ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-ադրբեջանական «փոխհրաձգություն» ԱՄՆ օրենսդիր մարմնում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց Արցախում հումանիտար ականազերծման համար օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունների նախագիծը, որը ներկայացվել էր  կոնգրեսական Ջեքի Սփիերի կողմից: Այն նախատեսում է 1,4 մլն դոլարի աջակցություն տրամադրել Արցախին՝ շարունակելու HALO Trust-ի՝ կյանքեր փրկող ականազերծման աշխատանքները:

Նշենք, որ չնայած անցած տարի ԱՄՆ վարչակազմը որոշում էր կայացրել դադարեցնել Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, այնուամենայնիվ, ամերիկայի հայկական կառույցները շարունակեցին իրենց պայքարը ծրագրի ֆինանսավորումը վերականգնելու ուղղությամբ, որի արդյունքում էլ այդ առաջարկն ընդգրկվեց Ներկայացուցիչների պալատի՝  2021թ.-ի Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում:

Սակայն այս փոփոխության նախագծին հասնելը բավականին դժվար է եղել: Ընդամենը օրերս ԱՄՆ Կոնգրեսի թուրքական ու ադրբեջանական հանձնախմբերի համանախագահ Սթիֆ Քոհենը և Տեխասից կոնգրեսական Հենրի Կուելարին, շրջանառության մեջ դնելով փոփոխությունների նախագիծ,  փորձում էին ամեն գնով արգելափակել Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները: Ըստ նրանց առաջարկած փոփոխության, նախատեսվում էր, որ Հատկացումների օրենքով տրամադրվող միջոցները չպետք է օգտագործվեն կամ պարտադիր չպետք է լինեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համար՝ Ղարաբաղում ականազերծում իրականացնելու հարցում:

Սակայն, Հայ դատի հանձնախմբի ջանքերով հնարավոր է եղել ոչ միայն կասեցնել շրջանառության մեջ գտնվող հակահայկական այդ փոփոխությունների առաջարկն, այլ ավելին, ճանապարհ է հարթվել Արցախում ականազերծման ծրագրի համար օգնություն տրամադրելու փոփոխությունների նախագծի համար:

Սակայն այս փոփոխությունների առաջարկը միակը չէ: Այսպես օրինակ, բացի Արցախի ականազերծման ծրագրից, Ներկայացուցիչների պալատի կողմից Ազգային պաշտպանության հատկացումների մասին 2021թ.-ի օրինագծում օրերս հաստատվեց նաև Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջարկը։ 

Հասկանալու համար, թե դրանք ինչ առաջարկներ են և իրենցից ինչ են ներկայացնում, նախ անդրադառնանք նրան, թե ներկայումս ինչ է կատարվում ԱՄՆ Կոնգրեսում: 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայումս ընթանում է 2021թ.-ի Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծի ընդունման քննարկումները, որի կիզակետում, կարելի է ասել, Արցախին և Ադրբեջանին վերաբերվող  փոփոխությունների առաջարկներն են: Հայ դատի հանձնախումբը ներկայումս ակտիվ աշխատանք է տանում հայկական օրինագծերի ընդունման համար, իսկ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը փորձում է ամեն գնով առաջ քաշել հակահայկական նախաձեռնություններ:  

Նշենք, որ ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսը հունիս-հուլիս ամիսներին հաջորդ տարվա համար ընդունում է Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագիծ, որում ներառվում է նաև ԱՄՆ կողմից տարբեր երկրներին տրամադրվող օգնության նախագծեր: Տարբեր կոնգրեսականներ կարող են ներկայացնել տարբեր առաջարկներ, որոնք քննարկվում են համապատասխան հանձնաժողովներում, այնուհետև՝ հաստատվում Ներկայացուցիչների պալատի կողմից: Ահա, այդպիսի սկզբունքով են Արցախին և Ադրբեջանին վերաբերվող փոփոխությունները ներկայացվել: 

Սակայն հարկ է նկատել, որ առաջարկված փոփոխությունները դեռևս վերջնական տարբերակը չեն:

ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝   Ազգային պաշտպանության հատկացումների մասին մեկ այլ օրինագիծ էլ առանձին պետք է ներկայացնի Սենատը: Ամերիկայի հայ դատի փոխանցմամբ՝ Սենատի այդ առանձին օրինագիծը ներկայացվելու է մոտակա օրերին: Երկու պալատների ընդունած վերջնական օրինագծերն այնուհետև անցնելու են հաջորդ փուլ, որի ժամանակ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի անդամների միջև տեղի է ունենալու համաձայնեցման գործընթաց: Օրինագծերի խնդրահարույց  կետերը համաձայնեցնելուց հետո այն մեկ ընդհանուր փաթեթով  կրկին դրվելու է վերջնական քվեարկության, որն էլ հավանաբար, տեղի կունենա այս տարվա նոյեմբերին: Սենատի կողմից վերջնական քվեարկությունից հետո օրինագիծն այնուհետև ուղարկվելու է ԱՄՆ նախագահին՝ ստորագրության համար:

Հարկ է նշել, որ Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը շարունակելու փոփոխությունների առաջարկից բացի Հայաստանի և Արցախի համար բավականին կարևոր է նաև Ֆրենկ Փալոնի առաջարկը: 

Վերջնական հաստատում ստանալուց հետո Փալոնի առաջարկած փոփոխությամբ ոչ ուշ, քան 120 օր հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, պետքարտուղարության հետ միասին, պարտավորվելու է զեկույց ներկայացնել Կոնգրեսին՝ պաշտպանության նախարարության՝ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի 333-րդ կետով ԱՄՆ կողմից 2017թ.-ից մինչև 2020թ.-ը ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների զորամիավորումների մասին, որոնց նկատմամբ առկա է կասկած, որ նրանք խախտել են միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների դրույթները ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ դրա ընթացքում: Զեկույցը կներառի նաև մարդու իրավունքների բարելավմանն ուղղված առաջարկություններ, որոնք կնպաստեն այս տեսակի խախտումների կանխմանը: 

Չնայած նրան, որ փոփոխությունների առաջարկում կոնկրետ չի նշվում Ադրբեջանի կողմից արված խախտումների մասին, այնուամենայնիվ, այն իր անմիջական ազդեցությունն է ունենալու ադրբեջանական իշխանությունների վարած ագրեսիվ քաղաքականության վրա: Այդ մասին է վկայում Փալոնի արած հայտարարությունն առ այն, որ օրենսդրական փոփոխության ընդունումը կարևոր է, քանի որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի անվտանգությանը և ինքնիշխանությանը:

«Միացյալ Նահանգները վաղուց կանգնած են որպես փարոս յուրաքանչյուրի իրավունքների համար՝ անկախ ռասսայից, կրոնից, ազգությունից: Սակայն մենք պետք է վստահ լինենք, որ ամերիկյան արտաքին օգնությունը չի հակասում մեր արժեքներին ինչպես տանը, այնպես էլ դրսում: Այս փոփոխությունը հատկապես կարևոր է այժմ, քանի որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի անվտանգությանը և ինքնիշխանությանը` Տավուշի մարզում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ ձեռնարկվող հարձակումներով»,- նշել է հայկական հանձնախմբի համանախագահն իր գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Վերջինս նաև ընդգծել է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված վիճակը՝ նշելով, որ եթե որևէ երկիր խախտում է մարդու իրավունքները, ապա չպետք է ստանա հոդված 333-ով նախատեսվող ֆինանսավորումը:

Նշենք, որ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետի շրջանակում ԱՄՆ-ն ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին 2018 թվականից սկսած: Այդ որոշումը բազմիցս քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը, սակայն, ի պատասխան այդ քննադատության, ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակաբար պնդել է, որ Ադրբեջանին ռազմական օգնությունը բխում է ԱՄՆ-ի շահերից, քանի որ նպաստում է ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը և չի սպառնում Հայաստանին:

Սակայն, հարկ է նկատել, որ եթե Փալոնի առաջարկած այս փոփոխությունը հաստատվի, ապա այն կարող է, այնուամենայնիվ, հիմք հանդիսանալ Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար:

Հետևաբար, հաշվի առնելով Հայաստանի և Արցախի համար այս երկու հարցերի (և՛ ականազերծման վերականգնումը, և՛ Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելը) կարևորության աստիճանը, ապա Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադրած ջանքերից զատ, նպատակահարմար կլինի, որ ՀՀ իշխանություններն էլ, իրենց հերթին, տարբեր դիվանագիտական խողովակներով հետևողական աշխատանքներ իրականացնեն այս փոփոխության վերջնական հաստատմանը հասնելու համար…

Սակայն, միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Սփյուռքի մեր կառույցներն ու ՀՀ համապատասխան մարմինները ոչ միայն պետք է պայքարեն այս փոփոխության հաստատման շուրջ, այլ նաև լուրջ ու հետևողական աշխատանքներ պետք է իրականացնեն այդ նույն փաթեթում ԱՄՆ Կոնգրեսի թուրքական ու ադրբեջանական հանձնախմբերի կողմից առաջարկված հակահայկական նախագծի դեմ:

Ընդհանուր առմամբ,  Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում Ադրբեջանին և Արցախին վերաբերող մի քանի փոփոխություն է առաջարկված եղել (Փալոնի առաջարկը ներառյալ): Դրանցից մեկը (կոնգրեսական Բրեդ Շերմանի կողմից առաջարկված) վերաբերում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պաշտպանական փոխանցումների նկատմամբ խստացումների և սահմանափակումների կիրառմանը, մինչդեռ մյուսով (կոնգրեսական Ջեքի Սփիըրի կողմից առաջարկված) նախատեսվում էր վերականգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնության հավասարությանը:  Սակայն այս երկու փոփոխությունները համապատասխան հանձնաժողովում քննարկվելուց հետո չեն ներառվել Ներկայացուցիչների պալատի վերջնական օրինագծում: 

Մինչ դրանք մերժվել են, դրանց փոխարեն ստորին պալատի կողմից հաստատվել և նույն ընդհանուր փաթեթի մեջ է ներառվել ԱՄՆ Կոնգրեսի թուրքական ու ադրբեջանական հանձնախմբերի համանախագահների կողմից ներկայացված հակահայկական փոփոխությունների մեկ առաջարկ:

Այն վերաբերվում է Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակին: Այն հաստատվելու դեպքում նախատեսվում է, որ ոչ ուշ քան 180 օր հետո ԱՄՆ պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին պետք է զեկույց ներկայացնի Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ, որը պետք է ներառի հետևյալի գնահատումը.

  1.  Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների անօրինական կերպով օկուպացված շրջաններից:
  2. 1991 թվականից սկսած Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից անօրինական կերպով օկուպացված շրջաններում սպանված քաղաքացիների թիվը:

Հետաքրքրականն այն է, որ  թուրքական ու ադրբեջանական հանձնախմբերի համանախագահ, կոնգրեսականներ Սթիվ Չաբոտի և Սթիվ Քոհենի կողմից առաջ քաշված այս փոփոխության առաջարկը վնաս է հասցնում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի շահերին:  Փոփոխության մասին Սթիվ Չաբոտի գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ «օկուպանտ» է համարվում ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ռուսաստանը: Դրանում մասնավորապես նշվում է, որ «Ռուսաստանը ներխուժել է Վրաստան 2008-ին, իսկ 2014-ին ՝ Ուկրաինա, ինչպես նաև երկար ժամանակ զորքեր է պահել Մերձդնեստրում ՝ Մոլդովայից անջատված տարածքում, իսկ Հայաստանը գրավել է Լեռնային Ղարաբաղը, որը միջազգային հանրության կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս»:

Ավելին, Չաբոտն, անձամբ մեկնաբանելով իր առաջարկը, մասնավորապես նշել է. «Վլադիմիր Պուտինը երբեք չի ընդունել Խորհրդային Միության տապալումը և կանոնավոր կերպով փորձել է ազատություն սիրող հարևաններին իր վերահսկողության տակ առնել: Ահա թե ինչու ես երկար ժամանակ աշխատել եմ պայաքարել Ղրիմի բռնազավթման և նրա կողմից Արևելյան Ուկրաինա ու Վրաստան ներխուժելու դեմ: Այս փոփոխությունն աշխարհին ցույց կտա այն քաղաքացիական ազդեցությունը, որը նրա զորքերն են գործադրում Արևելյան Եվրոպայում մեր գործընկերների վրա»…

Հակահայկական այս բանաձևը բավականին մտահոգիչ է, սակայն, ինչպես արդեն նշեցինք, այն վերջնական քվեարկության է դրվելու այս տարվա նոյեմբերին, ուստի՝ ՀՀ իշխանությունները բավականաչափ ժամանակ ունեն Սփյուռքի հայկական կառույցների հետ միասին դրա դեմ միահամուռ ուժերով պայքարելու համար:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: