ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն

Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի հայտնի քիմիկոս, գյուտարար, Իտալիայի Քիմիական ընկերության նախագահ, Իտալիայի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, Պադուայի և Գենուայի թագավորական ակադեմիաների, Հռոմի դեի Լինչեի ազգային ակադեմիայի, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից, Իտալիայի Սենատի անդամ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր:

Ջիակոմո Լուիջի Չամիչյանը ծնվել է 1857 թվականի օգոստոսի 27-ին Իտալիայի Տրիեստ քաղաքում` հայ վաճառականի ընտանիքում: Դպրոցական կրթությունը ստացել է Տրիեստում:  Իր ուսուցչի` նյութաբանության մեթոդիկայի հիմնադիր Ավգուստո Վիերտհալերի շնորհիվ այս տարիներին նա սկսում է հետաքրքրվել քիմիայով:

Դպրոցն ավարտելուց հետո Չամիչյանն ուսումը շարունակել է Վիեննայի, ապա Գիսսենի համալսարաններում, որտեղ էլ 23 տարեկան հասակում ստացել է դոկտորի գիտական աստիճան:

Մեծ է Չամիչյանի դերը սպեկտրոսկոպիայի, օրգանական քիմիայի, բույսերի քիմիայի, բնական միացությունների, օրգանական ֆոտոքիմիայի ոլորտներում, հայտնում է academia.edu-ն

Սպեկտրոսկոպիայով Չամիչյանը սկսել է զբաղվել դեռ ուսանող տարիներին։ Այդ ժամանակ նրա կատարած հայտնագործությունը հետագայում հանգեցրեց ատոմների էներգետիկ մակարդակների գաղափարի ստեղծմանը:

Օրգանական քիմիայի ոլորտում Չամիչյանը զբաղվել է բնական խեժերի կոմպոնենտների ուսումնասիրություններով։ 1885 թվականին նրա շնորհիվ հայտնագործվեց յոդոլ անունը կրող անտիսեպտիկ նյութը, ինչն էլ դեղագիտության ոլորտում կարևորագույն ներդրում համարվեց։  

Բույսերի քիմիայի ոլորտում նրա գլխավոր ներդրում եղել է հայտնագործությունը, որ կոֆեինի կամ թեոբրոմինի (շոկոլադի կոֆեինը) ազդեցությամբ բույսերի մոտ խթանվում է քլորոֆիլի ակտիվությունը, որը հանգեցնում է օսլայի գերարտադրության: Դրանով ցույց տրվեց, որ ալկալոիդները հանդիսանում են ոչ թե բույսի կենսագործունեության թափոններ, այլ ունեն բավականին կարևոր դեր, ինչպես հորմոնները կենդանական աշխարհում։

Անգհանահատելի է Չամիչյանի նեդրումը նաև օրգանական ֆոտոքիմիայի բնագավառում: Նա հիմնականում ուսումնասիրել է լույսի քիմիական ազդեցությունը միացությունների վրա։ Հետազոտությունների արդյունքում հրատարակվել է 85 աշխատանք, որոնցից երկուսը կրում են Չամիչյանի անունը:

Օրգանական ֆոտոքիմիայում Չամիչյանի հայտնագործությունները բացարձակ նորույթ էին այդ ժամանակվա օրգանական քիմիայի ոլորտում: Դրանց շնորհիվ նա դասվեց իր ժամանակների մեծագույն քիմիկոսների շարքին:

Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։ Երկար տարիներ ուսումնասիրելով լույսի ազդեցությունը քիմիական ռեակցիաների վրա՝ նա գիտակցեց արևային էներգիայի կիրառության ներուժը մարդկության և արդյունաբերության համար։ 1912թ. Չամիչյանը նույնիսկ կառուցեց արևային մարտկոց և տեղադրեց իր լաբորատորիայի տանիքին։ Դա բավարար էներգիա էր տալիս սենյակում մեկ լամպ սնուցելու համար։ Նրա այդ ուսումնասիրությունն ի վերջո հանգեցրեց այն մտքին, որ արեգակի լույսը կարելի է օգտագործել որպես էներգիայի աղբյուր, հաղորդում է auroraprize.com-ը

Ավելին, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ջակոմո Չամիչյանը զբաղվել է քիմիական զենքի հետազոտությամբ ու դրանից պաշտպանվելու միջոցներ մշակել:

Բացի գիտական ոլորտից, Չամիչյանը ծավալել է նաև ակտիվ քաղաքական գործունեություն: 1910 թվականին նա նշանակվել է Իտալիայի Սենատի անդամ: Հանդիսացել է նաև Բոլոնիայի քաղաքային խորհրդի անդամ:

Հայազգի գյուտարարը մահացել է 1922 թվականի օգոստոսի 22-ին` 64 տարեկան հասակում:

Նրա մահվանից հետո Տրիեստ քաղաքի փողոցներից մեկը, որտեղ նա անցկացրել էր իր մանկությունը, վերանվանվել է «Ջիակոմո Չամիչյանի փողոց»։ Նրա անունն է կրում նաև Բոլոնիայի Համալսարանի քիմիայի ինստիտուտը: 1997 թվականին Ջիակոմո Լուիջի Չամիչյանի անունով է կոչվել նաև Երևանի կիրառական քիմիայի ուսումնարանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: