ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցն է այսօր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ: 

«Այս օրերին լրանում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցը։ 1992 թ. հունիսի 12-ին ձեռնարկված լայնամասշտաբ հարձակման արդյունքում 1992 թ. հունիսի կեսերին ադրբեջանական զորամիավորումներն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը։
 
Օկուպացիայի ընթացքում ադրբեջանական բանակն կատարեց ռազմական և մարդկայնության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ գրավված բնակավայրերը լքել ցանկացող մարդկանց կանխամտածված գնդակահարություններ, արտադատարանային հաշվեհարդարներ գերիների և պատանդների նկատմամբ, խոչընդոտում խաղաղ բնակիչների տարահանմանը, քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծում ծանր զինտեխնիկայից։ 
 
Շահումյանի շրջանի օկուպացիայի և դրան հաջորդած էթնիկ զտումների արդյունքում կողոպտվեցին, քանդվեցին ու կրակի մատնվեցին շուրջ երկու տասնյակ հայկական գյուղեր, ավելի քան 20 հազար մարդ ստիպված եղավ լքել իր տունը՝ դառնալով ներքին տեղահանված անձ և փախստական, մի քանի հարյուր հոգի դաժանաբար սպանվեց կամ անհետ կորավ։ Ադրբեջանական զինված ուժերի հետագա հարձակումը Մարտակերտի շրջանի վրա հանգեցրեց Արցախի գրեթե կեսի օկուպացիային և հանրապետությունը կանգնեցրեց մարդասիրական աղետի եզրին։ Սակայն, անսասան ոգու և կամքի ուժի, հաստատակամության և անձնուրաց պայքարի շնորհիվ Արցախի ժողովուրդը, համայն հայության աջակցությամբ, կարողացավ խափանել Արցախի Հանրապետության և նրա բնակչության ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի ծրագրերը։
 
2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական ռազմական մասնակցությամբ, կրկին փորձեց իրականացնել իր հանցավոր և մարդատյաց ծրագրերն ու անել այն, ինչը նրան չէր հաջողվել 1991-1994 թվականներին: Նոր զինված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը և նրան աջակցող ուժերն էլ ավելի մեծ մասշտաբով ու ավելի համակարգված կերպով կատարեցին ռազմական և մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ: Նոր պատերազմը հանգեցրեց մարդկային ավելի մեծ տառապանքների, փախստականների և ներքին տեղահանվածների նոր ալիքի և Արցախի Հանրապետության մեծ մասի բռնազավթման:
 
Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անբաժանելի մասն է, Արցախի պատմական տարածքը, որտեղ մեր ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և հետագայում ստեղծել պետականություն: Շահումյանի շրջանի, ինչպես նաև 1991-1994, 2016 և 2020 թվականներին գրավված Արցախի մյուս տարածքների դեօկուպացիան, արցախահայության կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչման հետ մեկտեղ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման  և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման առանցքային բաղադրիչն է: Արցախի տարածքների շարունակվող ապօրինի օկուպացիան Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների մշտական աղբյուր է»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: