ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեզ վայել չէ այդ բարձունքից իջնել, թուլանալ, սահմանափակել մեր երազանքները. Վազգեն Մանուկյան

«Ես հավատում եմ Հայաստանի ու Արցախի վերականգնմանը, վերածննդին»,- ասված է  Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ամանորյա ուղերձում, փոխանցում է Panorama.am։

«Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ

Մենք միշտ Նոր տարին դիմավորել ենք տոնական սեղանով, հարազատների ժպիտով, բարեմաղթանքներով, լավատեսությամբ: Սա այդ Նոր տարին չէ: Դժվար, դաժան էր 2020 թվականը․ հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, փախստականներ, տարածքային ահռելի կորուստներ։

Մեր ազգային արժանապատվությունը ոտնահարված է։ Մեր բազմաթիվ հայրենակիցներ մխիթարություն, վաղվա հանդեպ հույս են փնտրում ու դեռ չեն գտնում։ Մենք կորցրել ենք անկախ պետականության մեր ամենամեծ նվաճումը, մեր հավաքական երազանքը՝ Արցախյան հաղթանակը: Այսօր ապահովված չեն անգամ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու ինքնիշխանությունը։

Պատերազմը հնարավոր էր կանխել: Պատերազմական գործողությունների ավարտն էլ այս տեսքը չէր ունենա, եթե սխալ ու կասկածելի որոշումներ չընդունվեին։ Տեղի ունեցածը դավաճանության, անգրագիտության, ստի և կեղծիքի հետևանք էր։ Դա փոքր մարդու մեծ վրեժն էր հայ ժողովրդից, Արցախից, Հայաստանից։

Մեր երկրում այսօր անիշխանություն է և պետական կառավարման ճգնաժամ, իսկ հասարակության տրամադրությունները կառավարվում և ուղղորդվում են սոցիալական ցանցերից դիտավորյալ կազմակերպված արհեստական օրակարգերով:

Հայրենակիցնե՛ր, 2020 թվականը ողբերգության, բայց նաև հերոսության տարի էր։ Ես խոնարհվում եմ Արցախի և Հայաստանի համար մղված մարտերում զոհված մեր քաջերի հիշատակի առջև, ցավակցում նրանց հարազատներին, համբերություն, տոկունություն մաղթում բոլորիս։

Ցավակցում եմ նաև կորոնավիրուսից մահացած մոտ 3000 մեր քաղաքացիների ընտանիքներին:

2021 թվականին մենք հսկայական անելիքներ ունենք։ Պետք է ապահովենք արժանապատիվ խաղաղություն, արդիականացնենք հայկական բանակը, ձեռք մեկնենք արցախահայությանը, տեր կանգնենք Հայաստանի սահմաններին, թույլ չտանք սոցիալ–տնտեսական կոլապս, ներդրումներ բերենք, նոր բովանդակությամբ լցնենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, արժանավայել շփվենք աշխարհի հետ, վերացնենք թույնի ու ատելության ներքին մթնոլորտը։

Ամենակարևորը՝ Հայաստանի քաղաքացիների, հայության մոտ մենք վերականգնելու ենք հավատը մեր երկրի ապագայի հանդեպ։ Այդ հավատով միայն մենք կարող ենք հաղթահարել ներկայիս դժվարությունները։ Ես տեսնում եմ, ես պատրաստ եմ ձեզ հետ անցնել այն ճանապարհը, որով մենք տեր կկանգնենք մեր երկրին, մեր արժեքներին, մեր արժանապատվությանը։

Ես հավատում եմ Հայաստանի ու Արցախի վերականգնմանը, վերածննդին։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայրենակիցնե՛ր,

Մենք հազարամյակներից եկող ժողովուրդ ենք: Մենք ականատես ենք եղել եգիպտական բուրգերի կառուցմանը, Հին Հռոմի անկմանը, քրիստոնեության տարածմանը, խաչակիրների արշավանքներին, համաշխարհային պատերազմներին: Մենք մասնակից ենք եղել այդ բոլոր իրադարձություններին՝ մեծ ներդրում կատարելով այժմյան համաշխարհային քաղաքակրթության մեջ: Մեզ վայել չէ այդ բարձունքից իջնել, թուլանալ, սահմանափակել մեր երազանքները: Մենք նորից ոտքի պետք է կանգնենք և շարունակենք առաջ գնալ:

Թող նոր՝ 2021 թվականը առողջություն, համերաշխություն և խաղաղություն բերի։ Թող լինի նոր հաղթանակների սկզբնավորման տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- նշում է Վազգեն Մանուկյանը հայ ժողովրդին ուղղված ուղերձում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    19 C°
     
    22°   
    20.05.2024
    23°  12° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: