ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններ. ի՞նչ է հարկավոր միջուկային գործարքի վերականգնման համար

Reuters

Միացյալ Նահանգները պատրաստ է չեղարկել Իրանի նկատմամբ այն պատժամիջոցները, որոնք հակասության մեջ են Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարկության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

Չնայած և՛ ամերիկյան գործող վարչակազմը, և՛ Թեհրանը հայտարարում էին միջուկային գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին՝ միայն այս շաբաթ է կողմերին հաջողվել շոշափելի քայլ կատարել այդ ուղղությամբ:

Մասնավորապես, Վեննայում Իրանի և ԱՄՆ միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել ստեղծել երկու աշխատանքային խումբ, որոնցից մեկը զբաղվելու է պատժամիջոցների չեղարկման, մյուսը՝ միջուկային հարցերով: Նշենք, որ Միացյալ Նահանգների և Իրանի պատվիրակությունները միմյանց հետ ուղղակի չեն շփվել, բանակցությունները ընթացել են միջուկային գործարքի մյուս մասնակիցների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Չինաստանի միջնորդությամբ:

Ե՛վ Վաշինգտոնը, և՛ Թեհրանն ակնկալում էին, որ գործարքին վերադառնալու առաջին քայլը պետք է անի դիմացի կողմը, ինչի արդյունքում էլ առաջացել է ճանապարհային քարտեզ ունենալու անհրաժեշտություն, որը կսահմանի ԱՄՆ կողմից պատժամիջոցների չեղարկման, միջուկային գործարքով իր պարտավորությունները վերականգնելու Իրանի քայլերի հերթականությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունների սկիզբը:

Կողմերը դրա համար ունեն բավականին սահմանափակ ժամանակ: Հնարավորությունների պատուհանը բաց կլինի մինչև հունիսին Իրանում նշանակված նախագահական ընտրությունները, որտեղ կանխատեսվում է, որ հաղթանակ կտանեն ավելի կոշտ քաղաքական գծի կողմնակիցները: Ուստի, մինչև ընտրությունները Թեհրանը և Վաշինգտոնը պետք է ընդհանուր առմամբ համաձայնության եկած լինեն քայլերի հերթականության և ժամկետների վերաբերյալ, հակառակ դեպքում այս գործընթացը կարող է բավականին բարդանալ և ձգձգվել: Հենց սրանով է պայմանավորված, որ Թեհրանը կտրականապես դեմ է գործընթացը փուլային առաջ տանելուն:

Պետք է նկատենք, որ իրականում միջուկային գործարքին վերադառնալը զուտ տեխնիկական խնդիր չէ, այս ընթացքում առաջացել են բազմաթիվ հարցեր, որոնց կարգավորման համար դիվանագիտական աշխատանք է պահանջվում: Մասնավորապես, Իրանը միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման արդյունքում ունի նոր մշակումներ, որոնց հետ կապված հարցերը պետք է բանակցել, հարցեր կան նաև կապված Իրանի միջուկային օբյեկտներին  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հասանելիության շարունակականության ապահովման հետ: Միևնույն ժամանակ այսօր հարցեր կան նաև պատժամիջոցների հետ կապված: Թրամփը միջուկային գործարքից դուրս գալուց հետո ոչ միայն վերականգնել է Իրանի նկատմամբ մինչև 2015 թվականը եղած պատժամիջոցները, այլև սահմանել է նորերը, որոնց պահպանման դեպքում Իրանն առանձնապես օգուտ չի ստանա մինչև 2015 թվականը եղած պատժամիջոցների չեղարկումից:

Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ միջուկային գործարքին վերադառնալու հետ կապված երկրի ներսում ճնշումների է ենթարկվում ոչ միայն Իրանի գործող կառավարությունը, այլ նաև Բայդենի վարչակազմը: Գործարքի ընդդիմախոսերը շարունակում են պնդել, որ Իրանի նկատմամբ ճնշումները պետք է պահպանվեն՝ Թեհրանից հավելյալ զիջումներ ստանալու համար: Ընդ որում, այս հարցում Բայդենի վարչակազմը ճնշումների է ենթարկվում ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում, մասնավորապես Մերձավոր Արևելքում իր հիմնական դաշնակիցներից Ծոցի միապետությունների և հատկապես Իսրայելի կողմից, որոնց պնդմամբ այսօր Իրանը բավականին մոտ է միջուկային զենք ստանալուն:

Սակայն այստեղ պետք է նկատենք, որ խնդիրը միայն միջուկային զենքը չէ: Պատժամիջոցների չեղարկումը ենթադրում է տնտեսապես ավելի հզոր, հետևաբար տարածաշրջանում ավելի մեծ ազդեցութուն ունեցող Իրան, ինչը ևս շատ մտահոգիչ է տարածաշրջանում Իրանի հակառակորդների համար: Իսրայելն արդեն հայտարարում է իր խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին, իսկ փետրվարից պարբերաբար Իսրայելը և Իրանը հարձակումներ են գործում միմյանց պատկանող նավերի վրա: Սակայն պետք է նկատենք, որ քիչ է հավանականությունը, որ Թել-Ավիվը կգնա էլ ավելի մեծ առճակատման առանց իր գլխավոր դաշնակցի՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցման:

Այս բոլոր խնդիրներին գումարվում է Իրանի և Արևմուտքի՝ գլխավորապես Միացյալ Նահանգների միջև փոխադարձ վստահության բացակայությունը, որը մի կողմից բարդացնում է պայմանավորվածությունների ձեռքբերումը, մյուս կողմից առաջացնում է դրանք կատարելու համար հավելյալ երաշխիքներ մշակելու հարց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: