ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հերմինե Մխիթարյան. Համանախագահների հայտարարությունում նկատվում են դրական միտումներ

Կարծում եմ՝ անհրաժեշտ է անդրադառնալ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ապրիլի 30-ին ԼՂՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ  արված հայտարարությանը, ինչպես նաև մի փոքր անդրադարձ կատարել ֆրանսիական համանախագահի՝ Ադրբեջանի Interfax կայքին տված հարցազրույցին, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ:

Նման իրավիճակներում կարելի է ասել, որ ամենաօբյեկտիվը մի քանի նմանատիպ հայտարարությունների համադրումն է. բոլորս հիշում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հայտարարություններով հանդես է եկել և՛ 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների, և՛ 2012-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ, հետևաբար, որպեսզի  փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մոտեցումների դինամիկայի մեջ, անհրաժեշտ է դրանք իրար հետ համադրել:  Պետք է հստակ հասկանալ, որ համադրել չի նշանակում ընդհանուր համատեքստի հետ համաձայնել, այլ ուղղակի այստեղ կարիք կա նման կերպ նայելու հարցին՝ պատկերացնելու համար, թե ինչ փոփոխություններ են կրում համանախագահների մոտեցումները այս կամ այն հարցի՝ մասնավորապես ԼՂՀ-ում տեղի ունեցող համապետական ընտրությունների շուրջ:

Պետք է արձանագրել հետևյալը, որ եթե նախորդող երկու համապետական ընտրություններին Մինսկի խմբի համանախագահությունը հայտարարությամբ հանդես է եկել ընտրություններից հետո, այս անգամ անհրաժեշտ համարեց հանդես գալ ընտրություններից առաջ, ինչն ինքնին բավականին հետաքրքիր է: Կարելի է ասել, որ նախորդ փորձերը համանախագահներին ցույց են տվել, որ շահարկումների դաշտը անցնում է իր չափերն ու սահմանները, և, երևի թե, կարիք կար ընտրություններին անդրադառնալ նախօրոք և ոչ թե հետո: Ժամանակային այս տարբերության տրամաբանական այլ հնարավոր բացատրություն  ինքս չունեմ:

Ինչ վերաբերում է բովանդակությանը, այստեղ մենք արձանագրում ենք, պայմանականորեն կոչված առաջընթաց. մինչ այդ նրանք անդրադառնում էին հարցին հետևյալ կերպ, որ հասկանում են, ճանաչում են, պատկերացնում են ԼՂՀ «դե ֆակտո իշխանությունների կողմից ընտրությունների միջոցով իրենց բնակչության հասարակական կյանքը ժողովրդավարական կերպով կազմակերպելու կարիքը» (երկու նախորդներում էլ նման միտք է հնչում), ապա  ներկա պարագայում մենք ականատես ենք լինում հետևյալ մտքին՝ «հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք (այսինքն՝ համանախագահները)  ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում»: Այստեղ ունենք երկու էլեմենտ միանգամից. առաջինը շատ մոտ է, նույնիսկ կարող ենք ասել համընկնում է այն թեզի հետ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք. հետևաբար պետք է ունենա իր ապագան որոշելու հնարավորություն: Երկրորդ էական հանգամանքն այն է, որ այլ բան է «կազմակերպել սեփական բնակչության հասարակական կյանքը, թեկուզ և ժողովրդավարական կերպով»՝ ինչպես հնչում է նախորդ հայտարարությունների մեջ, և այլ բան է, որ «ճանաչում ենք ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում». սա միայն հասարակականը չէ: Այսինքն՝ մենք այստեղ տեսնում ենք, պայմանականորեն ասած, առաջընթաց ընկալումներում և պատկերացումներում: Ինչ վերաբերվում է երկրորդ հատվածին, այսինք՝ բոլոր եղած հայտարարություններում ընտրությունների ճանաչել-չճանաչելու արձագանքին, ես ուղղակի այս ընտրությունների կապակցությամբ արված հայտարարություններից ընդամենը հետևյալ մեջբերումը կանեմ. «համանախագահները չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա»՝ ոչ թե ընտրությունները, այլ ընտրությունների ազդեցությունը իրավական կարգավիճակի վրա: Այսինքն՝ սա կարելի է արձանագրել որպես նրանց ընկալումների դրական միտում: Սա այն չէ, ինչ մենք ակնկալում ենք որևէ կերպ, որովհետև մենք հստակ հասկանում ենք, որ տրամաբանությունից դուրս ինչ-որ բալանսներ պահպանելու, ստեղծելու, հորինելու փորձերը երբեք լավ արդյունքի չեն բերում: Հասկանում ենք նաև այն, որ ԼՂՀ-ն պետք է լինի բանակցային գործընթացի լիիրավ կողմ, հետևաբար պետք է ունենա դրա համար ձևավորած ամբողջական կառույցներ՝ բանակցողներից սկսած մինչև քաղաքական, պետական բոլոր մարմիններով: Հետևաբար  նրանց հանդես գալն այս տարբերակով մեզ համար իրապես ընդունելի չէ: Այնուամենայնիվ, իրենց իսկ արած հայտարարությունների համեմատությամբ փորձեցի առանձնացել նրանց ընկալումներում նկատվող միտումները:

Եվ, վերջապես, ինչ վերաբերում է ֆրանսիական համանախագահի տված հարցազրույցին, կարելի է ասել, որ այն ավելի շատ հարցեր է ստեղծում, քան պատասխանում հարցերին: Այս տեսակետից մի քանի բան առանձնացնենք: Առաջինն այն է, որ համանախագահը մի քանի անգամ անդրադառնում է «հակամարտության կողմեր» հասկացությանը՝ նշելով միայն երկու կողմ: Ես սա կապում եմ նրա հետ, որ համանախագահը նոր է և դեռ լիարժեք չի կարողացել պատկերացնել խնդիրը, այդ թվում՝ նաև այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հակամարտության կողմ եղել է և կա: Երկրորդ էական հանգամանքը բավական քամահրանքով վերաբերմունքն է կամ պատասխանն է խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Ես այստեղ նկատում եմ որոշակի անհեթեթություն, որովհետև այդ արտահայտությունն էապես տարբերվում է դրանից մի քանի օր առաջ արած համանախագահների ընդհանրական հայտարարություններից: Կոռեկտության չափաբաժնի հետ կապված խնդիրը ևս հավանաբար պայմանավորված է համանախագահի նոր լինելու, լիարժեք ամբողջ գործընթացի մեջ չմտնելու հետ: Եվ, վերջապես, երրորդը՝ որևէ բացատրություն չունենալով՝ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններին անցնելու սպասումն է: Ինչպե՞ս կարելի է անցնել շրջանակային համաձայնագրի` այսքան տարի չունենալով բանակցվող սկզբունքների շուրջ համաձայնություն: Բացի այդ, երբ սկզբունքներն անգամ համաձայնեցված չեն և մի քանի անգամ «տորպեդահարվել» են Ադրբեջանի կողմից, արդյո՞ք իմիտացիա չի լինելու այդ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններ կոչվածը (իմիտացիան Ադրբեջանի կողմից): Այսինքն, չտալով որևէ տրամաբանական բացատրություն, այսպես կոչված նախորդ փուլի տապալվելու վերաբերյալ, ինչպե՞ս կարելի է  ցանկություն ունենալ անցնելու հաջորդ փուլին, որի համար գոնե մեկ նախադրյալ այսօր որևէ կերպ չի երևում:          

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: