Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները ապրիլի 22-ին մեկ րոպե լռությունից հետո ընդունել են համատեղ հայտարարություն՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են Ավստիրայում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ այս հայտարարության ընդունումը նշանակում է՝ Ավստրիան պաշտոնապես ընդունել և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Հայտարարության ընդունմանը ներկա են եղել նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հայտարարությունը սահմանում է, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է անում ժամանակակից Թուրքիային առերեսվել պատմությանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով:
Ավելի վաղ ավստրիական հեղինակավոր «Շտանդարտ» (Der Standard) պարբերականը անդրադարձել է հայտարարությանը ու ներկայացրել վերլուծություն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ փաստաթղթում հղում է արվում նաև Ավստրիայի պատմական պատասխանատվությանը, քանզի այդ տարիներին Ավստրո-Հունգարական կայսրությունը հանդիսանում էր Օսմանյան կայսրության դաշնակիցը:Պարբերականը տեղեկացնում է, որ 1.5 միլիոն հայերի սպանության փաստը վերջին շրջանում հանրային հնչեղություն է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Եվրոպական խորհրդարանի կողմից ցեղասպանություն որակվելու պատճառով: Ներկայացնելով Պապի հայտարարությունն առ այն, որ տեղի ունեցածը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»՝ «Շտանդարտը» նշում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի համար պապի խոսքերն «արժեք չունեն»:
«Առաջին անգամ իրավիճակն այլ է պաշտոնական Ավստրիայի համար»,- գրում է պարբերականն ու նշում, որ խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ հիշատակված է նաև Թուրքիայի տասնյակ հազարավոր քրիստոնյա այլ բնակիչների՝ արամեացիների, ասորիների, խալդեացիների, պոնտացի հույների կոտորածների փաստը:
Ըստ աղբյուրի, հայտարարության տեքստում ասվում է, որ «Ավստրիան պարտավորվում է սարսափելի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն և դատապարտել այն»: Միևնույն ժամանակ հայտարարությամբ կոչ է արվում Թուրքիային՝ առերեսվել իր անցյալի մութ ու ցավալի էջերին և Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը ճանաչել որպես ցեղասպանություն: