ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 581,55 դրամ ԱՐԾԱԹ - 353,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 366,29 դրամ

Թուրքիայի՝ Հայաստանի առջև դռներ բացելու հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հերթական ծուղակ

REUTERS

Վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունները կարծես թե փորձում են իբրև թե խաղաղության առաջամարտիկի դեր ստանձնել:  Վերջիններս պարբերաբար ուղերձներ են հղում տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու մասին  և այդ ուղերձներն առաջին հերթին վերաբերվում են Հայաստանին: Թե ինչ բովանդակությամբ են դրանք, փորձենք պարզել ստորև:

Թուրքիայի կողմից այդ հայտարարություններն ու ուղերձները սկսեցին շրջանառվել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից անմիջապես որոշ ժամանակ անց: Մասնավորապես, դեկտեմբերի 10-ին Ադրբեջան կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ինքնաթիռում գտնվող լրագրողներին տված հարցազրույցում նշեց, որ «Ռուսաստանի ղեկավարը սատարում է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարթակ ստեղծելու Բաքվի գաղափարին (այլ կերպ ասած՝ «3+3» հարթակին), որը կարող է ներառել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և Հայաստանը»:  «Եթե Երևանը միանա այս ծրագրին, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում կարող է նոր էջ բացվել»,- նշեց Էրդողանը:

Էրդողանի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում նոր էջ բացելու այս ուղերձն այնուհետև սկսեց բավականին ինտենսիվ կերպով առաջ տանել այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:  Թուրքմեստանի ԱԳ ղեկավար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադառնալով Արցախի հարցով վերջին զարգացումներին՝ Չավուշօղլուն մասնավորապես նշեց, որ «այժմ խաղաղության, տարածաշրջանի զարգացման, վերակառուցման և կայունության համար կա հնարավորություն» և «եթե Հայաստանն էլ շարժվի այս ուղղությամբ, ապա այդ երկիրն ու իր ժողովուրդը կշահեն տարածաշրջանի կայունության և տնտեսության զարգացման հարցում»: «Ակնկալում ենք, որ Հայաստանը կգործի՝ այս ամենը հաշվի առնելով: Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք էլ կրկին Ադրբեջանի հետ միասին համակարգված ձևով դրական պատասխաններ կտանք»,-ասաց նա:

Այնուհետև ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հրապարակումից հետո Թուրքիայում սկսված հայտարարությունների «շքերթի» ժամանակ Չավուշօղլուն իր հայտարարությունում Գլխավոր շտաբի այդ քայլը ոչ միայն ռազմական հեղաշրջում անվանեց, այլ նաև զարմանալիորեն այն որպես «երկրի կայունության համար քայքայիչ քայլեր» որակեց և կրկին հիշեցրեց տարածաշրջանային խաղաղության մասին:  «Հայաստանում արված այս կոչը մեկ անգամ ևս խստորեն դատապարտում ենք: Տարածաշրջանի կայունության համար կարևոր հնարավորության պատուհան կա, որը պետք է լավ գնահատել: Միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը, հրադադարի մնայուն դարձնելը բավարար չէ: Տարածաշրջանային երկրների հետ 3+3 ձևաչափով խոսում ենք հնարավոր անելիքների մասին: Այսօրինակ հեղաշրջման փորձերը երկրի կայունության համար քայքայիչ քայլեր են, ինչի պատճառով մենք դեմ ենք»,- ասաց Չավուշօղլուն:

Այնուհետև՝ Չավուշօղլուն Ղրղզստան կատարած այցի ընթացքում թուրք-ղրղզական Մանաս համալսարանում ելույթի ժամանակ կրկին խոսեց շրջանառության մեջ դրած իր նոր թեզի մասին առ այն, որ «այժմ հնարավոր է փոխել մեր տարածաշրջանի ճակատագիրը և հաստատել մշտական խաղաղություն և կայունություն Կովկասում»:  «Մեր դուռը բաց է այս ցանկությունը (Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատում) կիսող բոլորի համար, ներառյալ՝ Հայաստանի: Հուսով ենք, որ Եվրոպայից Ասիա ձգվող մեր ժողովուրդները միասին կաշխատեն երջանկության և զարգացման համար: Քանզի մի սերունդ, որը չի կարողանում համագործակցություն ապահովել, անկախ ազգությունից, միասին կվճարի գինը: Այդ իսկ պատճառով ասում ենք՝ «հերիք է»: Եկեք առաջ նայենք, առաջ շարժվենք և պատմության մեջ հիշվենք մեր ձեռք բերած հաջողությամբ»,- ասաց Չավուշօղլուն:

Առաջին հայացքից այս հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի իշխանությունները կարծես թե փոխում են իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և փորձում են Հայաստանի հետ որոշ բարիդրացիական կապեր հաստատել: Սակայն այս ամենը միայն առաջին հայացքից… Ի՞նչ խաղաղության մասին են խոսում 20-րդ դարասկզբից (անգամ ավելի վաղ) մինչ այսօր հայատյաց քաղաքականություն վարած թուրք իշխանությունները: Ի՞նչ կայունություն է փորձում տարածաշրջանում հաստատել ագրեսիայի և ապակայունացման խորհրդանիշը դարձած երկրի ղեկավարությունը:

Իրականությունն այն է, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ երբեք չի փոխվել ու երբևէ չի էլ փոխվելու:  Բարի կամքի դրսևորման իմիտացիա ստեղծելով՝ Թուրքիան մի շարք այլ հեռահար նպատակներ է հետապնդում: Ղարաբաղյան հարցն իր ընկալումներով իբրև թե լուծված համարելով, Անկարան հիմա էլ «խաղաղարի» իմիջ ստեղծելով, փորձում է հասնել նրան, որ Հայաստանը համակերպվի Արցախի շուրջ ստեղծված նոր ստատուս քվոյի հետ, ինչպես նաև հրաժարվի Թուրքիայի համար անցանկալի մյուս հարցերից՝ մասնավորապես Ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականությունից, ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները և չներկայացնի տարածքային որևէ պահանջներ: Թուրքիայի դուռը, ինչպես նշում է Չավուշօղլուն, երբեք էլ բաց չի եղել Հայաստանի համար ու չի էլ լինելու առնվազն Թուրքիայի ներկայիս իշխանությունների օրոք: Ընդհակառակը՝ Հայաստանը շարունակում է մնալ Թուրքիայի թիվ մեկ խոչընդոտն իր հեռահար նպատակների իրագործման համար: Եվ Թուրքիայի այս իմիտացիան ոչ այլ ինչ է, քան հերթական ծուղակ:

Իսկ ի՞նչ են անում ՀՀ ներկայիս իշխանություններն այս ծուղակը շրջանցելու համար.. Պատասխանը լավագույնս տվել է ՀՀ արտգործնախարարը Թուրքիայի հետ սահմանները բացելու իր ելույթի ժամանակ…

Սակայն հարկավոր է ի գիտություն Թուրքիայի իշխանությունների պարբերաբար նշել, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ողջ հայ ժողուվուրդը չեն և ինչ դիրքորոշում էլ, որ վերջիններս ընդունեն,  հայաստանյան հասարակության մեծամասնությունը չի պատրաստվում համակերպվել պատերազմից հետո Արցախի շուրջ ստեղծված ստատուս քվոյի հետ, առավել ևս չի պատրաստվում հրաժարվել Հայոց պահանջատիրության արդար պայքարից… 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
26.09.2021
17°  30° 
27.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: