ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալմաթի՝ խնձորների, տարբեր ժողովուրդների և սպորտի քաղաք

 Ալմաթին խնձորների քաղաք է: Մի ժամանակ ողջ քաղաքում խնձորենիների շարքեր էին: Լեգենդի համաձայն` դրախտային այգին գտնվում էր վերին քաղաքի տեղում, և Ադամը հենց այստեղ է քաղել արգելված պտուղը:

 Ժամանակակից քաղաքի հիմքը դրվել է 1854թ. փետրվարի 4-ին, երբ ռուսական կառավարության կողմից որոշում է ընդունվում Մալայա Ալմատինկա գետի ձախ ափին կառուցել ռազմական ամրություն, որը սկզբում անվանեցին Զաիլիյսկոյե, այնուհետև՝ Վեռնոյե, Ալմատինսկոյե, Վեռնիյ: 1921թ. քաղաքը վերանվանվեց Ալմա-Աթա, որը թարգմանվում է որպես «Խնձորների հայր» կամ «Խնձոր-Պապ»:

1927-1936թթ. Ալմա-Աթան Կազակական Ինքնավար ԽՍՀ երկրորդ մայրաքաղաքն էր: 1936-ից, Ղազախական ԽՍՀ կազմավորումից, մինչև 1991թ. Ալմա-Աթան Ղազախական ԽՍՀ մայրաքաղաքն էր, իսկ 1991-1997թթ.՝ Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաքը (1997թ. երկրի մայրաքաղաքը տեղափոխվում է Աստանա, որն այն ժամանակ կոչվում էր Ակմոլա):

ԽՍՀՄ փլուզումից հետո քաղաքին վերադարձնում են նրա նախկին անվանումը՝ Ալմաթի: 1998թ. հուլիսի 1-ին քաղաքի հատուկ կարգավիճակի մասին օրենք է ընդունվում: Ոչ պաշտոնապես Ալմաթին անվանում են նաև «Երկրի հարավային մայրաքաղաք»:

Այս պահի դրությամբ Ալմաթին հանդիսանում է երկրի գիտական, մշակութային, պատմական, արդյունաբերական և ֆինանսական կենտրոնը: 2007թ. հունիսին քաղաքն ավելացվել է օտարերկրացիների համար աշխարհի ամենաթանկ 30 քաղաքների ցուցակում:

Ալմաթին Ղազախստանի ամենախոշոր քաղաքն է, ունի 1,5 մլն բնակչություն, այստեղ ապրում են ավելի քան 100 ազգությունների ներկայացուցիչներ:

Ալմաթիի Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի փոխնախագահ Կազբեկ Մանսուրովը «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում պատմեց, որ «1927թ. Վեռնի քաղաքում կար 40 էթնոս: Այնուհետև՝ մոտ 70, իսկ 1991-ին արդեն՝ 120 էթնոս: Իսկ վերջերս իր ելույթի ժամանակ երկրի նախագահն ասաց, որ երկրում բնակվում է շուրջ 140… Ղազախստանի զարգացման պատմության մեջ Ալմաթին զգալի քաղաք է, քանի որ այն և´ արդյունաբերական քաղաք է, և´ գիտական, և´ մշակութային, և´ սպորտային: Հենց այստեղ են ծնվում շատ գաղափարներ»:

Այո´, քաղաքը սպորտային է: 2011թ. Ալմաթիում անցկացվեցին Ասիական խաղերը, իսկ 2017-ին հարավային մայրաքաղաքում կանցկացվեն միջազգային ուսանողական խաղերը՝ «Ունիվերսիադա-2017»-ը: Իլյա Ուրազակովը, «Ունիվերսիադա-2017»-ի գործադիր տնօրենը պատմեց, որ Ալմաթին «զարգացած ենթակառուցվածքով, մեծ բնակչությամբ քաղաք է, երկրի ֆինանսական կենտրոնն է, որը բերում է հանրապետական բյուջեի մոտ 32%-ը: Այստեղ երիտասարդությունը շատ է, երկրի յուրաքանչյուր չորրորդ ուսանողը սովորում է Ալմաթիում: Խորհրդային տարիներին շատ հայտնի էր մեր հիանալի համալիրը՝ պատմական Մեդեուն, որը, ինչպես ասում էին, չեմպիոնների դարբնոց էր, այստեղ հսկայական թվով համաշխարհային ռեկորդներ են սահմանվել: Կամ էլ մեր գեղեցիկ լեռներն ու Շիմբուլակ համալիրը, որտեղ անցկացվում էին թե՛ խորհրդային, թե՛ միջազգային մակարդակի մրցաշարեր»:

Իլյա Ուրազակովը նշեց նաև, որ իրենց հաշվարկներով, Ունիվերսիադային կմասնակցի 50-55 երկիր: Այսօրվա դրությամբ կա հստակ 23 հայտ, որոնց մեջ է նաև Հայաստանը:

Դե ինչ, բարի երթ, Ունիվերսիա´դա: Բարի երթ, Ալմաթի´:

 

 

Նյութը տպագրվում է «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: