ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի վարած տնտեսական քաղաքականությունն արժեզրկում է թուրքական լիրան. պատճառն ու նպատակները

Երեքշաբթի երեկոյան Թուրքիայի խոշոր քաղաքներում սկսված հակաիշխանական ցույցերը դեռևս շարունակվում են: Նոյեմբերի 23-ին գրանցված թուրքական ազգային արժույթի անկումը ռեկորդային է դարձել վերջին 20 տարվա ընթացքում։

Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած տնտեսական նոր մոդելի քաղաքականությունն է: Այն արդեն մեկ տարի է աստիճանաբար արժեզրկում է թուրքական լիրան՝ հանգեցնելով գնաճի ու քաղաքացիների դժգոհության: Իսկ այդ դժգոհությունը հասավ գագաթնակետին, երբ այս երեքշաբթի ազգային արժույթը մեկ օրում արժեզրկվեց ավելի քան 15 տոկոսով՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի՝  1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասավ 13․42-ի։

Նշենք, որ թուրքական արժույթը այսպիսի ռեկորդային անկում սկսեց գրանցել,  Էրդողանի օրերս արած հայտարարությունից անմիջապես հետո, որում նա գովաբանեց Կենտրոնական բանկին տոկոսադրույքները կրճատելու համար:

Ընդհանուր առմամբ, անցած մեկ տարում լիրան արժեզրկվել է մոտ 40 տոկոսով՝ արձանագրելով վատագույն ցուցանիշը զարգացող երկրների արժույթների շարքում։ Թուրքիայի Կենտրոնական բանկը նոյեմբերի 19-ին իջեցրել է զեղչման տոկոսադրույքը 16%-ից մինչև 15%, իսկ նոյեմբերի 22-ին Էրդողանը հայտարարել է, որ «գոհ է փոխարժեքի իջեցումից», որը տեղի է ունենում արդեն երրորդ ամիսն անընդմեջ՝  չնայած տնտեսագետների զգուշացումներին, որ դա կարող է ինֆլյացիայի աճի հանգեցնել: Իրականում երկրում ինֆլյացիան արագացել է՝ հասնելով մոտ 20 տոկոսի։

Սակայն Էրդողանը հայտնում է, որ երկիրը չի ենթարկվելու տնտեսագետներին, պատեհապաշտներին և համաշխարհային ֆինանսական ակրոբատներին, որոնք կոչ են անում բարձրացնել տոկոսադրույքները: Էրդողանի կարծիքով բարձր տոկոսադրույքները բերում են բարձր գնաճի, իսկ տոկոսադրույքների իջեցումն ուղղակիորեն կապում է ավելի էժան վարկերի, տնտեսական աճի և բազային գնաճի իջեցման հետ: «Մենք տեսնում ենք նրանց խաղը, ովքեր զբաղվում են արժույթներով, շահերով և գների բարձրացմամբ… Եվ մենք ցույց ենք տալիս մեր կամքը՝ իրականացնելու մեր սեփական խաղային ծրագիրը: Մենք հաղթանակած դուրս կգանք տնտեսական անկախության այս պատերազմից՝ Ալլահի և մեր ժողովրդի օգնությամբ»,- ասել է Էրդողանը:

 Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը երեք անգամ փոխել է Կենտրոնական բանկի ղեկավարներին:  2021 թվականի մարտին իր զբաղեցրած պաշտոնից հեռացվեց Նաջի Ագբալը, ով ընդամենը չորս ամիս էր ղեկավարում:  Ագբալը մարտի 18-ին բարձրացրել էր փոխարժեքը 2%-ով՝ 17-ից հասցնելով 19%-ի, դա բացատրելով գնաճի զսպմամբ, որը փետրվարին տարեկան կտրվածքով կազմել է 15,5%: Այս քայլից մեկ օր անց նա կորցրեց իր պաշտոնը։ Նրան փոխարինեց բանկիր, տնտեսագետ, նախկին պատգամավոր Շահապ Քավջիօղլուն, ով պաշտպանում է Էրդողանի այն տեսությունը, որ հիմնական տոկոսադրույքի բարձրացումը արագացնում է գնաճը։

Էրդողանի վարած այս տնտեսական քաղաքականությունը «դոմինոյի էֆեկտով» առաջ է բերել սոցիալ-տնտեսական բնույթի բազմաթիվ խնդիրներ։ Թուրք բնակչության համար գլխավոր խնդիրն առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումն է: Ցորենի համաշխարհային գների աճը, բուն Թուրքիայում երաշտը և լիրայի փոխարժեքի անկումը հանգեցրել են նրան, որ ալյուրն ու ալյուրից ստացված ապրանքները կտրուկ թանկացել են։Այսպես, ըստ թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունների, նոյեմբերին 50 կիլոգրամանոց պարկով ալյուրը 150 լիրայից դարձել է 300 լիրա, իսկ լիրայի վերջին անկումից հետո ակնկալվում է, որ գինը կկազմի՝ 350 լիրա: Նմանատիպ թանկացում է նկատվում գրեթե բոլոր պարենային ապրանքների դեպքում՝ որոշ դեպքերում տարեսկզբից թանկացումը կազմում է 150-200%։  Բացի այդ, ի թիվս տնտեսության այլ ճյուղերի, տուժել է նաև շինարարության ոլորտը, որն ավանդաբար համարվում է ամենաակտիվ և ամենաարագ զարգացող արդյունաբերությունը Թուրքիայում։ Վերջին օրերին լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքի 30%-ով բարձրացումը հանգեցրել է շինանյութի պակասի, իսկ շատ խոշոր շինարարական ընկերություններ դադարեցրել են աշխատանքները։

Էրդողանի վարած տնտեսական այս քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ոչ միայն հասարակությունը, այլ նաև ընդդիմությունը պահանջում են Էրդողանի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացում:  Ու չնայած Էրդողանը պնդում է, թե ընտրությունները ժամանակից շուտ չեն անցկացվելու, ընդդիմության շարքերում արդեն արտահերթի հնարավոր ժամկետի մասին են խոսում:

Սակայն հարկավոր է նշել, որ Էրդողանի կողմից իշխանություն հանձնելն այդքան էլ իրատեսական չէ:  Վերջինս ոչ միայն չի պատրաստվում այդպես վարվել, այլ համոզված է, որ Թուրքիան այս իրավիճակից դուրս է գալու տնտեսապես ավելի հզորացած:

Բացի այդ, եթե անգամ իրադարձությունները չզարգանան իր ուզածի պես, այնուամենայնիվ, ասելը, թե Թուրքիայում լայնամասշտաբ բողոքի ցույցերը կամ ընդդիմադիրների պահանջները կհանգեցնեն Էրդողանին՝ իշխանությունից հեռացնելուն կամ պետական ​​հեղաշրջման, այդքան էլ իրատեսական չէ,  քանի որ զինվորականներն ու անվտանգության ուժերը ներկայումս առավել քան երբևէ հավատարիմ են Թուրքիայի առաջնորդին։ 2016 թվականի իրադարձություններից հետո զինվորականների շարքերը «մաքրվել» են նրանցից, ովքեր դեմ էին Էրդողանի վարած քաղաքականությանը:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: