ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտին-Լուկաշենկո հանդիպում. արդյունքներն ու հիմնական ուղերձները

Russian Presidential Executive Office/Reuters

Երեկ Սոչիում տեղի ունեցան Բելառուսի և ՌԴ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որոնք չորս ժամից ավել տևեցին: Ի դեպ, սա Լուկաշենկո-Պուտին առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո:

Պուտինն աջակցություն հայտնեց սահմանադրական փոփոխություններ անցկացնելու գաղափարին, իսկ Լուկաշենկոն շնորհակալություն հայտնեց «ազնիվ ու մարդկային» կեցվածքի համար:

Քաղաքական ճգնաժամ

Բելառուսները պետք է ինքնուրույն կարգավորեն իրենց ներքին հարցերը: Սա, թերևս, ՌԴ նախագահի հիմնական ուղերձն էր Բելառուսի ներքաղաքական ճգնաժամի հետ կապված, որը ծավալվում է նախագահական ընտրություններից հետո:

Պուտինն ընդգծեց, որ ՌԴ-ն կողմ է, որ բելառուսներն ինքնուրույն, առանց դրսից հուշումների, հանգիստ երկխոսության միջոցով գլուխ հանեն այս իրավիճակից և գան ընդհանուր լուծման: «Գիտենք Սահմանադրության վրա աշխատելու ձեր առաջարկի մասին: Համարում եմ, որ դա տրամաբանական է, ժամանակին է և նպատակահարմար է»,- ասել է Պուտինը:

Հանդիպումից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի լեգիտիմ նախագահն է, և այդ երկրի բոլոր քաղաքացիները՝ անկախ նրանից, համաձայն են ընտրությունների արդյունքների հետ, թե՝ ոչ, ՌԴ համար բարեկամ երկրի քաղաքացիներ են: Նա ընդգծել է՝ ամեն ինչ պետք է իրավական դաշտում տեղի ունենա:

 «Խոսքը երկու երկրների միջև հարաբերությունների մասին է, ոչ թե Պուտինի և Լուկաշենկոյի միջանձնային հարաբերությունների: Եվ, իհարկե, Ռուսաստանի համար Բելառուսը մեշտ եղել է ամենամոտ գործընկերը, եղբայրական և բարեկամ երկիրը: Եվ մենք հույս ունենք, որ այդպես էլ կմնա»,- ասել է Պեսկովը:

Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, մանրամասն ներկայացրել է Բելառուսում տիրող իրավիճակը, ինչպես ինքն է այն տեսնում, և նշել, որ բոլոր հետխորհրդային երկրները դաս ունեն քաղելու այս ամենից: Նա խոստացել է հետաքրքիր ու կարևոր հայտարարություններ անել  ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում:

Ոչ ավել, քան ֆորմալ պարտավորությունները

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն հավատարիմ է մնալու Բելառուսի հետ առկա դաշնակցային բոլոր պայմանավորվածություններին, կատարելու է բոլոր պարտավորությունները, որպես միութենական պետություն:

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել տնտեսական համագործակցության հարցերին: ՌԴ-ն 1.5 մլրդ վարկ կտրամադրի Բելառուսին, որի մի մասն ուղղված է լինելու նախկին վարկերի վերաֆինանսավորմանը, մյուս մասը՝ նոր միջոցներ են:

Մանրամասն անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում համագործակցությանը, ՌԴ վարչապետի՝ Մինսկ կատարած այցի արդյունքների քննարկմանը: Պուտինը հանդիպումից առաջ հայտարարել է, որ առաջարկներ ունի: «Պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել, որ ոչ միայն վերականգնենք նախաճգնաժամային առևտրաշրջանառության և տնտեսական հարաբերությունների մակարդակը, այլև առաջ շարժվելու նախապայմաններ ստեղծենք»,- ասել է Պուտինը:  

«Տնտեսությունն ամեն ինչի հիմքում է: Հավատացեք, մենք միշտ ենք հավատարիմ մնացել այդ գծին (ՌԴ հետ համագործակցությանը): Իսկ վերջին իրադարձությունները մեզ ցույց տվեցին, որ պետք է ավելի սերտ լինենք մեր ավագ եղբոր հետ և ավելի սերտ համագործակցենք բոլոր հարցերով, այդ թվում՝ տնտեսական»,- ասել է Լուկաշենկոն:

Հայտարարվել է, որ Բելառուսն առաջին երկիրը կլինի, որը COVID-19-ի ռուսական պատվաստանյութ կստանա:

Ռազմական համագործակցություն

Առանձնազրույցին նախորդած ելույթում ՌԴ նախագահն ընդգծել է, որ շարունակվելու է համագործակցությունը պաշտպանական, ռազմական ոլորտում: «Ես, առաջին հերթին, նկատի ունեմ իհարկե պաշտպանական ձեռնարկությունները»,- նշել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ նույն օրը մեկնարկել են համատեղ զորավարժությունները, սակայն հատուկ ընդգծել է, որ դրանք նախապես պլանավորված են եղել և անոնս է արվել ժամանակին, իսկ զորավարժությունների ավարտից հետո ռուսական զորքերը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայր:

Լուկաշենկոն, իր հերթին, խոսել է հնարավոր արտաքին ագրեսիայի մասին: «Չլարելով շուրջը տիրող իրավիճակը՝ մենք պատրաստելու ենք մեր բանակները, որ եթե հանկարծ Աստված չանի …, հնարավոր լինի դրան հակազդել»,- ասել է նա:

 Հանդիպումից հետո Պեսկովը նշել է, որ հանդիպման ընթացքում չի քննարկվել Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցը:

 

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Լուկաշենկոն Մոսկվա այցի արդյունքում ստացավ տնտեսական հարաբերությունների խորացման, կորոնավիրուսի համավարակի հետևանքների համատեղ հաղթահարման խոստում և դրան ուղղված հստակ պայմանավորվածություններ, այդ թվում՝ 1,5 մլրդ դոլարի վարկ: Բացի այդ, ՌԴ-ն վերահաստատեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին ճանաչում է, որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ, մինչդեռ հենց այսօր ԵՄ-ն հայտարարեց ճիշտ հակառակը: Պետք է ակնկալել, որ Լուկաշենկոն մոտ ապագայում շատ ավելի զուսպ ու մեղմ կլինի Մոսկվայի հետ երկխոսության մեջ ու ճկուն՝ տնտեսական հարցերում:

ՌԴ նախագահն, իր հերթին, բավական զգուշավոր և զուսպ էր իր հայտարարություններում: Նա զերծ մնաց գնահատականներ տալուց և ամեն կերպ ընդգծեց, որ չունի անձամբ Լուկաշենկոյին աջակցելու խնդիր կամ պարտավորություն: Մոսկվայի համար Բելառուսը կարևոր է որպես դաշնակից երկիր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: