ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ստամբուլի հռչակագիր», «Թյուրքական աշխարհի տեսլական 2040» հայեցակարգ. հիմնական շեշտադրումները (տեղեկանք)

Նոյեմբերի 12-ին Ստամբուլում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VIII գագաթաժողովը: «Կանաչ տեխնոլոգիաները և խելացի քաղաքները թվային դարաշրջանում» կարգախոսով կազմակերպված գագաթաժողովին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ինչպես նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Թուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը։

Գագաթաժողովի արդյունքում ընդունվել է երկու առանձին փաստաթուղթ՝ «Ստամբուլի հռչակագիրը» և «Թյուրքական աշխարհի տեսլական 2040» հայեցակարգը:  Անդրադառնանք այդ փաստաթղթերի բովանդակությանն առանձին-առանձին:

«Ստամբուլի հռչակագիր»

«Ստամբուլի հռչակագիր» անունը կրող փաստաթուղթը, որը բաղկացած է 121 կետից, լավագույնս արտացոլում է, թե ինչ հարցերի են անդրադարձել և ինչ որոշումներ են կայացրել կազմակերպության անդամ-պետությունները Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VIII գագաթաժողովի ժամանակ: Ստորև կանդրադառնանք դրանցից առավել կարևորներին:

Այսպես, ըստ ընդունված փաստաթղթի, անդամ-պետությունները որոշում են կայացրել Թուրքմենստանին շնորհել դիտորդի կարգավիճակ: Նշենք, որ գագաթաժողովի առաջնային հարցերից մեկը եղել է հենց Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդում Թուրքմենստանին դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը: Ինչո՞ւ էր այս հարցը առաջնային, քանի որ Թուրքմենստանի միանալը նշանակում է, որ կազմակերպությունում արդեն իսկ  ներկայացված են լինելու բոլոր թյուրքալեզու երկրները:  Առավել հասկանալի դարձնելու համար, նշենք, որ չնայած բուն «Թյուրքական խորհուրդը» ստեղծվել է 2009 թվականի հոկտեմբերին (Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախաձեռնությամբ, երբ ստորագրվեց Նախիջևանի համաձայնագիրը)՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության սկիզբը դրվել է դեռևս 1990-ական թվականներին: Սկզբնական ժամանակաշրջանում գագաթաժողովներին մասնակցում էին  թյուրքալեզու վեց երկրներ՝ Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը: Սակայն ժամանակի ընթացքում Թուրքմենստանն ու Ուզբեկստանն սկսեցին հրաժարվել Թուրքիայի նախաձեռնությամբ իրականացվող այս գագաթաժողովներին մասնակցելուց: Ուզբեկստանը Խորհրդին անդամակցելու մտադրության մասին հայտարարեց միայն 2018-ի ապրիլին, և պաշտոնապես անդամակցության հայտ ներկայացրեց 2019 թվականի սեպտեմբերին: Իսկ Թուրքմենստանը մինչ այս պահը չուներ անգամ դիտորդի կարգավիճակ կազմակերպությունում:

Հետաքրքրականն այն է, որ եթե նախկինում այս կառույցի հետ կապված իրական նպատակները դանդաղ էին իրականություն դառնում, ապա ներկայումս ականատես ենք դառնում միանգամայն այլ իրողության: Անդամ-պետությունների ղեկավարներն, ի դեմս Էրդողանի, փորձում են «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը», որն, ի դեպ, այսուհետ (ըստ ընդունված հռչակագրի)  կոչվելու է «Թյուրքական պետությունների կազմակերպություն» «շնորհել» ավելի լուրջ կառույցի համբավ և վերածվել  միջազգային կազմակերպության: Գագաթաժողովի շրջանակներում Ստամբուլում բացվել է նաև Թյուրքական պետությունների կազմակերպության քարտուղարության շենքը, որն ի դեպ, ինչպես նշված է ընդունված փաստաթղթում, «նոր պատմական շենք» է հանդիսանալու:  Բացի այդ, որոշում է կայացվել էլ ավելի խթանել երրորդ երկրների և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը, որը նպաստելու է Թյուրքական պետությունների կազմակերպության համագործակցության ամրապնդմանն այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Հատկանշական է Հունգարիային առնչվող հատվածը (Հունգարիան այս կազմակերպությունում հանդիսանում է որպես դիտորդ երկիր): Անդամ-պետությունները մասնավորապես բարձր են գնահատել Հունգարիայի ջանքերը՝ հարաբերությունները բոլոր թյուրքական պետությունների հետ ռազմավարական մակարդակի հասցնելու, անդամ երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու գործում, ինչպես նաև սատարել են Հունգարիայի առաջարկին՝ հրավիրելու Թյուրքական պետությունների կազմակերպության և Վիշեգրադի խմբի (V4) պետությունների ղեկավարների համատեղ գագաթաժողով: Բացի այդ, ի գիտություն է ընդունվել նաև կառուցողական երկխոսության և համագործակցության խթանման համար Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի նախաձեռնությունը՝ Կենտրոնական Ասիա+Հարավային Կովկաս միջտարածաշրջանային հարթակ ստեղծելու վերաբերյալ:

Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ կազմակերպության անդամ-պետությունները փաստացի էլ ավելի հեռահար նպատակներ են հետապնդում: Իհարկե, մեկ բան է նպատակներ հետապնդելը, մեկ այլ բան դրանք կյանքի կոչելը, սակայն իրականությունն այն է, որ վերջիններս ցանկանում են ոչ միայն համագործակցել այլ երկրների հետ, այլև փորձում են այս կառույցում ներգրավել նաև տարբեր տարածաշրջանների թյուրքական ազգերին: Փաստաթղթում բավականին հետաքրքիր անդրադարձ է կատարվել նաև Կիպրոսի հարցին: Մասնավորապես կողմերն ընդգծել են Կիպրոսի հարցում արդար, տևական, կայուն և փոխադարձ ընդունելի կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված կղզում տեղի ունեցող իրողությունների վրա, արտահայտել են իրենց համերաշխությունը Կիպրոսի թուրք ժողովրդի հետ՝ նրանց հավասար իրավունքներն ապահովելու ձգտումներում և ընդունել են Թուրքիայի հայցը՝ հրավիրել կիպրացի թուրքերին մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության համապատասխան գործունեությանը…

Գաղտնիք չէ, որ կազմակերպության գերագույն նպատակներից մեկը թյուրքախոս ժողովուրդներին ընդհանուր մեծ հայրենիքի մեջ ընդգրկելն է: Այս համատեքստում հետաքրքրական է, որ անդամ պետությունները ողջունել են նաև Թուրքիստանում իրականացվող գործունեությունը Թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, ինչպես նաև ողջունել են նաև Թյուրքական աշխարհի մյուս քաղաքներին նմանատիպ կարգավիճակներ շնորհելու կանոնակարգի ընդունումը: Ավելին, վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ և որոշում են կայացրել աջակցել այդ նպատակով միջոցառումների իրականացմանը…

Հռչակագրում բավականին մեծ անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Անդամ-պետությունները (Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը) շնորհավորել են «Ադրբեջանի Հանրապետությանը «44-օրյա Հայրենական պատերազմում» տարած հաղթանակի կապակցությամբ, բարձր են գնահատել անդամ պետությունների և թյուրքական պետությունների կազմակերպության ամուր աջակցությունը Ադրբեջանի «արդար գործին»` «ազատագրելու» իր տարածքները ռազմական օկուպացիայից, ողջունել են հայ-ադրբեջանական հակամարտության «ավարտը», աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միմյանց ինքնիշխանության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա, և արտահայտել են անդամ և դիտորդ պետությունների պատրաստակամությունը՝ նպաստելու Ադրբեջանի հետկոնֆլիկտային շրջանում վերականգնման, վերակառուցման և վերաինտեգրման ջանքերին»։

Հատկանշական է նաև, որ կազմակերպության անդամները կարևորել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես Անդրկասպյան Միջազգային Արևելք-Արևմուտք Միջին Միջանցքի շրջանակներում ավելի լավ կապ հաստատող հնարավորություն, և կոչ են արել անդամ պետությունների համապատասխան իշխանություններին աջակցել Ադրբեջանի Հանրապետության կառավարության ջանքերին՝ դրա շուտափույթ գործարկման համար:  Հիշեցնենք, որ այս բովանդակության ներքո իրենց ստորագրությունն են դրել նաև Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը: Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը Հայաստանի հետ միասին անդամակցում են ԱՊՀ-ին, ավելին՝ Ղազախստանը և Ղրղըզստանը հանդիսանում են նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ-երկրներ…

 Ենթակառուցվածքների համատեքստում նշենք նաև, որ կողմերը համաձայնել են դյուրացնել մաքսային և վարչական ընթացակարգերը՝ օգտագործելու Տրանսկասպյան միջազգային Արևելք-Արևմուտք Միջին Միջանցքի (սկսվում է Թուրքիայից և անցնում Կովկասի տարածաշրջանով Վրաստանի, Ադրբեջանի տարածքով, Կասպից ծովով, Կենտրոնական Ասիայով և հասնում է Չինաստան) ողջ ներուժը և մաքսային համագործակցության միջոցով աշխուժացնել Մետաքսի ճանապարհը «Քարավանսարայի ծրագրի» շրջանակներում, որը կնպաստի սահմանների հատման ընթացակարգերի ներդաշնակեցմանը և պարզեցմանը: «Քարավանսարայի նախագիծը»  որպես հայեցակարգ ներկայացվել է 2008 թվականին՝ Մետաքսի ճանապարհի երկայնքով մաքսային մարմինների միջև համագործակցությունը մեծացնելու նպատակով: Այս նախագիծը նպատակ ունի դյուրացնել առևտուրը և տրանսպորտն` արագացնելով սահմանային հատման ընթացակարգերը Ասիայում…

Բացի այս ծրագրից նաև հանձնարարվել է ավարտին հասցնել «Թյուրքական պետությունների անդամ պետությունների կազմակերպության միջև միջազգային համակցված բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը», որը հանդիսանալու է Տրանսկասպյան Միջազգային Արևելք-Արևմուտք Միջին Միջանցքով տրանսպորտային գործողությունները հեշտացնելու կարևոր քայլ։

Հռչակագրում առանձին բաժնով անդրադարձ է կատարվել նաև տնտեսական համագործակցությանը:Մասնավորապես հանձնարարվել է անդամ պետությունների համապատասխան նախարարություններին ավարտին հասցնել «Թյուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծման համաձայնագիրը» հավասար կապիտալի ներդրման և հավասար ձայնի իրավունքի սկզբունքով, որը կստորագրվի ոչ ուշ, քան 2022 թվականի սեպտեմբերի 1-ին: Նշենք, որ այս ներդրումային հիմնադրամի ստեղծման նախաձեռնողն Ադրբեջանն է (հիմնադրամի կենտրոնակայանը տեղակայված է լինելու Բաքվում): Այս հիմնադրամի նպատակն է ենթակառուցվածքների զարգացման համար լրացուցիչ ռեսուրսների մոբիլիզացումը, բիզնեսի ֆինանսավորումը և անդամ երկրների ներդրումային ծրագրերի ֆինանսավորման բացակայության հետ կապված խոչընդոտների վերացումը:

Ավելին, hանձնարարվել է անդամ պետությունների համապատասխան մարմիններին նաև արագացնել իրենց աշխատանքը «Առևտրի խթանման ռազմավարական փաստաթղթի» վերջնական տեսքի բերելու ուղղությամբ «Աշխատանքային խմբի» միջոցով, որը դեռ նոր պետք է ստեղծվի: Այս փաստաթուղթը, որն Առևտրի դյուրացման ռազմավարական փաստաթուղթ է, կարագացնի անդամ և դիտորդ պետությունների միջև առևտրի ազատականացումը:

 

«Թյուրքական աշխարհի տեսլական 2040» հայեցակարգ

Հայեցակարգում նշված է կառույցի առաջնահերթությունները և նպատակները մինչև 2040 թվական: Նպատակները ներկայացված են ըստ ոլոտների, սակայն այդ նպատակներին հասնելու հստակ գործիքակազմի, կոնկրետ գործողությունների ծրագրի վերաբերյալ անդրադարձ չկա: Ստորև կներկայացնենք փաստաթղթի թարգմանությունը հատվածաբար.

 

1. Քաղաքական և անվտանգության ոլորտներում համագործակցություն 

Քաղաքական ոլորտում համագործակցություն 

Անդամ-պետությունները որոշում են կայացրել՝

-ամրապնդել անդամ պետությունների միջև բազմակողմ քաղաքական խորհրդակցությունների կանոնավոր մեխանիզմը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային արտաքին քաղաքականության հարցերի շուրջ,

-աջակցել անդամ-պետությունների տարածաշրջանային ծրագրերին համապատասխան գործընկերների ներգրավմամբ,

-հզորացնել Թյուրքական պետությունների կազմակերպության ներկայացուցչությունը Բուդապեշտում՝ որպես եվրոպական կառույցների հետ բազմաշերտ համագործակցության զարգացման կենտրոն՝ ներառյալ Վիշեգրադի խումբը,

-ապահովել Թյուրքական պետությունների կազմակերպության և ականավոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և նրա հիմնադրամների ու ծրագրերի, ինչպես նաև մասնագիտացված գործակալությունների և հարակից նախաձեռնությունների օրակարգերի համահունչությունը…

 

Անվտանգության ոլորտում համագործակցություն 

-ստեղծել անդամ պետությունների միջև համագործակցության և տեղեկատվության փոխանակման հարթակ՝ արմատականության, բռնի ծայրահեղականության, իսլամաֆոբիայի, այլատյացության և ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար։

- իրականացնել արդյունավետ համագործակցություն և համակարգում իրավապահ մարմինների միջև՝ պայքարելու անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ, ներառյալ՝ թմրամիջոցների անօրինական առևտուրը, անկանոն միգրացիան, մարդկանց առևտուրը, զենքի ապօրինի առևտուրը, օրգանների առևտուրը, տնտեսական, ֆինանսական և կիբերհանցագործությունները,

 

2. Տնտեսական և ոլորտային համագործակցություն 

Տնտեսական համագործակցություն 

Անդամ-պետությունները որոշում են կայացրել՝

-աշխատանքներ իրականացնել անդամ պետությունների միջև ապրանքների, կապիտալի, ծառայությունների, տեխնոլոգիաների և մարդկանց ազատ տեղաշարժի հասնելու ուղղությամբ,

-ապահովել լավագույն փորձի փոխանակում ազգային տնտեսական զարգացման քաղաքականության մեջ անդամ պետությունների միջև կանոնավոր երկխոսության և կարողությունների զարգացման ծրագրերի իրականացման միջոցով,

- մշակել համապատասխան ֆինանսական և ներդրումային գործիքներ մասնավոր հատվածին աջակցելու, տնտեսական աճի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանման համար,

-ստեղծել բարենպաստ միջավայր նորաստեղծ ձեռնարկությունների և նորարարական ձեռներեցության զարգացման համար,

-մշակել ծրագրեր, որոնք աջակցում են սփյուռքի անդամներին, ովքեր ցանկանում են բիզնես սկսել իրենց ծագման երկրներում…

 

Տրանսպորտ և մաքսային ծառայություններ 

-Անդրկասպյան միջազգային Արևելք-Արևմուտք Միջին Միջանցքը դարձնել ամենակարճ և անվտանգ տրանսպորտային կապը Արևելքի և Արևմուտքի միջև,

-պարզեցնել և ներդաշնակեցնել անդամ պետությունների մաքսային և տարանցիկ ընթացակարգերը սահմանի հատման համար,

-ներդաշնակեցնել տրանսպորտային քաղաքականությունը և բեռնափոխադրումների հետ կապված տեխնիկական ստանդարտները Անդրկասպյան միջազգային Արևելք-Արևմուտք Միջին Միջանցքի համար,

 

-իրականացնել սերտ համագործակցություն՝ ապահովելու անդամ պետությունների կողմից տրանսպորտի ոլորտում միջազգային կոնվենցիաների արդյունավետ իրականացումը,

-նպաստել անդամ պետությունների միջև տրանսպորտային ցանցերի թվայնացմանը,

-համատեղ խթանել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցերը տարբեր միջազգային տնտեսական հարթակներում:

 

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ 

-ներդաշնակեցնել ՏՀՏ ոլորտում քաղաքականությունն ու կանոնակարգերն՝ ավելացնելով համագործակցությունն անդամ պետությունների կարգավորիչների, պետական և մասնավոր օպերատորների և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի միջև,

-մշակել էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ծառայությունների համատեղ ծրագրեր և նախագծեր՝ առևտրի, տրանսպորտի, առողջապահության և կրթության ոլորտներին տրված առաջնահերթությամբ,

-ստեղծել անդամ պետությունների միջև համագործակցության մեխանիզմ՝ նպատակ ունենալով օգտագործել ընդհանուր տիեզերական ենթակառուցվածքները, տիեզերական նորարարական տեխնոլոգիական գործիքակազմը,

 

Էներգետիկա 

-ստեղծել ռազմավարական գործընկերություն անդամ պետությունների միջև էներգետիկայի ոլորտում՝ քաղաքականության համակարգման, էներգետիկ առևտրի խթանման, ներդրումների, հետազոտական և տեխնոլոգիական համագործակցության միջոցով՝ անդամ պետություններին անվտանգ, կայուն, մրցունակ և մատչելի էներգիա ապահովելու համար,

-տարածաշրջանում մշակել ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Բաքու Թբիլիսի-Էրզրումը, Հարավային գազային միջանցքը և դրա բաղադրիչները՝ TANAP և TAP՝ բավարարելու անդամ պետությունների պահանջները, նրանց այլընտրանքային ուղիներ տրամադրելու, ինչպես նաև նպաստելու եվրոպական և համաշխարհային էներգետիկ անվտանգությանը,

-ապահովել սերտ համագործակցություն կառավարությունների և մասնավոր հատվածների միջև հետազոտություններ և նորարարություններ իրականացնելու համար՝ ծախսերը նվազեցնելու և ժամանակակից էներգետիկ տեխնոլոգիաների կիրառումը մեծացնելու նպատակով, մասնավորապես՝ էներգաարդյունավետության և էներգիայի պահպանման հետ կապված, ինչպես նաև նավթաքիմիական արտադրանքի համատեղ արտադրություն և բաշխում հիմնելու համար,

-ինստիտուցիոնալացնել էներգետիկ համագործակցությունն անդամ պետությունների միջև՝ ինտեգրված Թյուրքական էներգետիկ շուկայի ստեղծման միջոցով,

-մշակել անհրաժեշտ քաղաքականություն, կանոնակարգեր անդամ երկրներ այցելող զբոսաշրջիկների համար՝ գները մատչելի դարձնելու նպատակով:

 

Առողջապահություն 

-ամրապնդել մարդկային ռեսուրսները և ինստիտուցիոնալ կարողությունները առողջապահության ոլորտում՝ գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման, կարողությունների զարգացման և վերապատրաստման համատեղ ծրագրերի և առողջապահության ոլորտի մասնագետների շարժունակության միջոցով,

-աշխատանքներ իրականացնել ազգային քաղաքականության և օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ՝ անդամ պետությունների միջև առողջապահական ենթակառուցվածքների, կապի և առողջապահական տեղեկատվական համակարգերի ավելի լավ զարգացման համար,

-խթանել համատեղ գիտական համագործակցությունը, հետազոտական և զարգացման ծրագրերը առողջապահական հաստատությունների և համալսարանների միջև՝ գոյություն ունեցող և ապագա մարտահրավերների համար կանխարգելման, ախտորոշման, բուժման մեթոդների, պատվաստանյութերի և այլ դեղամիջոցների մշակման համար…

 

3. Մարդկանց միջև համագործակցություն 

Մշակույթ 

Անդամ-պետությունները որոշում են կայացրել՝

-անդամ պետությունների համապատասխան կառույցների կողմից մշակել համատեղ սոցիալական, մշակութային և կրթական գործունեություն՝ թյուրքական հասարակությունների միջև ընդհանրությունները հետագայում բացահայտելու և միասնության զգացումը հարստացնելու համար,

-պատրաստել թյուրքական աշխարհի մշակութային ժառանգության ընդհանուր ցուցակը, պահպանել այս մշակութային ժառանգությունը և համատեղ գործողություններ ձեռնարկել թյուրքական աշխարհի մշակութային ժառանգությունը իրենց ծագման երկիր «հայրենադարձելու» համար,

-ապահովել ամուր համակարգում և համագործակցություն անդամ պետությունների համապատասխան հաստատությունների և Թյուրքական համագործակցության կազմակերպությունների միջև՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում հայտեր ներկայացնելու համար,

-խթանել մեծագույն գիտնականների, բանաստեղծների, մտածողների և արվեստագետների ընդհանուր թյուրքական ժառանգությունը և զարգացնել անդամ պետությունների ավանդույթները, սովորույթները, բանահյուսությունը և թյուրքական աշխարհի դերը միջմշակութային երկխոսության մեջ:

 

Կրթություն և գիտություն 

-ակտիվացնել ընդհանուր թյուրքական պատմության, մշակույթի, լեզվի և աշխարհագրության վերաբերյալ գիտական և վերլուծական հետազոտությունները և աջակցել անդամ պետությունների դպրոցական ծրագրերի առարկայական թեմաներով ընտրովի դասընթացներին,

-պատրաստել ուսուցողական տեսանյութեր ընդհանուր թյուրքական պատմության, աշխարհագրության, գրականության, արժեքների, մշակույթի և ավանդույթների վերաբերյալ՝ ստեղծագործական և ժամանակակից տեխնիկայով՝ երիտասարդ ուսանողների մոտ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու համար,

-ստեղծել թյուրքական աշխարհի միասնական առցանց բաց հասանելի հանրագիտարան,

-արագացնել վերլուծական կենտրոնների համագործակցությունը և ստեղծել «Թյուրքական աշխարհի ուղեղային կենտրոնների ցանց»…

 

Սփյուռք 

-մշակել սփյուռքի ներգրավման և ներդրումների ռազմավարական շրջանակ ծագման երկրներում,

-մոբիլիզացնել ակադեմիական սփյուռքն՝ աջակցելու թյուրքական աշխարհի բարձրագույն կրթական և գիտական հաստատություններին և ամրապնդելու կապերը սփյուռքի ակադեմիկոսների միջև ամբողջ աշխարհում,

-ապահովել թյուրքական սփյուռքի համայնքների ակտիվ ներգրավվածությունը թյուրքական պետությունների կազմակերպության համապատասխան նախագծերում և ծրագրերում…

 

4. Համագործակցություն արտաքին կողմերի հետ 

Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ 

-ընդլայնել համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, ինչպես նաև երրորդ երկրների հետ՝ նպատակ ունենալով զարգացնել նախագծերի վրա հիմնված և ոլորտային գործընկերություններ՝ հանուն ընդհանուր շահի և բարձրացնել Թյուրքական պետությունների կազմակերպության՝ որպես հուսալի միջազգային դերակատարի տեսանելիությունն ու ազդեցությունը,

-ամրապնդել ինստիտուցիոնալ հարաբերությունները ՄԱԿ-ի և նրա մարմինների, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի (CICA) հետ և հաստատել նոր գործընկերային հարաբերություններ համապատասխան տարածաշրջանային կառույցների հետ՝ ներառյալ Եվրոպական միությունը (ԵՄ), Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍԾՏՀ), Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՏՀԿ) և Վիշեգրադի խումբը…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    13.12.2024
       
    14.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: