ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում. Գերագույն հոգևոր խորհուրդ

Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հանդես է եկել հայտարարությամբ։

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Արցախի Հանրապետությունը արդեն մեկ ամիս դիմակայում է Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակմանը, որին բացահայտ իր մասնակցությունն է բերում Թուրքիան՝ ներգրավելով ինչպես միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկան գրոհայինների, այնպես էլ թուրքական բանակի հատուկ ջոկատայինների և մատակարարելով գերժամանակակից մեծաքանակ զենքեր:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այս ընթացքում կիրառելով իր ողջ զինանոցը, այդ թվում և միջազգայնորեն արգելված զինատեսակները, թիրախավորում է Արցախի բնակավայրերը, նաև խնամատարական, կրթական, մշակութային և պաշտամունքային նշանակության բազմաթիվ շինություններ, ընդհուպ՝ Ստեփանակերտի ծննդատունը, ինչն աննախադեպ վարքագիծ է՝ անգամ ահաբեկչական խմբավորումների վարքագծի տեսանկյունից:

Հայրենիքի պաշտպանության սրբազան պայքարում ունենք հարյուրավոր վիրավոր և նահատակ զինվորականներ, բնակավայրերի հրետակոծության հետևանքով կան բազում վիրավորվածներ և զոհեր խաղաղ բնակչության մեջ։

Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունների համար Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև այդ ոճրագործություններին աջակցող և անմիջական մասնակից ռազմաքաղաքական մյուս գործիչները պետք է կանգնեն միջազգային դատական ատյանների առջև և պատասխանատվության ենթարկվեն իբրև մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կազմակերպիչներ։

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը, ի մասնավորի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, հավատարիմ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման սկզբունքներին, առավել գործնական, ազդեցիկ ու վճռական միջոցներ գործադրել արյունահեղության կասեցման, տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և արցախահայության ինքնորոշման և պարզապես մարդկանց կյանքի, ապրելու իրավունքի իրացման համար:

Արցախի հարցը ռազմական ճանապարհով վճռելու, արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի քաղաքականությունը վերստին փաստում է այն իրողությունը, որ Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։

Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերը՝ ուղղված մարդասիրական հրադադարի հաստատմանը և պահպանությանը, որը երրորդ անգամը լինելով, բացահայտ խախտվում է Ադրբեջանի կողմից:

Լիահույս ենք, որ Մինսկի խմբի համանախագահողների կողմից կգտնվեն արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղիներ և մարդկային անմեղ կյանքերը չեն զոհաբերվի սոսկ աշխարհաքաղաքական շահերին: Այսօր Արցախը կարիք ունի համայն աշխարհի հումանիտար աջակցության։

Աղոթում ենք, որ Տերը օրհնի Հայաստան և Արցախ մեր հայրենի երկիրը, ամենազոր Իր Սուրբ Աջի հովանու ներքո հույսով ու հավատքով զորավոր ու միասնական պահի մեր ժողովրդին և զորացնի բազուկը հայրենյաց մեր քաջարի պաշտպանների։

Թող Ամենողորմ Աստված խաղաղության մեջ պահի համայն աշխարհը՝ զերծ պատերազմի արհավիրքներից, ցավերից ու վշտերից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 4 կմ/ժ
6 C°
 
   
25.11.2020
   
26.11.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: