ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին դեռևս վաղ է խոսելը

Օրերս տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այցը Թուրքիա: Նպատակը՝ Անկարայի հետ լարված հարաբերությունները մեղմելու և երկկողմ կապերը սերտացնելու համար նոր ուղիներ գտնելն էր:

Նշենք, որ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները վատթարացել են հատկապես վերջին տարիներին: Այն հիմնականում պայմանավորված է Արևելյան Միջերկրական ծովում թուրքական սադրիչ գործողություններով, որի հետևանքով խախտվել են ոչ միայն Կիպրոսի, այլ նաև Հունաստանի իրավունքները ծովային գոտիներում: Ավելին, Թուրքիայում ներքաղաքական իրավիճակի հետագա վատթարացումը՝ մասնավորապես հիմնարար իրավունքների և տնտեսական կառավարման ոլորտում, ինչպես նաև փախստականների համար սահմանների բացումն ակնհայտ բացասական ազդեցություն ունեցան ԵՄ անդամ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների և ԵՄ-Թուրքիա երկկողմ օրակարգի վրա:

Հարաբերություններում լարվածությունը հասավ իր գագաթնակետին 2018թ.-ին, երբ անդամակցության բանակցությունները սառեցվեցին Թուրքիայում ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքի հարցում հետընթացի մասին Եվրամիության հայտարարությունից անմիջապես հետո:

Սակայն վերջին ամիսներին ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԵՄ կողմից պարբերաբար հնչում են տարբեր հայտարարություններ հարաբերությունները կարգավորելու համար: Մասնավորապես՝ Թուրքիայում բարձր մակարդակով պարբերաբար սկսել են հայտարարել, որ ԵՄ անդամակցությունը շարունակում է առաջնահերթություն մնալ Թուրքիայի համար, իսկ ԵՄ կողմից Թուրքիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա հասցնելու պատրաստակամությունը լավագույնս արտացոլվեց անցած ամիս Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված «ԵՄ-Թուրքիա քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների վիճակը» վերատառությամբ ճանապարհային քարտեզ ձևավորելու զեկույցում:

Դրանում մասնավորապես նշվում է, որ 2020թ.-ի դեկտեմբերից ի վեր «Թուրքիան ավելի հանգիստ, կառուցողական վերաբերմունք է սկսել ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ ԵՄ մի շարք անդամ երկրների հետ իր երկկողմ հարաբերություններում, որոնք դրական և ողջունելի քայլեր են առաջ շարժվելու համար»:

Այդ համատեքստում ԵՄ-ն առաջ քաշեց ԵՄ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման  ճանապարհային քարտեզի իր տեսլականը , որը ներառում է հետևյալ կետերը.

  • 2016թ.-ի ԵՄ-Թուրքիա համաձայնագրի առանցքային ոլորտների առավել արդյունավետ և փոխշահավետ իրականացում, մասնավորապես՝  միգրացիայի կառավարման վերաբերյալ: (Սա առաջին հերթին նշանակում է, որ Թուրքիան առանց հապաղելու պետք է վերսկսի Հունաստանի կղզիներից փախստականների վերադարձի գործընթացը):
  • ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիայում գտնվող փախստականների վերաբնակեցումը: (Սա հատկապես պետք է ներառի Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների առավել խոցելի խմբերը):
  • Տնտեսական կապերի ամրապնդումը: (Դրա հիմքում պետք է ընկած լինի Հանձնաժողովի կողմից արդեն իսկ առաջարկված ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացումը և ընդլայնումը):
  • Թուրքիայի տնտեսական և ոլորտային բարեփոխումների պարտավորություններին աջակցելը: (Այս նպատակին հասնելու համար պետք է վերսկսվեն նախկինում կասեցված բարձր մակարդակի երկխոսությունները՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, քաղաքական զարգացումների, արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտներում):
  • Մարդկանց միջև շփումների ավելացումը: (Այս նպատակով Եվրահանձնաժողովը մտադիր է շարունակել նպաստել Թուրքիայի մասնակցությանը հաջորդ սերնդի ԵՄ ծրագրերին, ինչպիսիք են «Erasmus +»-ը, «Horizon Europe»-ը և այլն:

Նշենք, որ Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրահանձնաժողովի ղեկավարի արած հայտարարություններից պարզ է դառնում, որ հենց այս կետերի շուրջ են կողմերը Անկարայում հանդիպման ընթացքում բանակցություններ վարել: Սակայն, չնայած նրան, որ երկու կողմերն էլ նշում են, որ հանդիպումը դրական մթնոլորտում է անցել, այնուամենայնիվ, ԵՄ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին խոսելը  դեռևս վաղ է: Այո՛, վերջին բանակցությունների ժամանակ եվրոպացի դիվանագետները խոստացան հավելյալ միջոցներ տրամադրել փախստականների համար, արդիականացնել մաքսային միությունն ու վերսկսել բանակցությունները Թուրքիայի հնարավոր անդամակցության շուրջ, սակայն դրանք պարզապես եղել են քննարկումների մակարդակով: Իրականությունն այն է, որ այս հարցերով հստակ քայլեր կիրականացվեն նախապայմանով:

Իսկ ԵՄ կողմից այդ նախապայմանն այն է, որ եթե Թուրքիան կառուցողական դիրքորոշում չորդեգրի՝ վերադառնալով միակողմանի գործողություններին կամ սադրանքներին, մասնավորապես՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ապա Եվրամիությունն անկասկած ոչ միայն կսառեցնի համագործակցությունը, այլ նաև Թուրքիայի այդ գործողությունները կունենան քաղաքական և տնտեսական հետևանքներ՝ մասնավորապես պատժամիջոցների տեսքով:

Ինչպես նշում է անձամբ Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ Թուրքիան և ԵՄ-ն դեռևս ճանապարհի սկզբում են, և առաջիկա շաբաթներն ու ամիսները ցույց կտան, թե որքանով կարող են վերջիններս միասին առաջ շարժվել այս ճանապարհային քարտեզով: Վերջնանպատակին հասնելու համար եվրոպացի դիվանագետները պատրաստվում են հետևել Անկարայի քայլերին և գնահատել դրանք միության առաջնորդների՝ հունիսին կայանալիք գագաթաժողովի ընթացքում։

Հարկ է սակայն նշել, որ չնայած նրան, որ Էրդողանն ինչ-որ չափով սկսել է մեղմել իր դիրքորոշումը և անգամ բանակցություններ սկսել Հունաստանի հետ, այնուամենայնիվ, միևնույն ժամանակ ուղերձներ է հղում, որ մտադիր չէ հեշտությամբ ընկրկել: Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անցած ամիս անդրադառնալով Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, նշել էր, որ «հարաբերություններում առաջընթաց գրանցելու և անցյալի սխալները չկրկնելու համար ԵՄ-ն պետք է անկեղծ վերաբերմունք և ռազմավարական մոտեցում ցուցաբերի»:

Առավել հետաքրքրական է Անկարայում տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակով բանակցություններից հետո Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի տարածած գրավոր հայտարարությունում տեղ գտած այն միտքը, ըստ որի հանդիպման ընթացքում Թուրքիայի կողմից «ընդգծվել է նաև ԵՄ-Թուրքիա հարաբերությունները մի շարք անդամ պետությունների կողմից պատանդ վերցնելու անթույլատրելիության կարևորությունը»…

Ինչպես երևում է՝ Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների կարգավորումը դեռևս գտնվում է ցանկությունների մակարդակում, թե ինչ ընթացք դրանք կստանան կախված է ներկայումս տնտեսական բարդ իրավիճակում գտնվող Թուրքիայի և միգրանտների հարցին ինչ-որ չափով լուծում տալու համար պայքարող եվրոպացի դիվանագետների հետագա քայլերից… 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: