ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ դեսպանը Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը համարում է փոխշահավետ

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 27-ին ընդունել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Տրայան Հրիսթեային և նրա ղեկավարած թիմին արդյունավետ և փոխադարձ վստահության վրա հիմնված աշխատանքի համար և նշել, որ դեսպանը մշտապես բաց է եղել համագործակցության համար և միշտ ըմբռնումով է մոտեցել բոլոր աշխատանքներին:

«Շատ հաջողություններ մենք արձանագրել ենք ձեր շնորհիվ: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից ոլորտի զարգացմանը նպաստող յուրաքանչյուր նախաձեռնություն և ամեն ինչ անելու ենք դրանք կյանքի կոչելու համար»,- ասել է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով, որ Նախարարության և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տեսակետները մեծամասամբ համընկնում են, որի արդյունքը արդյունավետ ու առողջ փոխգործակցությունն է:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը փոխշահավետ համագործակցության համար և ընդգծել, որ այն եղել է բացառիկ իր ծավալով և շատ արդյունավետ:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Հայաստանում արդարադատության ոլորտի կատարելագործման և դրա նկատմամբ հանրության վստահության բարձրացման ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ իրեն փոխարինող պաշտոնյայի հետ արդյունավետ համագործակցության բարի ավանդույթը կշարունակվի:

Նա բարձր է գնահատել Արդարադատության նախարարության օրենսդրական նախաձեռնությունները և կարևորել քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների իրականացման և որոշումների կայացման ոլորտում: 

«Այն, ինչ արվել և արվում է, պետք է ճիշտ ու բաց ներկայացնել հանրությանը, պետք է ապահովել արդյունավետ հաղորդակցություն, որը կբարձրացնի բարեփոխումների նկատմամբ հանրության վստահությունը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը նույնպես կարևորել է որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության դերը և ընդգծել, որ այն նպաստում է ավելի որակյալ և հանրության պահանջմունքները բավարարող օրենքներ ու ծրագրեր ունենալուն: «Հայաստանում արդեն ձևավորվել է ավանդույթ.պետական մարմիններն իրենց գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորում են բոլոր ձեռնարկներում հասարակության ներգրավվածության ապահովմամբ»,- նշել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Արսեն Մկրտչյանը կրկին շնորհակալություն է հայտնել Տրայան Հրիսթեային և իր ղեկավարած կառույցին կատարած աշխատանքների համար՝ հույս հայտնելով, որ առկա դրական ավանդույթը շարունակություն կունենա, և ՀՀ-ԵՄ հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կզարգանան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: