ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ առաքելական եկեղեցի. «Մենք միշտ բաց ենք խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին»

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա»ՏՎԳ հարցազրույցը Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ,  Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի քարտուղարության մշտական անդամ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ: Այն կատարվել է  Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարի ժամանակ Աստանայում (Ղազախստան) «Հայաստան-Ղազախստան.համագործակցության հարթակներ»ծրագրի շրջանակներում,  որն  իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:

 

-         Պատմեք, խնդրեմ, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարներին Հայ առաքելական եկեղեցու մասնակցության մասին: Ի՞նչ նպատակ է հետապնդում մեր եկեղեցին՝ մասնակցելով այս համաժողովին:

-         Մեր եկեղեցու մասնակցությունը սկսվել է 2-րդ համագումարից: Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ հայ եկեղեցու պատվիրակությունն ընդունել է հրավերը և կանոնավոր կերպով մասնակցում է նաև կազմկոմիտեի նիստերին, որը կոչվում է Համագումարի քարտուղարություն: Ե´վ համագումարի, և´ քարտուղարության ժողովներն անցնում են գործնական մթնոլորտում, ունեն ընդլայնվելու միտվածություն: 2-րդ համագումարից հետո Քարտուղարությունն ուներ 12 մասնակից, այժմ թիվը կրկնապատկվել է: Արդեն այսօր՝ 5-րդ համագումարին 70-ից ավելի պատվիրակություն կա, ինչը վկայում է համագումարի ընդլայնվելու միտման և նրա գաղափարների տարածման մասին:  

Շատ հետաքրքիր է ընդհանուր ձևաչափը: Ղազախստանի նախագահ Նազարբաևի նախաձեռնությամբ և առաջարկով այն հաստատվել է երկխոսության հիմքի վրա, և այդ երկխոսությունը մենք, թե´ որպես հոգևորականներ, թե´ որպես համաշխարհային հանրության անբաժանելի մասնիկ, դիտում ենք որպես շատ կարևոր գործողություն: Դա կարևոր է նաև խաղաղության համար, չէ՞ որ մեկուսացումը խնդիրների հաղթահարման չի բերում:

-Աստանայում այսօր հավաքվել են տարբեր կրոնների ներկայացուցիչներ, և դա շատ ոգևորիչ է: Կարո՞ղ է այս համագումարը հակամարտություններից եռացող աշխարհի համար ուղերձ լինել:

- Բացման ժամանակ Ղազախստանի նախագահը մատնանշեց, որ աշխարհը գնում է դեպի խնդիրների կարգավորում, բայց դրանք օր-օրի ավելանում են: Մենք՝ որպես քրիստոնյաներ, գիտենք, որ մեր կյանքում խնդիրները միշտ էլ շատանալու են, սակայն մենք այդ խնդիրները տեսնելու և դրանց արձագանքելու կամք պետք է ունենանք: Չպետք է գլուխներս հողի մեջ թաղենք, այլ բաց ճակատով պետք է նայենք եղած խնդիրներին. սա է հենց համագումարի պատգամը:

Եթե դիտենք առաջին համագումարից մինչև հիմա ընկած ժամանակահատվածը, թե այս 15 տարում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել համաշխարհային առումով, ապա պետք է արձանագրենք, որ պատերազմները շատացել են, ի հայտ են եկել ֆինանսական ճգնաժամեր: Իսկ մենք ի՞նչ ենք անում նման խնդիրները հաղթահարելու համար: Բազում դրական գործողությունների շարքին պետք է դասել նաև այս համագումարը: Սա մի միջոց է, գործիք դժավարությունները տեսնելու և լուծումներ տալու համար:

- Ինչո՞վ է տարբերվում 5-րդ համագումարը նախորդներից:

- Ես տեսնում եմ ձևաչափի փոփոխություն. բացի կրոնական առաջնորդներից, այժմ համագումարին մասնակցում են նաև անվանի քաղաքական գործիչներ:

- Կարո՞ղ ենք ակնկալել, որ մեր եկեղեցին ակտիվորեն կշարունակի մասնակցել նման գագաթաժողովներում:

- Նախատեսվում է, որ համագումարները կանցկացվեն կանոնավոր կերպով, և Ղազախստանն էլ պատրաստակամություն է հայտնել անցկացնել դրանք: Մենք ողջունում ենք այդ պատրաստակամությունը: Եվ Վեհափառ Հայրապետ Գարեգին 2-րդը իր անձնական մասնակցությամբ ցույց տվեց, որ մեր եկեղեցին միշտ պատրաստ է նմանատիպ գործնական քայլերի: Մենք միշտ բաց ենք խաղաղությանը, հասարակությունների, երկրների միջև փոխհարաբերությունների բարելավմանն ուղղված նախաձեռնություններին: Լինելով ավանդական եկեղեցի, որն ունի իր դերն ու նշանակությունը համաշխարհային մշակույթում, մենք բոլորի հետ միասին պետք է փնտրենք խնդիրների լուծման ուղիները և այդ կարևոր գործում կատարենք փորձի փոխանակում:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: