ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքյան Քուրդստանում չեն կարողանում նախագահ ընտրել

Իրաքյան Քուրդստանում լրջագույն ներքաղաքական ճգնաժամ է հասունանում: Պատճառը քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի պաշտոնավարման ժամկետի ավարտն է: Նշենք, որ Բարզանին այս պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից: Նույն թվականին Իրաքյան Քուրդստանի խորհրդարանը, որտեղ մեծամասնություն է կազմում Բարզանի Քուրդստանի դեմոկրատական կուսակցությունը, օրենք ընդունեց, որի համաձայն նախագահը կարող է միայն մեկ անգամ վերընտրվել: 2013 թվականին, երբ ավարտվեց Բարզանիի պաշտոնավարման ժամկետը, Իրաքյան Քուրդստանի խորհրդարանը 2 տարով երկարաձգեց այն: Նույն հոդվածում նաև նշվում էր, որ Բարզանիի պաշտոնավարման ժամկետը երկրորդ անգամ չի կարող երկարաձգվել:

Այսօր այդ ժամկետն ավարտվում է, և Բարզանիի կուսակցությունը պնդում է, որ ընտրությունների բացակայության պայմաններում այն պետք է երկարաձգվի ևս 2 տարով: Կուսակցության կարծիքով այս պահին ընտրությունների անցկացումը նպատակահարմար չէ̦ քանի որ Իրաքյան Քուրդստանը պատերազմական վիճակում է գտնվում: Թեև 2005 թվականին ընդունված նախագահական օրենքի համաձայն, եթե նախագահի պաշտոնը թափուր է մնում, ինքնավար շրջանի նախագահությունը պետք է ստանձնի խորհրդարանի խոսնակը, իսկ նախագահական ընտրություններն էլ պետք է անցկացվեն 60 օրվա ընթացքում: Խորհրդարանի խոսնակի պաշտոնն այս պահին զբաղեցնում է ընդդիմադիր Գորան շարժման ներկայացուցիչը: Այս շարժումը խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժն է Բարզանիի կուսակցությունից հետո:

Այս տարաձայնություններին վերջ տալու համար Իրաքյան Քուրդստանի Դատական խորհուրդը, որը քրդական շրջանի գերագույն դատական իշխանությունն է, հայտարարություն է տարածել, որի համաձայն Բարզանիի նախագահության ժամկետը 2 տարով երկարաձվել է: Սակայն, ինչպես նշում է Al-Jazeera-ն, Գորան շարժումը հայտարարել է, որ այս որոշումն անօրինական է:

Իր հերթին, Բարզանին ավելի վաղ կոչ է արել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, եթե քաղաքական ուժերը չկարողանան համաձայնության գալ, գրում է Ekurd Daily պարբերականը: Բարզանին նշել է, որ ԱՄՆ և եվրոպական երկրներ կատարած իր վերջին այցերը անկախության հույս են ներշնչում, իսկ ներկա ճգնաժամը լրջորեն սպառնում է քրդական ինքնավարության անկախության ձգտումներին:

Ինչպես նշում է Al-Monitor-ը, նախագահն այս պահին ամենաազդեցիկ պաշտոնյան է Իրաքյան Քուրդստանում, ում ձեռքում է կենտրոնացված ողջ գործադիր իշխանությունը: Քրդական համակարգում, որը համարվում է նախագահական կամ կիսանախագահական, խորհրդարանը շատ քիչ լիազորություններ ունի:

Հետևաբար, նման անկայուն իրավիճակում, երբ Իրաքյան Քուրդստանը մի կողմից պայքարում է ԻՊ-ի առաջխաղացման դեմ, մյուս կողմից, դեռևս վերջնականորեն չի կարողանում հարթել իր տարաձայնությունները Բաղդադի կառավարության հետ, նման քաղաքական ճգնաժամը կարող է լուրջ հետևանքներ ունենալ քրդական շրջանի համար: Ի վերջո, պետք է փաստել, որ Բարզանիի ղեկավարության ներքո քրդական զինված ուժերը` փեշմերգան, Իրաքի տարածքում ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարող ամենարդյունավետ ուժն են դարձել: Բացի այդ, Բարզանին իր նախագահության տարիներին մեծապես բարձրացրել է քրդական շրջանի միջազգային հեղինակությունը` հարաբերություններ հաստատելով արևմտյան և տարածաշրջանային երկրների, այդ թվում նաև Թուրքիայի հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: