ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կդիմի՞ արդյոք Հայաստանն այնպիսի ծրագրի, որը միտված է ՌԴ դիրքերը թուլացնելուն

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID) նախատեսում է մի շարք գործընկեր երկրներում գործարկել ծրագիր, որը վերաբերում է «տարածաշրջանային էներգիայի մատակարարման անվտանգության, հուսալիության և արդյունավետության բարելավմանը»:

Ինչպես պարզ է դառնում ծրագրի մանրամասների վերաբերյալ փաստաթղթից՝  «Ներդրումներ էներգետիկ ակտիվների զարգացման գործում» անունը կրող ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդրումներ իրականացնել էներգետիկայի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ «ջերմության և էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտներում, էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման ցանցերում, ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքներում»: Առաջարկվում է նաև հատուկ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքային առաջարկներին, որոնք զգալի ներդրումներ են պահանջում:

Այս մեխանիզմի շրջանակներում գործողությունները հիմնականում ուղղված են լինելու էական կապիտալ ներդրումներ պահանջող էներգետիկ ոլորտի ենթակառուցվածքների նախագծերի մշակմանը: Ավելի փոքր ներդրումներ պահանջող ներդրումային ծրագրերը նույնպես կքննարկվեն, եթե դրանք միտված կլինեն բարելավելու էներգետիկ ակտիվների հուսալիությունը, անվտանգությունը և արդյունավետությունը: Նշվում է, որ թիրախավորվող էներգետիկ ոլորտի ակտիվները կարող են ներառել մեծ և/կամ բաշխված ջերմության և էլեկտրաէներգիայի արտադրում, փոխանցում և բաշխման ցանցեր, ջերմամատակարարում, ջրամատակարարում և ջրահեռացում:

Էներգետիկայի ոլորտում ներդրումների ավելացմանն ուղղված գործողությունները պետք է ներառեն այն բոլոր կարևոր հարցերը, որոնք որոշում են, թե արդյոք ներդրումն ունի պոտենցիալ՝ նյութականացվելու համար:  Գործողությունները պետք է նաև ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցեն գործակալության նպատակներին` էներգիայի ռեսուրսների ներմուծումից կախվածությունը նվազեցնելու համար՝ այդպիսով սահմանափակելով օտարերկրյա կառավարությունների կամ այլ սուբյեկտների վնասակար ազդեցությունը տվյալ երկրի ներքին գործերի վրա, ինչպես նաև բարելավելով ազգային ինքնավստահությունը և դրական ազդեցություն գործելով էներգիայի մատակարարման անվտանգության վրա:

Կապալառուները պետք է որոշեն էներգետիկ ոլորտում ներդրումային նախագծերի ծավալը հետևյալ երկրներում ՝ Ադրբեջան, Ալբանիա, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Կոսովո, Մոլդովա, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա և Ուկրաինա:

Առաջին հայացքից, թվում է, թե ծրագրի նկարագրությունում ոչ մի արտառոց  կետ չկա: Սակայն հետաքրքրական է ծրագրի նպատակների հետ կապված պարբերությունը, որում մասնավորապես նշված է. « Հաշվի առնելով այն փաստը, որ Եվրոպա և Եվրասիա (E&E) տարածաշրջանը կախված է էներգետիկ ռեսուրսների (օրինակ ՝ նավթ և գազ) ներմուծումից, հիմնականում Ռուսաստանից, էներգետիկ ոլորտի ակտիվների համար ներդրումներն ուղղակիորեն կհանգեցնեն էներգիայի մատակարարման անվտանգության և հուսալիության բարելավմանը  և կնվազեցնեն էներգետիկ ռեսուրսների ներմուծման անհրաժեշտությունը…

Անվտանգ և հուսալի էներգիայի մատակարարումը դրական ազդեցություն կունենա տնտեսության զարգացման, շրջակա միջավայրի վրա և կնվազեցնի տնտեսական և քաղաքական կախվածությունը, ինչպես նաև կնվազեցնի քաղաքական միջամտությունների նկատմամբ խոցելիությունը»:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հանդիսանում 2021թ.-ի մարտի 3-ը:

Հետաքրքրականն այն է, որ 2020 թվականի սեպտեմբերին էլ Միացյալ Նահանգներն՝ ի դեմս USAID-ի, հայտարարեց Եվրամիության և գործընկեր պետությունների միջև համագործակցության ընդլայնման ծրագրեր սկսելու նպատակների մասին՝ բացահայտ նշելով, որ դրանք միտված են լինելու եվրոպական շուկայում Ռուսաստանի դիրքերը թուլացնելուն և վառելիքի մատակարարումները դիվերսիֆիկացնելուն:

Փորձենք հասկանալ, թե այդ ժամանակ ինչի մասին էր խոսքը գնում:

Այսպես, այդ ժամանակ հրապարկված փաստաթղթում մասնավորապես նշվում էր.

«Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությունը (USAID) նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ`ուղղված Արևելյան Եվրոպայի երկրների էներգետիկ անվտանգության ապահովմանը: Այդ նպատակներին հասնելու համար USAID-ն ակնկալում է չորս տարվա պայմանագիր կնքել կապալառուի հետ: Այդ պայմանագրով գործակալությունը պարտավորվում է արագ և արդյունավետորեն արձագանքել տարածաշրջանի էներգետիկ ոլորտի և կարևոր ենթակառուցվածքների հետ կապված գործընկեր երկրներից ստացված խնդիրներին և օգնության խնդրանքներին: Մասնավորապես, նախատեսվում է համագործակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Սերբիայի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոլդովայի և Կոսովոյի հետ:

Տվյալ ծրագրերն ուղղված են նվազեցնելու տարածաշրջանի կախվածությունը «վնասակար դերակատարների» կողմից վերահսկվող աղբյուրներից»:

Միջանկյալ նշենք որ երբ ուսումնասիրում ենք USAID-ի պաշտոնական էջում տեղադրված «Հակազդելով  Կրեմլինի վնասակար ազդեցությունն էներգետիկ անվտանգության վրա Եվրոպայում և Եվրասիայում» վերատառությամբ փաստաթերթիկի ընդհանուր նպատակները, ապա պարզ է դառնում, որ նույնիսկ «վնասակար դերակատարներ» ասելով նկատի է առնվում առաջին հերթին Ռուսաստանը և այն, որ տվյալ կազմակերպության էներգետիկ ծրագրերը միտված են բացառապես Ռուսաստանի էներգետիկ դիրքերը թուլացնելուն…

Բացի այդ, անգամ կազմակերպության կողմից այդ ժամանակ բացահայտ ընդգծվում էր, որ «USAID-ի էներգետիկ ծրագրերի հիմքում ընկած է այն հիմնարար սկզբունքը, որ ԵՄ հարևան երկրների հետ ինտեգրումը և համագործակցությունը կօգնեն բարելավել էներգետիկ անվտանգությունը տարածաշրջանում` մատակարարների դիվերսիֆիկացման միջոցով և կնվազեցնեն Ռուսաստանի գերակայությունը եվրոպական էներգետիկ շուկայում»:

«Եթե դիվերսիֆիկացնելով մեր էներգիայի պաշարները և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև բարելավելով էներգիայի արդյունավետությունը ողջ էներգիայի մատակարարման շղթայում, մենք նվազեցնենք մեր կախվածությունը վնասակար դերակատարների կողմից վերահսկվող էներգիայի աղբյուրներից, ապա մենք կարող ենք ուժեղացնել էներգետիկ անվտանգությունը Արևելյան Եվրոպայում և Եվրասիայում, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի երկրներում », - ասվում էր փաստաթղթում:

Փաստացի ստացվում է, որ ԱՄՆ-ն այսպիսի ծրագրերով փորձում է իր ազդեցությունը տարածել տարբեր երկրների վրա:  Հաշվի առնելով  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին ելույթում արած հայտարարություններն առ այն, որ «ԱՄՆ-ն վերադարձել է և պատրաստ է վերստին իր վրա վերցնել առաջնորդությունն աշխարհում», հարկ է նկատել, որ այսպիսի ծրագրերը բավականին լավ տեղավորվում են տվյալ հայտարարությունների շրջանակներում:  Այսինքն՝ կարելի է ասել, որ այս քայլերով Ամերիկան ցանկանում է ցույց տալ, որ առաջատար ուժ է փորձում դառնալ աշխարհում և հավատարիմ է մնում իր այն ասածներին, որ ԱՄՆ-ն այլևս այլ դիրքերից է երկխոսելու Ռուսաստանի հետ:  Այլ կերպ ասած, Ռուսաստանի դիրքերն ինչ-որ չափով թուլացնելու կամ դրա իմիտացիան ստեղծելու հաշվին  ԱՄՆ-ն փորձելու է վերականգնել իր թուլացած դիրքերը:

Այստեղ սակայն հարցն այն է, թե որքանով են ներկայումս ԱՄՆ շահերի կիզակետում գտնվող երկրները պատրաստակամություն հայտնելու ընկնել միակողմանի ազդեցության տակ: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է Հայաստանին, որը հանդիսանում է այս ծրագրերի շահառու: Կդիմի՞ արդյոք Հայաստանը այնպիսի ծրագրի, որը միտված է ռազմավարական դաշնակցի  դիրքերը թուլացնելուն՝ ներկայիս իշխանությունների պարագայում թերևս մնում է անհասկանալի: Պարզ է միայն մեկ բան ՀՀ կողմից չբալանսավորված քաղաքականությունն, այն էլ այսպիսի ժամանակահատվածում հղի է լինելու բազում մարտահրավերներով:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    22°  13° 
    11.05.2024
    24°  14° 
    12.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: