ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ. Հակոբ Արշակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը, բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հուլիսի 11-ին հանդիպել են Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի և աշխատակազմի ղեկավար դոկտոր Վարուն Սուտրայի հետ:

ՀՀ ԱԺ փոխանցմամբ, ողջունելով հյուրերին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ: «Մեր պետությունների միջև հարաբերությունների կարևոր օղակներից է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես եղել է բարձր մակարդակի վրա: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը պատիվ ունեմ ես ղեկավարելու»,- նշել է Հակոբ Արշակյանը: Նա տեղեկացրել է, որ վերջերս պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ մասնակցել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած «Ռաիսինա երկխոսություն» («Raisina Dialogue») 8-րդ միջազգային համաժողովին: «Տպավորված եմ այցից, որի շրջանակում նաև հանդիպել եմ Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի հարգարժան խոսնակ Օմ Բիրլայի հետ: Այցի ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք արդյունավետ և կառուցողական հանդիպումներ: Պետք է ասեմ, որ այցը բովանդակալից էր, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը` հավելելով, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում: Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ պրոֆեսոր Աչուտա Սամանտայի այցը նույնպես, ի թիվս բազում ծրագրերի, կնպաստի երկու երկրների միջև կրթության ոլորտում նորանոր միջբուհական միջոցառումների և ծրագրերի իրականացմանը: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով Հայաստանն ու Հնդկաստանն արդյունավետորեն համագործակցում են կրթության ոլորտում: Հնդիկ ուսանողներն ուսանում են Երևանի պետական բժշկական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Հայաստանի ագրարային համալսարանում:

Հնդկաստանի Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի (KIIT) և սոցիալական գիտության (KISS) համալսարանի հիմնադիր պրոֆեսոր Աչուտա Սամանտան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության կարևորությունը, որն ուղղված է հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքները, ստեղծված իրավիճակը Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում: Նա խոսել է Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին` նշելով, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ և Հայաստանի կառավարությունը տարածաշրջանում խաղաղ օրակարգի քաղաքականություն է որդեգրել:

Պրոֆեսոր Աչուտա Սամանտան ներկայացրել է մասնագիտական ուսուցման առաջադեմ կենտրոնների` Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի և Սոցիալական գիտությունների համալսարանների գործունեությունը:

ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Ծովինար Վարդանյանը, տեղեկացնելով, որ վերջերս մասնակցել է Բուբանեսվարում կայացած G20 համաժողովի շրջանակում անցկացվող Y20 երիտասարդական համաժողովին, շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Աչուտա Սամանտային ընձեռված հնարավորության համար: Նա նշել է, որ երկու պետությունների միջև կրթական ոլորտում համագործակցության ընդլայնման համար առկա են մեծ հնարավորություններ: «Համաժողովի ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ նշանավոր անձանց, տեսել եմ ձեր կատարած անգնահատելի աշխատանքը, որը ոգեշնչում է բոլորին: Ձեր նվիրվածությունն  աշխատանքին և այն բոլոր բարին, որ անում եք բացառիկ համեստությամբ կարիքավորների համար, անգնահատելի է»,- նշել է Ծովինար Վարդանյանը: Նա հույս է հայտնել, որ այս այցը հնարավորություն կտա գտնելու ամուր կամուրջներ, որոնք կծառայեն երկու երկրներին: «Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները սկիզբ են առել քաղաքակրթության սկզբից: Երկու երկրներն էլ անցել են շատ դժվար ժամանակներ: Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, և այդ հարաբերությունները զարգանում են մեծ ակտիվությամբ: Հայաստանն այսօր դեռ գտնվում է իր անվտանգության խնդիրների լուծման գործընթացում: Ինչպես գիտեք, մեր կառավարության հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելն է, և չնայած բոլոր դժվարություններին` մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է մեր միջազգային գործընկերների աջակցությունն այս գործընթացում»,- ասել է պատգամավորը` հավելելով, որ պատիվ ունի մեծ պատասխանատվությամբ ընդունելու KIIT և KISS համալսարանների միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ դառնալու առաջարկը: Ծովինար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հայ ուսանողներին KIIT-ում լիարժեք կրթաթոշակով սովորելու ընձեռված հնարավորության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: