ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին

Օրերս Աթենքում տեղի ունեցավ «Ֆիլիայի ֆորումի» (Բարեկամության ֆորում) առաջին հանդիպումը: Հունաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձայն՝  ֆորումին Հունաստանի կառավարության կողմից հրավիրված են եղել Կիպրոսը, Եգիպտոսը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ֆրանսիան, Հորդանանը, ինչպես նաև Իրաքը (Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ֆորումին մասնակցում էր հեռավար):

Ինչպես նշում են մասնակից երկրներն՝ այս համաժողովի նպատակն էր «բարելավել համագործակցությունն անվտանգության, առողջապահության, էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում՝ Միջերկրական ծովի արևելքից մինչև Պարսից ծոց»։  Համաժողովը հնարավորություն է ստեղծել մասնակից երկրների համար՝ ուսումնասիրելու, թե ինչպես աշխատել այս հավակնոտ նպատակին հասնելու համար: Նախևառաջ կողմերը պայմանավորվել են տարածաշրջանային համագործակցության ցանց ստեղծելու մասին, որը կկապի Մաշրիքը (արաբական աշխարհի արևելյան մասը-խմբ.) Եվրոպայի հետ: ««Ֆիլիայի ֆորումը» ծառայում է որպես վայր, որտեղ երկու տարածաշրջանների երկրներն էլ կարող են կարծիքներ փոխանակել ընդհանուր մարտահրավերների վերաբերյալ»,- ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

Քննարկվել են նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Լիբիան և Սիրիան, միևնույն ժամանակ, ֆորումը որպես հարթակ է ծառայել սիներգիայի հաստատման համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը, քաղաքացիական պաշտպանությունը և միջկրոնական երկխոսությունը:

Սակայն այս ամենից զատ, ամենակարևոր հարցը, որը քննարկվել է՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումն է եղել. խաղաղություն, որը խաթարվում է ռևիզիոնիստական ուժերի կողմից՝ մասնավորապես Թուրքիայի կողմից:

«Այնուամենայնիվ, ավելի լայն տարածաշրջանում բարգավաճումն ամրապնդելու համար մեզ անհրաժեշտ է մեկ այլ կարևոր բաղադրիչ ՝ խաղաղություն: Ցավոք, խաղաղությունը մեր տարածաշրջանում ամեն օր է խաթարվում կործանարար և ռևիզիոնիստական ուժերի կողմից: Իրենց նպատակներին հասնելու համար այդ տերությունները իրականացնում են բազմաթիվ անօրինական և իռացիոնալ գործողություններ, ինչպիսին է թուրք-լիբիական հուշագիրը: Նրանք սպառնում են կամ իրականում կիրառում են բռնություն: Նրանք գրավում են այլ պետությունների տարածքներ: Նրանք սատարում են ծայրահեղական խմբավորումներին կամ գաղափարախոսություններին, խթանում են ահաբեկչությունը, խառնվում են այլ երկրների ներքին գործերին՝ դրանով նպատակ հետապնդելով տապալել իրենց նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրված կառավարությունները: 

Հետևաբար՝ այն, ինչ այսօր միավորում է այստեղ ներկա բոլորին, անօրինական, անխոհեմ գործողությունների դատապարտումն է, որոնք խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը: Մեր նպատակն է պատվար ստեղծել ընդդեմ սպառնալիքների, բռնության, ծայրահեղականության, անհանդուրժողականության, հավատի աղավաղման, անխոհեմության: Այս տեսակետը բխում է մեր ընդհանուր սկզբունքներից, որոնք ոչ այլ ինչ են, քան ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրվածները, այն է `բարիդրացիական հարաբերություններ և վեճերի խաղաղ լուծում միջազգային իրավունքի հիման վրա»,- ասել է Հունաստանի վարչապետը…

Ֆորումից հետո ընդունվել է նաև համատեղ հայտարարություն Կիպրոսի, Եգիպտոսի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների, Բահրեյնի, Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջազգային համագործակցության պետնախարարի կողմից, որում մասնավորապես նշվում է.

Վերոնշյալ պետությունների արտգործնախարարները՝

  • 2021 թ. փետրվարի 11-ին Աթենքում հանդիպումներ են ունեցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող և հուզող հարցերի շուրջ՝ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանն ակտիվորեն նպաստելու նպատակով:
  • վերահաստատել են իրենց ընդհանուր հավատարմությունը միջազգային իրավունքին՝ ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիային (UNCLOS): Ընդգծել են հավատարմությունը դրանցում ամրագրված հիմնարար սկզբունքներին, ինչպիսիք են` ինքնիշխանության հարգումը, ինքնիշխան իրավունքները, անկախությունը և պետությունների տարածքային ամբողջականությունը, տարաձայնությունների խաղաղ լուծումը և սպառնալիքի կամ ուժի կիրառման մերժումը, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելը:
  • համընդհանուր համաճարակի ստվերում հայտնված այս կարևոր փուլում ընդգծել են համերաշխություն ցուցաբերելու և ջանքերը համակարգելու անհրաժեշտությունը, որպեսզի նվազագույնի հասցվեն առողջապահական ճգնաժամի հետևանքները տնտեսությունների վրա,
  • պատրաստակամություն են հայտնել խթանել համատեղ գործողություններ և նախաձեռնություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, նորարարությունը, թվային տնտեսությունը, քաղաքացիական պաշտպանությունը և մարդկանց հետ շփումները,
  • ուսումնասիրել են հետագա համագործակցության հնարավորությունները գիտության, գյուղատնտեսության, սննդի անվտանգության, ակադեմիական կրթության և ուսուցման, միջկրոնական երկխոսության, մշակույթի և սպորտի ոլորտներում,
  • մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խոշոր հարցերի, այդ թվում ՝ Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի, Կիպրոսի հիմնախնդրի, Սիրիայի, Լիբիայի, Եմենի և Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ:
  • համաձայնության են եկել երկխոսության և համագործակցության այս ձևաչափի վերաբերյալ, որն այսուհետ կոչվում է «Ֆիլիա ֆորում. Միջերկրական ծովից դեպի Ծոց բարեկամություն, խաղաղություն և բարգավաճում» և այսուհետ լինելու է արդյունավետ հարթակ և բաց տարածաշրջանի այլ երկրների համար, որոնք կիսում են վերոհիշյալ արժեքներն ու սկզբունքները:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ֆորումը երկու հիմնական նպատակ էր հետապնդում:  Առաջինը՝ ֆորումին մասնակցող երկրները առավել հստակ ամրագրեցին իրենց քայլերը՝ հետագայում Միջերկրական ծովից դեպի Ծոց համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու համար: Երկրորդը՝ ինչպես և սպասելի էր համաժողովի բուն էությունը կայանում էր նրանում, որ ուղիներ փնտրվեն Թուրքիայի ապակառուցողական քայլերին դիմակայելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Իզուր չէ, որ այս դաշինքը հայտնի է նաև որպես «հակաթուրքական դաշինք»: Անկարայի դեմ լարվածությունը կապված է վերջինիս կողմից Էգեյան և Միջերկրական ծովերում իրականացվող սադրիչ գործողությունների հետ: Անկարան արդեն տևական ժամանակ է նավթի և գազի հորատման աշխատանքներ է իրականացնում Կիպրոսի բացարձակ տնտեսական գոտում, բացի այդ վերջինս նաև հունական կղզիների մոտ ածխաջրածիններ արդյունահանելու հավականություններ է ներկայացնում: Թուրքիայի այս սադրիչ գործողությունները բավականին մեծ խնդիրներ են ստեղծում ոչ միայն Հունաստանի ու Կիպրոսի համար, այլ նաև Արևելյան Միջերկրական այլ երկրների համար: Ավելին, այս երկրների համար խնդրահաույց է նաև Տրիպոլիում Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարության» և Թուրքիայի միջև 2019 թ. վերջին վավերացված Միջերկրական ծովում «Ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը, որով հունական բացառիկ տնտեսական գոտու զգալի մասն առանց Հունաստանի հետ համաձայնեցնելու, անօրինական ձևով անցնում է Թուրքիային:

Նշենք, որ հակաթուրքական դաշինք ստեղծելու մասին Եգիպտոսը հայտնել էր դեռևս անցած տարի մայիսին: Այդ ժամանակ հնգակողմ դաշինքի մեջ էին մտնում Հունաստանը, Կիպրոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ֆրանսիան: Հատկանշականն այն է, որ սեղմ ժամկետներում այդ դաշինքին են միացել նաև Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Իրաքը: 

Ավելի հետաքրքրականն այն է, որ այս դաշինքի ստեղծման փաստը ողջունել էր նաև Հայաստանը: Մասնավորապես Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում Անկարայի գործողություններն անվանել էր ապակայունացնող: Երևանը հայտարարել էր, որ Թուրքիան հարևան տարածաշրջաններում ցուցաբերում է հետևողականորեն ագրեսիվ և առավելապաշտական քաղաքականություն: Հայաստանի այս հայտարարությանն անմիջապես հաջորդեց Թուրքիայի արձագանքը: Մասնավորապես, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարեց, թե «Հայաստանը կարծես իր աշխարհագրական դիրքի մասին թյուր պատկերացում ունի և խոսքը ոչ թե Սևանա լճի, այլ Արևելյան Միջերկրականի մասին է»:  Անմիջապես մամուլում տեղեկություն սկսեց տարածվել առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես ձևավորվող հակաթուրքական դաշինքի անդամ է, սակայն, ինչպես երևում է, Հայաստանը ոչ միայն անդամ չէ, այլ Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունից էլ պարզ է դառնում, որ վերջինս անգամ հրավիրված չի եղել: Եթե անգամ ընդունենք, որ այնուամենայնիվ, Հունաստանի կողմից հրավեր եղել է, սակայն այդ մասին տեղեկատվություն չի տրամադրվել, ապա միևնույն է փաստը մնում է այն, որ Հայաստանը չի մասնակցել՝ գոնե դիտորդի կարգավիճակով: Ինչպես նկատեցինք՝ ընդունված վերջնական փաստաթղթում Հարավկովկասյան տարածաշրջանին անդրադարձ էլ չկա: Հնարավոր է կարծիք ստեղծվի, որ քանի որ քննարկումները վերաբերվել են Արևելյան Միջերկրածովային տարածաշրջանին, ապա դրանով է պայմանավորված Հայաստանին չհրավիրելը և Հայաստանի՝ ֆորումին չմասնակցելը: Սակայն այստեղ կարևոր է ճիշտ հասկանալ պատճառահետևանքային կապերը: Իսկ միգուցե Հայաստանի բացակայությո՞ւնն է պատճառ հանդիսացել, որ Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Հարավային Կովկասում ոչ միայն քննարկումների առարկա չեն դարձել, այլ նաև չեն ամրագրվել ընդունված փաստաթղթում…

Թուրքիան եղել և մնում է Հայաստանի համար ամենավտանգավոր երկրներից մեկը: Դրա վառ օրինակներից մեկն էր 44-օրյա պատերազմը: Իրականում Հայաստանը, որպես թուրքական ագրեսիայի զոհերից մեկը, չպետք է հեռու մնա Թուրքիայի քաղաքականությունը դատապարտելուց: Սակայն, ինչպես երևում է, ՀՀ ներկայիս իշխանությունները Թուրքիային հակազդելու համար ինչպես չփորձեցին դաշնակիցներ փնտրել մինչև պատերազմի սկսվելը, այնպես էլ ներկայումս չեն փորձում որևէ քայլ կատարել դաշնակիցներ ձեռք բերելու միջոցով Անկարայից եկող վտանգները նվազեցնելու ուղղությամբ…

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: