ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ազատ առևտրի մասին համաձայնագիր է կնքելու Ռուսաստանի հետ

Թուրքիայի իշխանությունները մտադիր են ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին: «Թուրքիան ազատ առևտրի մասին համաձայնագիր կունենա Ռուսաստանի հետ», - թուրք նախարարի խոսքերը մեջբերում է Bloomberg գործակալությունը: Զեյբեքչին նաև հավելել է, որ 16 թուրքական ընկերություններ համապատասխան փաստաթղթեր ունեն Ռուսաստան միս արտահանելու համար, հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ՝ հունվարին, Անկարայում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Թոֆիք Մելիքովը հայտնել է, որ 2014 թվականի օգոստոսից Թուրքիայից Ռուսաստան մսի և մսամթերքի արտահանումն ավելացել է 6 անգամ: Նա հիշեցրել է, որ Անկարան չի միացել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, ինչի հետ կապված երկու երկրների միջև ակտիվացել են երկկողմ պաշտոնական կապերը: Մելիքովը նաև նշել է, որ օգոստոսից հունվար ընկած ժամանակահատվածում թուրք մատակարարների հետ 7 պայմանագիր է կնքվել պարենային ապրանքների արտահանման վերաբերյալ: Ռուսական առևտրային ներկայացուցչության ղեկավարի կարծիքով երկկողմ առևտրի ոլորտում դեռևս անհրաժեշտ է մի շարք տեխնիկական հարցեր կարգավորել, սակայն, ընդհանուր առմամբ, նա իրավիճակը դրական է գնահատել:

Նշենք, որ ուկրաինական ճգնաժամի համատեքստում Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ «չի ճանաչում Ղրիմի անօրինական միացումը Ռուսաստանին»: Թուրքական իշխանությունները նաև հայտարարեցին, որ մտադիր չեն ճանաչել 2014 թվականի մարտի 16-ի Ղրիմի հանրաքվեն, քանի որ այն «հակասում է միջազգային նորմերին»: Ղրիմի թաթարները բազմիցս դիմել են Թուրքիայի իշխանություններին՝ խնդրելով պաշտպանել իրենց շահերը: Չնայած այս հայտարարություններին՝ Թուրքիան իր արտաքին քաղաքականության համատեքստում բարեկամական հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի՝ էներգիայի իր գլխավոր մատակարարի հետ: Իհարկե, ուկրաինական ճգնաժամի սկզբում Թուրքիան հայտարարեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության, քաղաքական միասնության և ինքնիշխանության պահպանման կարևորության մասին, սակայն խուսափեց բացահայտ առճակատումից:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել էր Ուկրաինա, որտեղ հայտարարեց, որ Թուրքիան 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, ինչպես նաև 10 միլիոն ԱՄՆ դոլար մարդասիրական օգնություն է տրամադրելու Ուկրաինային: Եվ թեև իր այցի շրջանակներում Էրդողանը շեշտը դրեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության վրա՝ միաժամանակ հանդես չեկավ Ռուսաստանի դեմ բացահայտ մեղադրանքներով, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Թուրքիայի պասիվ դերակատարությունն ուկրաինական ճգնաժամում:

Հտականշական է, որ Ստամբուլում Ուկրաինայի նախկին գլխավոր հյուպատոս Բոգդան Յարեմենկոն «Радіо Свобода»-ի հետ զրույցում նշել է, որ ուկրաինական հակամարտության շրջանակներում Թուրքիան ցույց տվեց, որ նրա համար արժեքներ գոյություն չունեն, այլ կա միայն հարցի գինը: Չնայած նրան, որ Անկարան պաշտոնապես ՆԱՏՕ-ին համահունչ դիրքորոշում է ցուցադրում՝ միաժամանակ փորձում է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ կապված իրավիճակն օգտագործել տնտեսական շահեր ստանալու համար: «Գործնականում Թուրքիան ոչ միայն չի միանում այդ պատժամիջոցներին, այլ հակառակը, հայտարարում է ՌԴ-ի հետ համագործակցության ընդլայնման մասին: Ընդ որում, ոչ միայն առևտրային համագործակցության, այլ նաև գազատարների կառուցման և միջուկային ոլորտներում», - նշել է Յարեմենկոն: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    15 C°
     
    21°  14° 
    11.05.2024
    24°  12° 
    12.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: