ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանին չհաջողեց իր կարծիքը պարտադրել ԱլԳ գործընկերներին

Ավարտվեց Արևելյան գործընկերության 4-րդ գագաթաժողովը, որի նպատակը, եթե ընդհանրական սահմանենք,  ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականությունը որոշակի փոփոխության ենթարկելն էր` հիմնվելով գործընկեր երկրների կարիքների և պահանջների, ինչպես նաև վերջին աշխարհաքաղաքական զարգացումներից քաղած դասերի վրա: Փորձենք հասկանալ, թե որքանով Ռիգայի գագաթաժողովի ընթացքում հաջողվեց նման փոփոխության սկիզբ դնել տարածաշրջանում առկա հակամարտությունների/թեժ գոտիների համատեքստում:

Եթե դիտարկենք գագաթաժողովի վերջնական փաստաթուղթը, ապա պետք է փաստենք, որ փաստաթղթի որոշ դրույթների շուրջ հաջողվել է ապահովել մի կողմից մասնակիցների տարբերակված մոտեցումները, մյուս կողմից էլ ցույց տալ հակամարտությունների/թեժ գոտիների միջև առկա առանցքային տարբերությունները: Սրա առաջին ապացույցը եղավ այն, որ փաստաթղթի ամենավիճարկելի արտահայտություններից մեկը` «Ղրիմի բռնազվաթումը», թեև տեղ գտավ փաստաթղթում, սակայն այն տարբերակով (արտահայտության օգտագործումը վերագրվեց միայն ԵՄ երկրներին),  որը որոշ ԱլԳ երկրների ազատեց բարդ երկընտրանքի առջև կանգնելուց:

Ինչ վերաբերում է մյուս`Ղարաբաղյան, Մերձդնեստրյան, ինչպես նաև Աբխազիայի և Օսիայի հիմնախնդիրներին, ապա նրանց վերաբերյալ փաստաթղթում օգտագործված բառախաղն ընդհանրական էր և նույնական 2013 թվականի  Վիլնյուսի գագաթաժողովի վերջնական փաստաթղթում օգտագործված բառախաղին: Այստեղ դեռևս տեսանելի չէին Արևելյան գործընկերության երկրների տարբերակված մոտեցումները:

Այս համատեքստում առանձնակի ուշադրության է արժանի Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող դրույթի շուրջ Ադրբեջանի  հերթական անգամ դրսևորած ոչ կառուցողական պահվածքը, երբ նա, սովորության համաձայն, վերջին օրը փորձեց հրաժարվել փաստաթուղթը ստորագրելուց: Սա կարելի է բնութագրել որպես ղարաբաղյան հակամարտության շուրջ իր դիրքորոշումը միջազգային հարթակում կոշտացնելու ադրբեջանական կողմի անհաջող փորձ, քանի որ  ինչպես արդեն նշեցինք, Ռիգայի վերջնական փաստաթղթում ղարաբաղյան  հակամարտությանը վերաբերող բառախաղը  գրեթե չէր տարբերվում Վիլնյուսի գագաթաժողովի վերջնական փաստաթղթում օգտագործված բառախաղից, որն ադրբեջանական կողմը ստորագրել էր առանց որևէ առարկության:  

Փոխարենը Ադրբեջանն ամեն ջանք գործադրեց փաստաթղթում զուգահեռներ տանելու Ղրիմի և Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության միջև` նպատակ ունենալով Ուկրաինայի օրինակով փաստաթղթում ներառել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ առանձին դրույթ (դրա մեջ դիտարկելով նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը): Սակայն Ադրբեջանին  Ռիգայի գագաթաժողովում չհաջողվեց իր կարծիքը պարտադրել ԱլԳ մյուս գործընկերներին: Սա խոսում է այն մասին, որ թե՛ ԵՄ-ն և թե՛ ԱլԳ գործընկեր երկրները հասկանում են տարածաշրջանի հակամարտությունների/թեժ գոտիների միջև առկա առանցքային տարբերությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: