ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միասնականության պակասը՝ որպես քրդերի հիմնական խնդիր

Քրդերը պետականություն չունեցող ամենամեծաքանակ ժողովուրդներից են: Քուրդիստանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բացակայում են  հստակ ֆիզիկական և իրավաբանորեն ամրագրված քաղաքական սահմաններ:  Քուրդիստան անվանումը (որը նշանակում է  «քրդերի երկիր») վերաբերում է ոչ թե պետությանը, այլ միայն այն էթնիկ տարածքին, որտեղ քրդերը կազմում են բացարձակ կամ հարաբերական մեծամասնություն: Այս տարածքի ուրվագծերը պատմական կատակլիզմների հետևանքով բազմիցս փոխվել են՝ հիմնականում քուրդերի տարածքների ընդլայնման ուղղությամբ:  

Հին ժամանակներից սկսած քրդերը, որպես միասնական, ընդհանուր համայնք հավատարիմ մնալով իրենց մշակույթին և համառորեն պահպանելով իրենց յուրահատուկ ինքնությունը ոչ պակաս, քան երեք հազարամյակ, զբաղեցրել են  հսկայական տարածաշրջան: Այն զբաղեցրել է ներկայիս Իրանի հյուսիսարևմտյան, հյուսիսային Իրաքի,  հյուսիսային Սիրիայի և Թուրքիայի հարավարևելյան տարածքները, որը մասամբ հատվում է Արևմտյան Հայաստանի հետ:

13-րդ դարից հոծ քրդաբնակ տարածքների անվանման համար սկսվեց կիրառվել Քուրդիստան անվանումը: Քուրդիստանը որպես մեկ պետություն երբեք ամբողջությամբ անկախ չի եղել. 11-ից 19-րդ դարերում եղել են միայն կիսաանկախ քրդական իշխանություններ: Նրանք դարեր շարունակ կազմել են բուֆերային տարածք երկու մրցակից՝ շիա մահմեդական Սեֆեյան և սուննիական  Օսմանյան կայսրությունների միջև այնքան ժամանակ, մինչև վերջին քրդական իշխան Ադալան վերջնականապես զրկվեց իր իշխանությունից 1865 թվականին:

Օսմանյան կայսրության փլուզումից հետո 1919 թվականին նախագահ Վուդրո Վիլսոնը կոչ արեց քրդերի համար ստեղծել անկախ պետություն:  1920-ին օսմանցիների վավերացրեցին Սևրի պայմանագիրը, որով և դա նախատեսվում էր, բայց Քեմալ Աթաթուրքը, ով հիմնադրել է ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը, հրաժարվեց այն ընդունելուց: Իսկ 1923 թվականի Լոզանի  հերթական պայմանագրով ամբողջովին անտեսվեց անկախ Քուրդիստանի հարցը:

Ներկայումս քրդերը սփռված են Մերձավոր Արևելքի առնվազն չորս երկրների տարածքում (Իրան, Իրաք, Թուրքիա, Սիրիա), և ունեն մեծ եվրոպական սփյուռք: Թե իրականում որքան քուրդ են ապրում աշխարհում հստակ ոչ մի տվյալ գոյություն չունի: Հաշվարկները տատանվում են 20-ից մինչև 40 միլիոն: Այն երկրներում, որտեղ նրանք ապրում են, երբեք էթնիկ մարդահամար չի անցկացվել: Կարելի է ենթադրել, որ դա ունի նաև որոշակի կանխամտածված հիմքեր:

Առավել ճշմարտանման գնահատականները ցույց են տալիս, որ Թուրքիայում ապրում են  15 մլն, իսկ Իրանում 7-8 մլն քրդեր:  Սիրիայում բնակվում է մոտ 2.1 մլն, ընդ որում՝ նրանցից 800.000-ը չունեն քաղաքացիություն: Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության հայտնած տվյալների համաձայն՝ այնտեղ ապրում է 5.3 միլիոն մարդ, իսկ Իրաքի իշխանությունները հայտնում են 4.3 միլիոնի մասին, քանի որ այն թույլ է տալիս նվազեցնել քրդական մարզերին հատկացված միջոցների գումարը:  

Ինչ վերաբերում է Եվրոպայի առկա սփյուռքին, ապա Գերմանիայում ապրում է 800.000 քուրդ (որոնց մեծ մասը գաղթել են Սիրիայից և Թուրքիայից), Շվեյցարիայում՝ 100.000 (Իրաքից և Իրանից), Մեծ Բրիտանիայում 90.000 (Իրաքից) և Ֆրանսիայում 120.000-ից 150.000 (մեծամասամբ Թուրքիայից): Այնուամենայնիվ, այս թվերը դժվար թե կարելի է ճշգրիտ համարել՝ հաշվի առնելով անօրինական միգրացիայի հոսքերը: Քուրդ ժողովուրդ առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև ազգային նպատակների կյանքի կոչման հարցում առկա հիմնական խոչընդոտը նրանց միասնականության պակասն է: Տանրանջատիչ գծերը բազմաթիվ են՝ քաղաքական, ցեղային, կրոնական և այլն:

Հարկ է նշել, որ քրդերը բաժանվում են երկու հիմնական մասի` հյուսիսային քրդեր կամ կուրմանջներ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Սիրիա, Իրանի և Իրաքի որոշ շրջաններ) և հարավային քրդեր կամ սորաններ (Իրաք և Իրան), որոնք միմյանցից տարբերվում են ազգագրական, մարդաբանական և լեզվական մի շարք հատկանիշներով։

Քրդական միևնույն ցեղերի և ընտանիքների անդամները կարող են բնակվել միանգամից մի քանի երկրների տարածքներում, իսկ որոշ քաղաքական կուսակցություններ իրենց ազդեցությունը կարող են տարածել նույնիսկ ազգային սահմաններից դուրս:

Այսպես օրինակ՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն (PKK), ունի մի քանի  ենթաճյուղեր յուրաքանչյուր երկրում. Սիրիայում՝ Ժողովրդավարական միությունը, Իրանում՝ Քուրդիստանի ազատ կյանք կուսակցությունը: Բացի այդ, Սիրիայի քրդական կուսակցությունները հաճախ եղել են  Իրաքի երկու խոշոր կուսակցությունների՝ Բարզանիի «Քուրդստանի դեմոկրատական կուսակցության» և  Թալաբանիի «Քուրդիստանի հայրենասիրական միության» համախոհները:  

Բոլոր քրդերի երազանքն է ապրել միասնական անկախ Քուրդիստանում:

Նրանք ընդգծում են, որ ունեն դրա  անհրաժեշտ բոլոր չափանիշները (տարածքային շարունակականությունը, լեզու, մշակույթ, պատմություն), և առհասարակ անկախ պետություն ունենալու իրավունք: Սակայն պետք է նշել այն փաստը, որ իր կազմավորումից ի վեր Քուրդստանի բանվորական կուսակցությունը մի քանի անգամ փոխել է Քուրդիստանի ապագայի հետ կապված իր տեսլականը:

Քրդական ուժերի միջև առկա հակասությունները դրսևորվում են նաև այսօր, երբ քրդերի նկատմամբ պայքար են մղում ինչպես ԻՊ-ն, այնպես էլ Թուրքիան: Նույնիսկ ռազմական գործողությունների անցկացման ժամանակ քուրդ քաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ միմյանց հետ: Օրինակ՝ սիրիական Քուրդիստանում կան հակասություններ գլխավոր կուսակցություն դառնալու հավակնություն ունեցող  «Դեմոկրատական միասնության» և մյուս քրդական կուսակցությունների միջև:   Բարզանիի աջակցությամբ ստեղծված Քրդական ազգային խորհուրդը, որը նախատեսված է հարթելու այդ տարաձայնությունները, ըստ էության, չհանգեցրեց քաղաքական միավորման:  Դեմոկրատական միասնություն կուսակցությունն իր սեփական զինված ուժերը ունենալով և բաղկացած լինելով մոտ 15 հազար անդամներից, չի ցանկանում ոչ միայն կիսել իշխանությունը երկրում առկա ավելի  փոքր կուսակցությունների հետ, այլև նույնիսկ համագործակցել այլ քաղաքական կազմակերպությունների, այդ թվում, Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ:

Քրդական համայնքներն, ըստ էության, տարիներ շարունակ վարել են միմյանցից անկախ ապրելակերպ և երբեք չեն ապրել մեկ ընդհանուր քրդական իշխանության ենթակայության տակ, ինչն էլ բարդացնում է տարբեր հարցերում միասնական դիրքորոշմամբ հանդես գալու հնարավորությունը: 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարող ենք ենթադրել, որ համաքրդական խնդիրների լուծումը և միացյալ Քուրդիստանի ստեղծման քայլերն իրատեսական կարող են համարվել միայն քրդերի միասնականություն ապահովման դեպքում, ինչն այսօր այդքան էլ չի ստացվում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: