ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիտորդական առաքելությունների կարևորությունը չճանաչված երկրների համար

Դիտորդական առաքելությունները ժողովրդավարական ընտրական գործընթացների ամենակարևոր բաղկացուցիչներից են: Դրանք նպատակ ունեն հետևելու նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներին՝ գնահատելով դրանց համապատասխանությունն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավական նորմերին:

Դիտորդական առաքելությունները մի կողմից ապահովում են լրացուցիչ երաշխիքներ ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթի ապահովման առումով, մյուս կողմից հանդիսանում են դրանց լրացուցիչ լեգիտիմություն հաղորդող կարևոր գործոն:

Թերևս հենց այս պատճառներից ելնելով` այսօր աշխարհի շատ պետություններ իրենց տարածքում կազմակերպած ցանկացած մակարդակի ընտրական գործընթացներում ցանկանում են ներգրավել դիտորդական առաքելություններ ինչպես միջազգային կազմակերպություններից, այնպես էլ առանձին երկրներից՝ ապահովելով նաև նրանց գործունեության լայն լուսաբանումը:

Եթե ճանաչված պետությունների համար դիտորդների նշանակությունը հստակ է, ապա չճանաչված պետությունների դեպքում նրանք ունեն առավել մեծ, սակայն մասամբ ոչ ակնհայտ կարևորություն: Դա վերաբերում է մասնավորապես այն պետական միավորումներին, որոնք որդեգրել են ժողովրդավարական զարգացման ուղին: Դրանց թվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Որպես կանոն, չճանաչված երկրները որևէ ակտիվ կամ սառեցված հակամարտության կողմ են, և, բնականաբար, անվտանգության լրջագույն սպառնալիքների պայմաններում ժողովրդավարության ուղղությամբ ձեռնարկված ցանկացած քայլ կարիք ունի աջակցության, լուսաբանման, ինչը մի կողմից կերաշխավորի դրանց արդյունավետությունը, մյուս կողմից կնպաստի ժողովրդավարության ուղուց չշեղվելուն: Չճանաչված պետությունների համար ընտրական գործընթացներն առաջին հերթին վերաբերում են նրանց անվտանգությանը, քանի որ ժողովրդի վստահությունը ստացած պաշտոնյաներն անվտանգային զգայուն միջավայրում պետք է կայացնեն այնպիսի որոշումներ, որոնք շատ հաճախ ուղղակիորեն առնչվում են քաղաքացիների ֆիզիկական և տնտեսական անվտանգությանը:

Միջազգային դիտորդական առաքելությունների դերն այս առումով տվյալ գործընթացների թափանցիկությանը և ժողովրդավարական նորմերին համապատասխանելուն հետևելն է: Անկասկած, դիտորդների ներկայությունը նաև որոշակիորեն պարտավորեցնող է ու մասամբ պաշտպանում է ընտրական գործընթացները հնարավոր տարբեր անցանկալի երևույթներից: Ավելին՝ դիտորդների կողմից գործընթացներին տրված օբյեկտիվ գնահատականը ևս բավական կարևոր է, քանի որ այն չճանաչված երկրներում ժողովրդավարության ուղղությամբ արձանագրված առաջընթացի, նրա քաղաքացիների կողմից սեփական իրավունքների իրացման վերաբերյալ միջազգային հանրությանը իրազեկման կարևորագույն բաղկացուցիչ է:

Այս առումով որոշակի բախում կա մարդու իրավունքների միջազգային նորմերի և իրականության միջև: Գաղտնիք չէ, որ իրավական հիերարխիայում մարդու իրավունքներին տրվում է առաջնահերթություն, սակայն աշխարհաքաղաքական ներկայիս իրողությունների պայմաններում չճանաչված պետությունների քաղաքացիները չեն կարողանում լիարժեք կերպով օգտվել տարբեր ակտերով ամրագրված իրենց իրավունքներից: Այս երկակի մոտեցումից տուժում են նաև ԼՂՀ քաղաքացիները, ովքեր մասամբ են օգտվում իրենց ազատ տեղաշարժի, կրթության և մի շարք այլ իրավունքներից: Նույնը վերաբերում է նաև ընտրական գործընթացներին:

Առնվազն տրամաբանական չէ, որ մի շարք կազմակերպություններ, որոնք իրենց գլխավոր առաջնահերթությունները համարում են մարդու իրավունքները և ժողովրդավարությունը, հրաժարվում են ԼՂՀ ուղարկել միջազգային դիտորդական առաքելություններ: Օբյեկտիվության համար պետք է նշել, որ, այնուամենայնիվ, որոշ խմբեր ու կազմակերպություններ առաջնորդվում են հենց մարդու իրավունքների գերակայության սկզբունքով և ակտիվորեն մասնակցում են ԼՂՀ ընտրությունների դիտորդությանը, ինչպես նաև լուսաբանման գործընթացներին:

Այս առումով որոշակի անելիք ունեն նաև հայաստանյան քաղաքացիական հասարակության կառույցները, ԶԼՄ-ները, տարբեր խմբեր և առանձին անհատներ: Այսօր առկա է հստակ խնդիր՝ ողջ աշխարհին ցույց տալ, որ չնայած ճանաչված չլինելուն՝ Արցախում անցկացվում են եվրոպական չափանիշներին համապատասխանող ժողովրդավարական ընտրություններ:

Թերևս այս առումով նպատակահարմար կլինի, որ Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր երբևէ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կամ միջազգային այլ կազմակերպությունների պատվիրակությունների կազմում մասնակցել են որևէ դիտորդական առաքելության, ցուցաբերեն նախաձեռնողականություն և (առանձին կամ նախաձեռնողական խմբով) դիտորդություն իրականացնեն նաև մայիսի սկզբին կայանալիք ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին: Բնականաբար, ցանկալի կլիներ նաև նրանց արտասահմանյան գործընկերների, Սփյուռքի ներկայացուցիչների ներգրավվումն այդ դիտորդական առաքելություններում:

Վստահաբար, ԼՂՀ իշխանություններն ամեն կերպ կաջակցեն նման հայրենանպաստ նախաձեռնությանը, ինչը կնպաստի ինչպես ԼՂՀ ժողովրդավարության կայացմանը, այնպես էլ ընտրությունների լեգիտիմության բարձրացմանը: 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: