ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազգային անվտանգության ռազմավարությունում չկա հարևան երկրների հետ հարաբերությունների հստակ տեսլական և օրակարգ

2020 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Անվտանգության խորհուրդն ընդունեց Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Ցանկացած երկրի՝ այդ թվում նաև Հայաստանի դեպքում անվտանգության ռազմավարարությունը հանդիսանում է շատ կարևոր և առանցքային փաստաթուղթ, քանի որ ամրագրում է անվտանգային, արտաքին, ներքին, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները, երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու և դրանք հաղթահարելու ուղիները: Եվ չնայած փաստաթղթի նման կարևորությանը՝ այն ընդունվել է առանց պատշաճ մակարդակով հանրային քննարկումներ անցկացնելու:

Նոր փաստաթղթի հետ կապված մյուս մտահոգությունը վերաբերում է կառուցվածքին և բառակազմին: Պետք է նկատել, որ անվտանգության նոր ռազմավարությունը չունի նման փաստաթղթերին բնորոշ համակարգային կառուցվածք և բառակազմ, ինչը փաստաթղթին որոշակի անլրջություն է հաղորդում, իսկ երբեմն էլ խառնաշփոթ առաջացնում:

Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը՝ մասնավորապես դրանում արտաքին քաղաքականությանը վերաբերյալ անդրադարձերին, ապա այստեղ կարիք կա դիտարկելու արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն առանձին-առանձին՝ հասկանալու թե ուղղություններց յուրաքանչյուրի դեպքում մեր մոտեցումներում ինչ փոփոխություններ են ամրագրվել նոր փաստաթղթում և որքանով են դրանք ամրապնդում մեր դիրքերը: Այս նպատակով անհրաժեշտ է նաև դիտարկել 2007 թվականին ընդունված նախկին ռազմավարությունը:

Այսպես, չնայած հարևան Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու կարևորության մասին Հայաստանի գործող իշխանության հայտարարություններին՝   հուլիսի 10-ին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ վերջիններիս հետ հարաբերությունների կարևորությունը որևէ կերպ ատացոլված չէ:

Այսպես, ռազմավարության մեջ ամրագրվում է, որ §Հայաստանի համար մեծ կարևորություն ունի կայունությունը հարևան Վրաստանում և Իրանում: Հիմնվելով Վրաստանի և Իրանի հետ մեր փոխշահավետ, առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների վրա՝ Հայաստանը զարգացնելու է արդյունավետ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով՝ միաժամանակ զերծ պահելով այդ հարաբերությունները աշխարհաքաղաքական կողմնակի ազդեցություններից¦:

Եվ սա միակ անդրադարձն է Իրանի և Վրաստանի հետ հարաբերություներին: Մեզ համար և՛ Վրաստանի, և՛ Իրանի հետ հարաբերությունները կարևոր են յուրովի և դրանք մեկ միասնական կետով դիտարկելն առնվազն կոռեկտ չէ: Մենք չենք կարող ունենալ լրիվ նույն օրակարգը, նույն մոտեցումներն այդ երկրների հետ հարաբերությունների զարգացման համար:

Ինչ վերաբերում է այդ երկրների հետ հարաբերությունների զարգացման մեր մոտեցումներին, ապա ռազմավարության մեջ դա արտահայտվում է շատ ընդհանրական ձևակերպումներով: Սա կարող է մեկնաբանվել այդ երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում մեր մոտ տեսլականի բացակայությամբ:

2007 թվականին ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը փոխելու անհրաժեշտությունն իշխանությունը և փորձագիտական որոշ շրջանակներ բացատրում են այս տարիներին տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխություններով, որոնք Հայաստանի համար նոր մարտահրավերներ և հնարավորություններ են առաջացրել, ինչը նախկին ռազմավարությունն արդեն կարող էր չարտացոլել: Սակայն այդ փոփոխությունները որևէ կերպ չեն արտացոլվել Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների մեր տեսլականի վրա: Ըստ էության, տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխություններն արտահայտվում են հարաբերություններն «աշխարհաքաղաքական ազդեցությունների զերծ պահելու» և «հարավկովկասյան տարածաշրջանի վրա ազդող ռազմաքաղաքական դաշինքների և դրանց մաս կազմող երկրների միջև տարաձայնությունների հնարավոր խորացման մասին» մտահոգություն արտահայտող ձևակերպումներում միայն:

Ռազմավարության մեջ որևէ անդրադարձ չկա օրինակ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալու արդյունքում Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների որոշակի վերանայմանը: Այս հանգամանքն էական նշանակություն ունի երկու երկրների հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում՝ առավել ևս հաշվի առնելով, որ Հայաստանի նախաձեռնությամբ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրվել էր ազատ առևտրի համաձայնագիր, իսկ Վրաստանը Եվրոպական միության հետ ունի ասոցացման համաձայնագիր:

Որևէ անդրադարձ չկա նաև ոլորտներին և ծրագրերին, որոնք Հայաստանը գերակա է դիտում երկրներից յուրաքանչյուրի դեպքում, տարածաշրջանային համագործակցության հնարավոր ձևաչափերին և այլն:

Ի դեպ, 2007 թվականին ընդունված ռազմավարության մեջ առանձին անդրադարձ կան նաև մեր մյուս հարևաններին՝ Ադրբեջանին և Թուրքիային, ինչը ցույց է տալիս Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության տեսլականի ավելի լայն լինելը և այդ երկրների հետ հարաբերությունները միայն կոնֆլիկտներով չպայմանավորելը:

Ազգային անվտանգության ռազմավարությունը միայն ներքին օգտագործման փաստաթուղթ չէ, այն աշխարհին և գործընկերներին փոխանցում է երկրի հիմնական ուղերձներն ու օրակարգը: ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությամբ հարևան երկրներից յուրաքանչյուրին  և վերջիններիս հետ հարաբերությունների մասով աշխարհին հղվող ուղերձները որևէ կերպ նպաստավոր չեն այդ երկրների հետ հարաբերությունների զարգացման և մեր տարածաշրջանային դերակատարման մեծացման տեսանկյունից: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: