ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազգային անվտանգության ռազմավարություն. ուժային կետրոնների հետ հարաբերությունների վերաբերյալ ձևակերպումները տարընթերցումների տեղիք են տալիս

2020 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Անվտանգության խորհուրդն ընդունեց Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Ցանկացած երկրի՝ այդ թվում նաև Հայաստանի դեպքում անվտանգության ռազմավարարությունը հանդիսանում է շատ կարևոր և առանցքային փաստաթուղթ, քանի որ ամրագրում է անվտանգային, արտաքին, ներքին, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները, երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու և դրանք հաղթահարելու ուղիները: Եվ չնայած փաստաթղթի նման կարևորությանը՝ այն ընդունվել է առանց պատշաճ մակարդակով հանրային քննարկումներ անցկացնելու:

Նոր փաստաթղթի հետ կապված մյուս մտահոգությունը վերաբերում է կառուցվածքին և բառակազմին: Պետք է նկատել, որ անվտանգության նոր ռազմավարությունը չունի նման փաստաթղթերին բնորոշ համակարգային կառուցվածք և բառակազմ, ինչը փաստաթղթին որոշակի անլրջություն է հաղորդում, իսկ երբեմն էլ խառնաշփոթ առաջացնում:

Փաստաթղթին վարչապետի ուղերձը կցելն իր հերթին տարընթերցումների տեղիք է տալիս. անհասկանալի է՝ ուղերձը պաշտոնապես դիտվում է որպես ռազմավարության մա՞ս, թե՞ ոչ: Եվ եթե ուղերձում տեղ գտած մտքերն ունեն նման կարևորություն, որ այն կցվում է պաշտոնական փաստաթղթին, ինչո՞ւ չեն ներառվել բուն ռազմավարության մեջ:

Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը՝ մասնավորապես դրանում արտաքին քաղաքականությանը վերաբերյալ անդրադարձերին, ապա այստեղ կարիք կա դիտարկելու արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն առանձին-առանձին՝ հասկանալու թե ուղղություններց յուրաքանչյուրի դեպքում մեր մոտեցումներում ինչ փոփոխություններ են ամրագրվել նոր փաստաթղթում և որքանով են դրանք ամրապնդում մեր դիրքերը: Այս նպատակով անհրաժեշտ է նաև դիտարկել 2007 թվականին ընդունված նախկին ռազմավարությունը:

Այսպես, ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների  և Եվրամիության հետ հարաբերություններում ի՞նչ տեսլական ունի Հայաստանը:

Եթե նախկին ռազմավարության մեջ բավականին մեծ շեշտադրում կար պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության վրա, ապա 2020 թվականին փաստաթղթում առևտրային համագործակցության ընդլանումը դիտվում է պաշտպանական և անվտանգային ոլորտներում համագործակցությունից առաջնային:

Սա միանգամայն ընկալելի կլիներ, եթե Հայաստանի համար անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում ուժերի դասավորվածության տեսանկյունից վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում տեղի ունեցած լինեին այնպիսի փոփոխություններ, որոնք օբյեկտիվորեն վերացնեին հայ-ռուսական հարաբերություններում պաշտպանական և անվտանգային ոլորտներում համագործակցությունն առաջնային դիտելու անհրաժեշտությունը: Սակայն այսօր ոչ միայն չկան նման օբյեկտիվ գործոններ, այլև Հարավային Կովկասում Թուրքիայի նկրտումները դարձել են բավականին վտանագավոր:

Բավականին հետաքրքիր համատեքստում է դիվում նաև ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը: Այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանը կարևորում է անդամ պետությունների կողմից միմյանց հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումը երաշխավորելը, կազմակերպության արդյունավետություն բարձրացնելը և կառույցի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, պաշտպանության և անվտանգության բնագավառներում ՆԱՏՕ­ի հետ մեր քաղաքական երկխոսությունը դիտվում է որպես Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացման բաղադրիչ: ԱՄՆ հետ հարաբերություններում ևս կարևորովում է ռազմաքաղաքական խորհրդակցությունների բաղադրիչը:

Ռազմական և անվտանգային ոլորտներում այս կամ այն երկրի կամ դաշինքի հետ համագործակցելը այն առանցքային հարցերից է, որն արտահայտում է երկրի արտաքին քաղաքական վեկտորը: Հեղափոխությունից հետո իշխանությունը բազմիցս  հայտարարել է, որ արտաքին քաղաքականությունում ռեվերսներ չեն նախատեսվում, սակայն նոր ռազմավարության մեջ ամրագրվում է պաշտպանական և անվտանգային ոլորտում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցության կարևորության նվազեցում, իսկ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ այդ ոլորտներում համագործակցության ավելի կարևորում, քան նախկինում էր: Ուստի, նոր ռազմավարության մեջ մոտեցման նման փոփոխությունն իշխանության կողմից հիմնավորելու կարիք ունի:

Նշենք, որ 2007 թվականին ընդունված նախկին ռազմավարության մեջ ևս ուշադրություն էր դարձվում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցությանը, սակայն խոսքը գլխավորապես պաշտպանական ինստիտուտների բարեփոխումների, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և խաղաղասիրական առաքելություններին մասնակցության մասին էր:

Ինչ վերաբերում է այլ ոլորտներում Ռուսաստանի և ԱՄՆ հետ հարաբերություների զարգացմանը ապա, ի տարբերություն նախկին ռազմավարության, նոր փաստաթղթում չկա հստակությունը, ձևակերպումները երկուսի դեպքում էլ շատ ընդհանրական են: Երկրների դեպքում, որոնցից մեկի հետ Հայաստանն ունի ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, իսկ մյուսի հետ 2019 թվականին ռազմավարական երկխոսություն է սկսել, նման մոտեցումը չի կարող տարակուսանք չառաջացնել:

Հետաքրքիր է, որ Միացյալ Նահանգների հետ համագործակցության մասին կետում խոսք չկա տնտեսական համագործակցության մասին այնինչ նախորդ փաստաթղթի մեջ կարևորվում էր Հայաստանի և ԱՄՆ միջև ընդարձակ և բազմանույթ տնտեսական համագործակցությունը:

Որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել նաև եվրոպական երկրների և ԵՄ հետ մեր հարաբերությունների օրակարգում: Ի տարբերություն նախորդ ռազմավարության ԵՄ հետ հարաբերությունների զարգացումն այլև չի դիտվում որպես Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից, թեև 2017 թվականին ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)  ստորագրումը և կիրակումը միանգամայն այլ բան է ենթադրում:

Նոր ռազմավարության մեջ  ԵՄ-ի և եվրոպական երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ կրկին շատ ընդհանրական ձևակերպում է տրված: Մեր միակ հստակ ակնկալիքը Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև մարդկանց շփումների և շարժունակության ակտիվացումն է:

Ինչ վերաբերում է եվրոպական երկրների հետ հարաբերություններին, ապա նոր ռազմավարությունը առանձնահատուկ կարևորում է Ֆրանսիայի և Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ առանց մանրամասնելու թե որ ոլորտներում է Հայաստանը փորձելու ամրապնդել այդ երկրների հետ համագործակցությունը: Ինչ վերաբերում այդ երկրների ընտրանքին, ապա եթե մենք ձգտում ենք հարաբերությունները զարգացնել Եվրոպայում մեզ համար առավել բարեկամ երկրների հետ, անհասկանալի է ինչու է նշված միայն Ֆրանսիան և Գերմանիան: Իսկ եթե այդ երկու երկրներին առանձնացվել են որպես Եվրոպայի առաջատար երկրներ, ապա անհասկանալի է, թե ինչու չենք կարևորում Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները: Ըստ էության, ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը վերջինիս հետ հարաբերությունների որոշակի վերանայման կարիք է առաջացնում: Սակայն ինչպես կարելի է ենթադրել նոր ռազմավարությունից, ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող եվրոպական այս առանցքային երկրի հետ հարաբերությունները մեծ չեն հետաքրքրում: Եվ հասկանալի չէ, թե ինչո՞ւ:

Այսպիսով, 2020 թվականին ընդունված ռազմավարության մեջ, այդ թվում նաև ուժային կետրոնների հետ հարաբերությունների վերաբերյալ, առկա ձևակերպումները, հստակ  օրակարգի և տեսլականի բացակայությունը կարող են տարընթերցումների տեղիք տալ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի և առաջնահերթությունների հետ կապված՝ ազդելով Հայաստանի ազգային և պետական շահերի առաջմղման արդյունավետության վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: