ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք-քրդական բախումներ արդեն Եվրոպայում

Թուրքական իշխանությունների հրահրած պայքարը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ դուրս է գալիս Թուրքիայի սահմաններից` տարածվելով ոչ միայն հարևան երկրներում, այլ նաև Եվրոպայում: Գերմանիայի մի շարք քաղաքներում` Ֆրանկֆուրտում, Շտուտգարտում, Բեռլինում, արյունալի բախումներ են գրանցվել թուրքերի և քրդերի միջև, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ են վիրավորվել: Ինչպես տեղեկացնում է Kurdistan.ru կայքը, ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել՝ բռնությունը դադարեցնելու համար:

Նշենք, որ Գերմանիայում տարբեր տվյալներով շուրջ երկու միլիոն թուրք և մեկ միլիոն քուրդ է բնակվում: Վերջիններիս զգալի մասը Գերմանիայում հայտնվել է մերձավորարևելյան, հատկապես սիրիական հակամարտությունից փախչելու արդյունքում:

Գերմանիայում քրդերի և թուրքերի միջև բախումները սաստկացան այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները հայտարարեցին Ջիզրայում պարետային ժամ մտցնելու և լարվածության գոտում «ահաբեկիչների զտումներ իրականցնելու մասին»: Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ գործողության արդյունքում PKK-ի 32 զինյալ է սպանվել և միայն մեկ խաղաղ բնակիչ: Սակայն քրդական ուժերը պնդում են, որ ավելի քան երկու տասնյակ խաղաղ բնակիչ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ:

Հատկանշական է, որ Բեռլինում «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական կազմակերպության հետ կապված ավելի քան 100 թուրքեր բախումների մեջ են մտել քրդերի հետ: Նշենք, որ «Գորշ գայլերը» (Bozkurt) ամենահայտնի թուրք ազգայնական կազմակերպություններից է, որը եվրոպական երկրներում հիմնականում գործում է սպորտային և մշակութային կազմակերպությունների միջոցով: Թուրք-քրդական բախումներում «Գորշ գայլերի» ներգրավվածությունն ապացուցում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակտիվացնում է ազգայնական զանգվածներին քրդերի դեմ: Դրա վառ ապացույցն է նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի ողջ տարածքում ազգային փոքրամասնություների դեմ ոնտձգություններ են գրանցվում ազգայնականների կողմից:

Նման պայմաններում խաղաղություն հաստատելու հույսերն աստիճանաբար մարում են` թեև միջազգային կառույցները շարունակում են հայտարարել բռնությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, Եվրոպայի խորհուրդը կոչ է արել դադարեցնել Ջիզրայում լարվածությունը: «Ես կոչ եմ անում իշխանություններին ապահովել անկախ դիտորդների մուտքը Ջիզրա՝ պարզաբանելու այն տեղեկություններն, որ այդ քաղաքում թուրքական անվտանգության ուժերը ոտնահարում են մարդու իրավունքները», - հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը: Ընդունելով PKK-ի դեմ գործողություններ իրականացնելու թուրքական իշխանությունների իրավունքը` ԵԽ հանձնակատարն ընդգծել է, որ «նման գործողությունների համաչափությունն ու օրինականությունը պետք է լավ ուսումնասիրվի»:

Թուրք-քրդական հակամարտության օրեցօր սրացումը և թուրքական իշխանությունների գործողություններում ազգայնականների մասնակցությունը գրեթե զրոյին են հավասարեցնում ճգնաժամի խաղաղ կարգավորման հույսերը: Քրդական ուժերը կարծում են, որ թուրքական ղեկավարության թիրախը ոչ թե PKK-ն է, այլ երկրի խորհրդարանում քրդական ներկայացվածությունը, որի հետ Էրդողանը մտադիր չէ հաշտվել: Եվ եթե առաջիկա ընտրություններում նրան հաջողվի բացառել քրդերի ներկայությունը խորհրդարանում, գուցե քրդական կարգավորման գործընթացը կրկին գործի դրվի, իսկ «թշնամի և անջատողական» քրդերն էլ կրկին «եղբայր» դառնան: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: