ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ներքաղաքական ճգնաժամն Իսրայելում. անվտանգությո՞ւն, թե՞ ժողովրդավարություն

Getty Images

Իսրայելը կանգանած է վերջին երկուսկես տարվա ընթացքում 5-րդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Իսրայելի վարչապետ և «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուին չհաջողվեց մարտի 23-ին կայացած ընտրությունների արդյունքներով սահմանված 28-օրյա ժամկետում ձևավորել կոալիցիոն կառավարություն: Իսրայելի օրենսդրության համաձայն, նախագահը խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկումների արդյունքում  կառավարություն կազմելու մանդատը եռօրյա ժամկետում պետք է տա մեկ այլ թեկնածուի, կամ հանձնարարի, որ այդ թեկնածուին որոշի Կնեսեթը 21-օրյա ժամկետում:

Սակայն, ամենայն հավանականությամբ, այս փորձը լուրջ հաջողություն չի ունենալու: Եթե նույնիսկ այլ թեկնածուի հաջողվի ձևավորել կոալիցիոն կառավարություն, այն լինելու է բավականին փխրուն և շատ արագ կփլուզվի՝ կրկին առաջացնելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն: Ընդհանուր առմամբ, վերջին երկուսուկես տարիների ընթացքում Իսրայելում քննարկվել, ձևավորվել են անգամ ոչ հավանական կոալիցիաներ: Միակ հաստատուն բանը, որ չի դիտարկվել այս շրջանում, արաբական կուսակցությունների հետ կոալիցիա կազմելն է: Նշենք, որ վերջիններս միջինում ստանում են 10-15 մանդատ (Իսրայելի բնակչության մոտ 21 տոկոսը (մոտ 1,7 մլն) արաբներ են, մոտ 400 հազար պաղեստինցի, որոնք Իսրայելում ունեն կացության իրավունք, ապրում է Արևելյան Երուսաղեմում: Վերջին տարիներին նրանց շրջանում մեծացել է Իսրայելի քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը, սակայն Իսրայելը որոշակի, այդ թվում նաև արհեստական, խոչընդոտներ է ստեղծում դրա համար):

Իսրայելում ներքաղաքական ճգնաժամը սկսվել է  2018 թվականի նոյեմբերին Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հրաժարականից՝ ի նշան Գազայում հրադադարի համաձայնագրի կնքման: Սակայն իրականում խնդիրներն ավելի խորքային էին: Իշխող կոալիցիայում տարաձայնություններն սկսվել էին ավելի վաղ՝ զինապարտության մասին օրենքի քննարկումներից: Լիբերմանը, ով ներկայացնում է նախկին ԽՍՀՄ երկրներից հայրենադարձված ռուսալեզու հրեաներին և հանդես է գալիս ավելի աշխարհիկ դիրքերից, դեմ էր հանդես եկել ծայրահեղ օրթոդոքս ուսանողներին զինվորական ծառայությունից ազատելու մասին օրենքի նախագծին, սակայն  հանրային աջակցություն չստացավ:

Լիբերմանի հրաժարականը բավականին երերուն դարձրեց Նեթանյահուի դիրքերը 2019 թվականի գարնանը նշանակված ընտրությունների նախաշեմին: Ընդ որում, «Լիկուդ»-ը և վերջինիս դաշնակից աջ կրոնական քաղաքական սեկտորը խորհրդարանում այդ ժամանակ ունեին կոալիցիա ձևավորելու համար անհրաժեշտ 61 մանդատից 59-ը:

Արդյունքում Իսրայելում հաջողվեց կոալիցիոն կառավարություն կազմել միայն 2020 թվականի մարտին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքով, որը սակայն փլուզվեց դեկտեմբերին:

Իսրայելում շարունակվող քաղաքական ճգնաժամի պատճառները հիմնականում երկուսն են՝ Բենյամին Նեթանյահուն և երկրի ընտրական համակարգը:

 

Ընտրական համակարգ

Իսրայելում ընտրական հակամարգը հիմնաված է համամասնական ներկայացվածության վրա: Սա ամենամոտ ընտրական հակամարգն է համապատասխանող իշուվայի ավանդույթին, որը գործում էր 20-րդ դարի առաջին կեսին Պաղեստինի հրեական համայնքներում: Այն ժամանակվա քաղաքական մշակույթն ուղղված էր հանրային ընդարձակ ներկայացուցչության ապահովմանը, որով հրեական փորք խմբերը ձայնի իրավունք էին ստանում իրենց խորհրդարանական նիստերի ժամանակ:

Այս ավանդույթը հիմք դարձավ Իսրայելի ընտրական համակարգի համար 1947 թվականին պետության ստեղծումից հետո: Ընդ որում, սկզբվում, խորհրդարանում հայտնվելու համար քաղաքական ուժերը պետք է հաղթահարեին 1 տոկոսի շեմը, որը երեք անգամ փոփոխվել է՝ բարձրանալով մինչև 3.25 տոկոսի:

Ընտրական նման համակարգի պատճառով Իսրայելում որպես կանոն կառավարութունը կազմվում է կոալիցիոն տարբերակով, և հաճախ ինչ-ինչ հարցերում բավականին փոքր կուսակցությունների անհամաձայնությունը, ինչպես օրինակ Լիբերմանի դեպքում, հանգեցնում է կոալիցաիայի փլուզման և քաղաքական ճգնաժամի: Արդյունքում 1977 թվականից ի վեր անցկացվել է միայն մեկ հերթական ընտրություն: Այդ ընթացքում գործած 23 կառավարությունների լիազորությունների միջին ժամկետը եղել է մոտ 3 տարի:

Այս խնդիրը վերացնելու հարցում Իսրայելը կանգնում է բավականին լուրջ հարցի առաջ՝ պահպանել ավանդո՞ւյթը, թե՞ լինել դասական ընկալմամբ ժողովրդավարական երկիր:

 

Բենյամին Նեթանյահու 

Ընթացիկ ճգնաժամի մյուս պատճառը Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն է: Բիբին, ինչպես նրան անվանում են Իսրայելում, երկիրն ամենաերկարը կառավարած վարչապետն է: Բիբին Իսրայելը ղեկավարել է 1996-99 թվականներին և 2009 թվականից մինչ օրս:

Հասարակության մոտ արդեն հասունացել է իշխանափոխության պահանջը: Արդեն մեկ տարի է երկրում պարբերաբար լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նեթանյահուի հրաժականի պահաջով: Դրանք ամենամասշտաբայինն են 2011 թվականից ի վեր: Ընդ որում, այս ակցիաների ժամանակ Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանությունը ջրցաններ և ֆիզիկական ուժ է կիրառել բողոքի հրեական ակցիա ցրելու համար:

Վերջին տարիներին պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացը թեև հայտնվել է փակուղում, սակայն զգալիորեն նվազել է բռնության գործադրումը: Սա հրեաներին որոշակիորեն հնարավորություն է տվել իշխանության ձևավորման հարցում, բացի անվտանգային գործոնից, ուշադրություն դարձնել այլ հարցերի ևս:  Այսօր իսրայելցիների համար ամենաակտուալը հենց Նեթանյահուին փոխարինելու հարցն է, որի նկատմամբ դիրքորոշմամբ պայմանավորված քաղաքական դաշտը բաժանված է երկու ճամբարի:

Նեթանյահուի պաշտոնից կառչածությունը պառակտում է առաջացրել  իր գլխավորած կուսակցությունում: 2020 թվականի դեկտեմբերին կուսակցությունը լքեց  Գեդեոն Սաարը, ով «Լիկուդ»-ի ներսում դիտվում էր որպես Բիբիի իրավահաջորդ: Նա հիմեց «Նոր հույս» կուսակցությունը, որն այսօր բավականին ազդեցություն ունի երկրի քաղաքական կյանքի վրա: Սաարին հաջորդեց Զեէվ Էլկինի հեռանալը «Լիկուդ»-ից, որն էլ ավելի մեծ հարված էր Նեթանյահուի համար, քանի որ նա Բիբիի աջ ձեռքն էր և ուղեկցում էր նրա պետական այցերի ժամանակ: «Լիկուդ»-ի ներսում պառակտումը շատերը բացատրում է նրանով, որ երկար ժամանակ մնալով իշխանության ղեկին՝ Բիբին սկսել է մտածել, որ պետությունն ինքն է և  պետական հարցերը լուծում է իր անձնական շահերից ելնելով:

Իսրայելի քաղաքական դաշտում այսօր Նեթանյահուի դեմ պայքարող մյուս հիմնական ուժերը Յաիր Լիպիդի «Ապագա կա» և Նաֆտալ Բեննետի «Նոր աջեր» կուսակցություններն են: Ընդ որում, Նեթանյահուի կողմից, ըստ փորձագետների,  առավել խնդրահարույց է դիվում Լիպիդը, քանի որ բավականին զուսպ է և չի ներքաշվում «Լիկուդ»-ի հետ բանավեճերի մեջ:

Ինչ վերաբերվում է «սպիտակ-երկրագույնների» առաջնորդ Բենի Գանցին, ով 2020 թվականի մարտին կայացած ընտրությունների արդյունքներով կոալիցիա էր կազմել Նեթանյահուի հետ իշխանության ղեկին միմյանց 18 ամիս ժամանակով փոխարինելու պայմանով, ապա 2021 թվականի մարտի կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը չի ներել նրան Նեթանյահուի հետ գործարքի գնալու համար: Գանցը բավականին զիջել է իր հեղինակությունը և ընտրությունների արդյունքում ստացել է ընդամենը 8 մանդատ՝ նախկին 33-ի փոխարեն:

Նեթանյահուի և Գանցի կոալիցիայի փլուզման պատճառը հենց երկրի առաջիկա երկու տարվա բյուջեն խորհրդարանի կողմից չհաստատելն էր, ինչը հնարավորություն էր տալիս Նեթանյահուին, օգտվելով իրավական հնարավորություններից,  կառավարության ղեկավարի պաշտոնում իր 18 ամիսը լրանալուց հետո իշխանությունը չփոխանցել Գանցին:

Նեթանյահուի համար այսօր իշխանությունը պահելը կարևոր է նաև իր դեմ հարուցված կոռուպցիոն գործերից իմունիտետ ստանալու համատեքստում:

Պաշտոնաթող վարչապետին, ըստ էության, չի հաջողվելու խուսափել դատարանի վճռից. 2016 թվականին կոռուպցիոն գործով ազատազրկման դատապարվեց Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, քրեական հետապնդման է ենթարկվել նաև նախագահ Մոշե Կացավը:

Արդյունքում Նեթանյահուին բավականին ձեռնտու է անգամ այս իրավիճակը, երբ երկիրը միլիոնավոր դոլարներ է ծախսում ընտրությունների համար, խորհրդարանի աշխատանքը փաստացի կաթվածահար է: Սա թույլ է տալիս փաստացի  շարունակել իշխանությունը պահել իր ձեռքերում: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում հնարավոր ընտրությունների պատկերն առանձնապես չի տարբերվելու նախորդ ընտրությունների պատկերից. Նեթանյահուի կուսակցությունը շարունակում է պահել իր ընտրազանգվածի մի զգալի մասին, որոնց համար անվտանգությունը շարունակում է մնալ առաջնային չափորոշիչը: Իսրայելն այսօր, բացի պաղեստինա-իսրայելական հակամարտությունից, լուրջ անվտանգային մտավախություններ ունի նաև Իրանի հետ կապված, և Նեթանյահուն շատերի կողմից դիտվում է որպես միակը, ով կարող է արդյունավետ պայքարել Իրանի դեմ:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: