միգրանտներին, ինչն էլ լարվածություն է ստեղծում Թուրքիայի և Հունաստանի սահմանին: Դրա հետևանքով պարբերաբար բախումներ են տեղի ունենում թուրք և հույն սահմանապահների միջև:

Թուրք-հունական հարաբերություններում լարվածությունն էլ ավելի սրվեց, երբ վերջերս թուրքական մամուլում տեղեկատվություն տարածվեց առ այն, որ թուրքական Turkish Petroleum ընկերությունը հայտ է ներկայացրել՝ Հունաստանի վերահսկողության տակ գտնվող մայրցամաքային շելֆի տարածքում նավթի և գազի հորատման աշխատանքներ սկսելու համար: Այս քայլով, կարելի է ասել, որ Թուրքիան հատեց բոլոր կարմիր գծերը…

Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շտապեց հայտնել, որ իրենք պատրաստ են ոչնչացնել իրենց արհամարհողներին: Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարեց, որ հանուն իրենց ինքնիշխան իրավունքների պաշտպանության՝ հույները ամեն ինչի պատրաստ են, այդ թվում՝ ռազմական գործողությունների Թուրքիայի դեմ։ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասին էլ, իր հերթին, նշեց, որ սա ևս մեկ քայլ է Թուրքիայի կողմից «հունական ինքնիշխան իրավունքները յուրացնելու» համար:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն էլ թուրքական սադրանքների հետ կապված նամակ ուղարկեց Եվրամիության ղեկավարությանը՝ նշելով, որ Թուրքիայի կողմից հնարավոր էսկալացիան ոչ թե միայն հանգեցնելու է Հունաստան-Թուրքիա, այլ Թուրքիա-ԵՄ ճգնաժամի:

Սակայն հարկ է նշել, որ նույն միգրանտների խնդրից ելնելով, այդքան էլ իրատեսական չէ, որ ԵՄ-ն մեկ միասնական որոշմամբ բաց առճակատման կգնա Թուրքիայի դեմ…

 

Թուրքիա-Հայաստան

Վերջին շրջանում Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքականությունից անմասն չեն մնում նաև Հայաստանն ու Արցախը:  Թուրքիան ջանքեր է գործադրում ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության հարցում առավել ակտիվ դերակատարություն ունենալու համար, այլ նաև էլ ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Թուրք իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունը Ղարաբաղի հարցով վերջին շրջանում հասել է այն կետի, որ Թուրքիայի արտգործնախարարի շուրթերից հնչում է այնպիսի հայտարարություն, որ ինչպես էլ Ադրբեջանը ցանկանա լուծել Ղարաբաղյան խնդիրը, Թուրքիան շարունակելու է աջակցել նրան:

Ինչ վերաբերվում է Հայոց ցեղասպանության հարցին, ապա այստեղ ուշագրավ է օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել են «համապարփակ քայլեր»՝ կանխելու այն հայկական կառույցների գործունեությունը, որոնք իրենց քայլերով նպաստում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ավելին, թուրքական Hurriyet Daily պարբերականում հրապարակված հոդվածում, որը թարգմանվել է գիտնական Նուրհան Բեսիդյանի կողմից, և հայաստանյան մամուլին հասանելի է դարձել Քլարկ համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ամբիոնի պրոֆեսոր Թաներ Աքչամի կողմից, նշվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նիստի ժամանակ, ըստ էության, հրահանգել է նաև ստեղծել «նոր անկախ և հասարակական մարմին» , որի միակ նպատակը կլինի Հայոց ցեղասպանությունը ժխտելը, ինչը, ըստ Էրդողանի, Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկն է:

Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության ենթատեքստում հետաքրքրական է նաև շվեդական «Nordic Monitor» հետազոտական կենտրոնի կողմից Հայաստանի վերաբերյալ հրապարակված հերթական փաստաթուղթը, ըստ որի՝ Թուրքիան Հայաստան ներխուժելու ծրագրեր է մշակել: Համապատասխան գաղտնի փաստաթուղթը հայտնաբերվել է 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին գործի նյութերում: Քննիչը փաստաթուղթը դատարան է ներկայացրել տվյալ գործի շրջանակում, և այն հայտնվել է հետաքննության հետ կապված էլեկտրոնային նամակների և այլ թղթերի մեջ։ Փոստը հավաքվել է նաև գլխավոր շտաբի աշխատակիցների համակարգիչներից, որտեղից էլ, հավանաբար, գաղտնի փաստաթղթի արտահոսք է եղել:

Հայաստան ներխուժելու պլանները կրում են «TSK Altay Harekât Planlama Direktifi» անունը: Սակայն այդ փաստաթղթում Հայաստան ներխուժելու վերաբերյալ հատուկ մանրամասներ չկան, քանի որ այս տեղեկատվության կարգավիճակը «հույժ գաղտնի» է, և այն չի փոխանցվել էլեկտրոնային փոստի ներքին ցանցի միջոցով, այլ փոխանցվել է՝ կապի հատուկ համակարգերի միջոցով: Չնայած այդ  փաստաթուղթը թվագրվում է 2000 թվականի օգոստոսի 15-ին, այնուամենայնիվ, ըստ Nordic Monitor-ի զեկույցի, չի բացառվում, որ Հայաստանի նկատմամբ այդ ծրագիրը թարմացվել է և դեռ ուժի մեջ է գտնվում…

Իհարկե, ռազմական մշակված ծրագիր ունենալը դեռ չի նշանակում ունենալ մտադրություն այն կյանքի կոչելու, սակայն Թուրքիայի վերջին շրջանի տարածաշրջանային ագրեսիվ քաղաքականությունը հաշվի առնելով, Հայաստանը զգոնությունը թուլացնելու իրավունք չունի: ՀՀ իշխանությունները պետք է ունենան մշակված հստակ ծրագիր Թուրքիայի քայլերին ժամանակին հակազդելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: