ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր դիմել եմ ՍԴ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով։ Մասնավորապես, սահմանային շերտի տարածքում տեսալուսանկարահանում իրականացնելու արգելքը խնդիրներ է առաջացրել լրագրողների համար՝ չսահմանելով թույլտվության չափանիշներ կամ կարգ: Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների համար:

Դիմումով վիճարկվում են նաև քաղաքացիների համար նախատեսված այլ սահմանափակումներ (սահմանային շերտի տարածքում արածեցնել կենդանիներին, մոտենալ անմիջապես սահմանագծին, շփվել սահմանապահ վերակարգերի հետ և այլն):

Դիմումով միջնորդել եմ կասեցնել վիճարկվող սահմանափակումների գործողությունը մինչև Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը, ինչպես նաև առաջնահերթություն տալ գործի քննությանը:

Խոսքը վերաբերում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներին, ինչպես նաև վերջերս այդ հոդվածում կատարված փոփոխություններին։

Նշված սահմանափակումները չունեն բացառություն և վերաբերում են սահմանային շերտում սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ քաղաքացիների շփվելու, սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների և բնակիչների հետ զրուցելու արգելքին:

Օրենքի վերոնշյալ կարգավորումները 2020թ.սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են դարձել։

Բանն այն է, որ պետական սահմանների հետ կապված գործընթացների պատճառով ՀՀ բազմաթիվ բնակավայրեր դարձել են սահամային՝ հայտնվելով սահմանային շերտում: «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ, իսկ սահամանային գոտին այն տարածքն է, որը ՀՀ պետական սահմանագծից ծավալվում է դեպի ՀՀ տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ:

Այսինքն՝ օրենքի կարգավորումների հետևանքով ստացվել է այնպես, որ սահմանային շերտում գտնվող բնակավայրերի բնակիչներն իրենց առօրյայում, օրինակ՝ տանը խնջույքի կամ որևէ այլ արարողության ժամանակ ցանկացած տեսակի ոգելից խմիչք օգտագործելու կամ հենց սեփական տանը կամ տան բակում լուսանկարվելու համար կարող են ենթարկվել պատասխանատվության:

Մեկ այլ օրինակով՝ սահմանային իրավիճակով պայմանավորված՝ բազմաթիվ են դեպքերը, երբ բնակիչները ստիպված են շփվել իրենց բնակավայրերի անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ, ինչը գործող կարգավորումներով ևս մարդուն պատասխանատվության ենթարկելու հիմք է:

Գործող օրենքով պատասխանատվություն է նախատեսված նաև ադրբեջանական ծառայողների շփումների համար, ինչը նույնպես պատերազմից հետո դարձել է անխուսափելի։

Մեկ այլ խնդիր է այն, որ սահմանափակումների հետևանքով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չի կարողանում իր մանդատի ամբողջ ծավալով իրականացնել իր աշխատանքը, քանի որ սահմանային շերտում բնակվող քաղաքացիների բողոքների, ահազանգերի հիման վրա փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս արգելվում է տեսալուսանկարահանում իրականացնելն առանց համապատասխան թույլտվության, ինչը կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգայնորեն երաշխավորված փաստահավաք աշխատանքի հիմքն է կազմում և ազդեցություն է ունենում հավաքագրած փաստերի հավաստիության, օբյեկտիվության, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային ամենաբարձր «A» կարգավիճակի վրա։

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն այս ոլորտում անարգել է:

Դրանից բացի, օրենքի կարգավորումները խիստ անհավասար վիճակի մեջ են դնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին միջազգային հարթակներում և, հատկապես, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ համեմատության մեջ, քանի որ վերջինս, ի տարբերություն ՀՀ օմբուդսմանի՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս սահմանափակված չէ օրենսդրական որևէ արգելքով:

Ընդ որում, երկրում ստեղծված իրավիճակն ակնհայտ վկայում է, որ այս օրենքի  նորմերը չեն կիրառվում կամ կիրառվում են հատվածական՝ անխուսափելիորեն հանգեցնելով խտրականության:

Օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների գործողություններն անընդհատ նկարահանվում կամ լուսանկարվում են թե՛ քաղաքացիների, թե՛ լրագրողների, թե՛ տարբեր պաշտոնյաների կողմից, բայց ոչ միշտ է նրանց արգելվում կամ կիրառվում պատասխանատվության միջոցներ։  Դա օբյեկտիվորեն էլ հնարավոր չէ ամբողջությամբ ապահովել։

Մյուս կողմից, սահմանային շերտ մուտք գործելու և մասնագիտական աշխատանքի հարցում խտրական է մոտեցումը նաև ՀՀ լրագրողների նկատմամբ, քանի որ հայտնի չէ, թե ինչ չափանիշների դեպքում է հնարավոր ստանալ լուսանկարահանում իրականացնելու թույլտվություն։

Հայաստանյան լրատվամիջոցները հաճախ են բախվում խնդիրների: Արձանագրվել են նաև տարբերակված մոտեցումներ՝ կապված միջազգային լրագրողների հետ: Ընդունելով հանդերձ միջազգային լրագրողների կարևոր դերն ու նշանակությունը ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակի միջազգային լուսաբանման հարցում՝ պետք է, սակայն հստակ արձանագրել, որ միայն միջազգային լրատվամիջոցների լրագրողներին սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն տալը խտրականություն է ՀՀ-ում գործող այն լրատվամիջոցների նկատմամբ։ Առավել ևս, ՀՀ լրատվամիջոցները չունեն հստակ պատկերացում, օրինակ, իրենք ու՞մ պետք է դիմեն, ի՞նչ կարգով ու ինչպե՞ս ստանան թույլտվություն:

Բայց չպետք է մոռանալ, որ լրագրողի աշխատանքը կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային իրավիճակներում ունի իրավապաշտպան, խախտումները կանխարգելող նշանակություն։ Դա արդիական է հատկապես հիմա և վերաբերում է նաև ՀՀ պետական սահմանին։

Նշենք նաև, որ սահմանափակումներին վերաբերող օրենսդրական նախագիծը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի չի ուղարկվել: Պաշտպանն իր դիրքորոշումը հայտնել է սեփական նախաձեռնությամբ, որը ևս հաշվի չի առնվել։

Սահմանադրական գործառույթներով օժտված սահմանադրական մարմիններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, նախագծերը կարծիքի չուղարկելն ակնհայտորեն նվազեցնում կամ վտանգում է հետագայում ընդունվելիք ակտի սահմանադրականության կամ լեգիտիմության աստիճանը:

Ցանկացած պարագայում,  Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Սահմանադրական օրենքի ուժով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները չեն կարող տարածվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վրա, քանի որ ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ։ Մյուս սահմանափակումների մասով էլ հիմնարար է, որ օրենքը պետք է համապատասխանի իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին։

Դիմումում կոնկրետ փաստերով հիմնավորել ենք, որ առկա սահմանափակումները հանգեցնում են անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու, կարծիքի արտահայտման ազատության, Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու և Պաշտպանի աջակցությունը ստանալու սահմանադրական իրավունքներին պետության անհամաչափ միջամտության, ինչպես նաև իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքների ոտնահարման»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: