ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի սահմանադրական փոփոխություններ. ի՞նչ են ցանկանում կողմերը

Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական զարգացումներն օրերս հանգեցրին զանգվածային բախումների և ծայրահեղական ուժերի կողմից Գերագույն Ռադայի գրոհին, որտեղ քննարկվում էր Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը: Անդրադառնանք Սահմանադրական փոփոխությունների նպատակին և կողմերի դիրքորոշումներին:

 Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը սահմանվել է ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Մինսկի համաձայնագրով: Համաձայնագրում ամրագրվել է, որ «մինչև 2015թ. ավարտն Ուկրաինայում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, որի հիմնական բաղադրիչը պետք է լինի ապակենտրոնացումը (հաշվի առնող Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջանների առանձնահատկությունները` համաձայնեցված այդ շրջանների ներկայացուցիչների հետ), ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի վերաբերյալ մշտական օրենսդրության ընդունումը»։

 Ուկրաինական իշխանություններն այժմ նպատակ են հետապնդում չտապալել ճգնաժամի կարգավորման գործընթացը՝ միաժամանակ չգնալով մեծ զիջումների:

 Հասարակության լայն շրջանակների և հատկապես առավել ծայրահեղական տրամադրված զանգվածի համար ընդունելի չէ Լուգանսկին և Դոնեցկին հատուկ կարգավիճակի շնորհումը: Դա նրանց կողմից ընկալվում է, որպես Ուկրաինայի ֆեդերալիզացիայի քայլ և սպառնալիք տարածքային ամբողջականությանը: Ուստի Մայդանի առավել ծայրահեղական շերտն այս համաձայնագիրը չափազանց մեծ զիջում է համարում Կիևի կողմից և Պորոշենկոյին մեղադրում է ուկրաինական պետական շահի դավաճանության մեջ: Այստեղ իրենց դերակատարումն են ունենում նաև մայդանի այն ուժերը, որոնք իշխանության ձևավորումից հետո հայտնվեցին լուսանցքում՝ չկարողանալով բավարարել իրենց քաղաքական հավակնությունները: Պատահական չէ, որ օգոստոսի 31-ի ցույցի առավել ակտիվ մասնակիցներից մեկը Տյագնիբոկն էր, որ Յացենյուկի և Կլիչկոյի հետ ժամանակին փորձում էր ստանձնել Մայդանի հեղափոխության ղեկավարությունը:

 Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ձգտում են առավել մեծ ինքնավարության և դրա առավել կայուն ամրագրման: Նրանք պահանջում են Դոնեցկի և Լուգանսկի հատուկ կարգավիճակն ամրագրել Սահմանադրությամբ, ոչ թե առանձին օրենքով: Օրենքում փոփոխություն կատարելու համար հետագայում անհրաժեշտ կլինի խորհրդարանի ձայների պարզ մեծամասնությունը, իսկ Սահմանադրությունը փոխելը շատ ավելի բարդ է:

 Պորոշենկոն, իր հերթին, փորձում է, կատարելով Մինսկի համաձայնագրի պահանջները, խուսափել հատուկ կարգավիճակի ամրագրումից: Ներկայացված սահմանադրական փոփոխությունների փաթեթը ենթադրում է ՏԻՄ կառուցվածքային փոփոխություններ, դրանց որոշ լիազորությունների ավելացում: Լուգանսկի և Դոնեցկի շրջանների հատուկ կարգավիճակի հիշատակումից խուսափելու համար Սահմանադրության ամփոփիչ դրույթներում ամրագրվում է այս շրջանների կառավարման յուրահատկությունների առկայությունը, որոնք սահմանվում են առանձին օրենքով: Միաժամանակ, Պորոշենկոյի կողմնակիցներն իրենց հրապարակային ելույթներում վստահեցնում են հանրությանը, որ այս օրենքը Լուգանսկում և Դոնեցկում շատ ավելի քիչ ինքնուրույնություն է ենթադրում, քան Ուկրաինայի այլ շրջաններում և որ հետագայում այն կարելի է փոփոխությունների ենթարկել:

 Բացի այդ՝ Պորոշենկոյի կողմից առաջարկվող Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ընդլայնելով ՏԻՄ լիազորությունները, միաժամանակ պահպանում է նախագահի լծակները նրանց հանդեպ: Ենթադրվում է ձևավորել նախագահի կողմից նշանակվող պրեֆեկտի պաշտոն, որը կվերահսկի համայնքների գործունեությունն ու որոշումների հակասահմանադրական լինելու դեպքում լիազորված կլինի կասեցնել դրանց գործունեությունը: Միաժամանակ, համայնքների կողմից երկրի տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը սպառնալիք ներկայացնող որոշման ընդունման դեպքում նախագահը ևս լիազորություն կունենա կասեցնելու այդ որոշումը և նույնիսկ հեռացնելու համայնքի ղեկավարին՝ հայտարարելով արտահերթ ընտրություններ:

 Հանրության դժգոհությունը հարուցում է նաև սահմանադրական փոփոխությունների գործընթացում հանրային քննարկումների, լսումների բացակայությունն ու դրանք հանրաքվեի չդնելը: Բնական է, որ դա արվում է երկրի ներկայիս անկայուն քաղաքական իրավիճակում լրացուցիչ լարվածությունից խուսափելու և գործընթացի տապալման հավանականությունը նվազեցնելու համար:

 Մեծ է պաշտոնական Կիևի վրա նաև արտաքին ճնշումը, քանի որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը պահանջում են հետևել Մինսկի գործընթացի տրամաբանությանը և կատարել ստանձնած պարտավորությունները:

 Սահմանադրության փոփոխությունն ու Լուգանսկի և Դոնեցկի կարգավիճակի հարցի լուծումն այն անկյունաքարային դրույթներն են, որի շուրջ համաձայնության դեպքում հնարավոր է խոսել ճգնաժամի կարգավորման իրական առաջընթացի մասին: Սակայն դրա համար իրական քաղաքական կամք ու փոխադարձ վստահություն է անհրաժեշտ, իսկ առկա իրավիճակը փաստում է դրանց իսպառ բացակայությունը: Հազիվ թե Պյոտր Պորոշենկոյի քաղաքական կապիտալն ու հեղինակությունը բավարարեն թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում սահմանադրական փոփոխությունների այս տարբերակն ընդունելի դարձնելու և հարցը կարգավորելու համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: