ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ են Թուրքիայում հայտարարված «անվտանգության գոտիները» տարբերվում պատմության մեջ հայտնի գետտոներից

Ի՞նչ են իրենցից ներկայացնում Թուրքիայի իշխանության կողմից հայտարարված «անվտանգության գոտիները», որոնց թիվը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկրում շարունակվող քաոսի պատճառով արդեն գերազանցել է հարյուրը: Ինչո՞վ են այսպես կոչված «անվտանգության գոտիները» տարբերվում պատմության մեջ հայտնի գետտոներից: Դատելով այդ «անվտանգության գոտիներում» տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման և միայն ազգային պատկանելության պատճառով անմեղ մարդկանց դեմ իրականացվող ամենադաժան բռնությունների մասին տեղեկություններից` կարելի է ասել, որ գրեթե ոչնչով:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպես, օրինակ, International Alert-ը, Եվրոպայի Խորհուրդը, ԱՄՆ-ում հաստատված Human Rights Watch-ը, կոչ են անում Թուրքիայի կառավարությանն ապահովել իրենց անկախ դիտորդների մուտքն անվտանգության գոտիներ անվանումը ստացած այդ սև խոռոչները, որոնք պատահական չէ, որ հիմնականում հայտարարվում են Թուրքիայի քրդաբնակ բնակավայրերում: Այդ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները փաստում են, որ իրենք լուրջ հիմքեր ունեն պնդելու, որ այդ տարածքներում, որտեղ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով պարետային ժամ է հայտարարվել, տեղի են ունենում փոքրամասնությունների իրավունքների լուրջ խախտումներ:

Սակայն Թուրքիայի կառավարությունը ոչ միայն արգելում է միջազգային կառույցների ներկայացուցիչների մուտքն այդ սև խոռոչներ, այլև երկրում սահմանափակելով մամուլի ազատությունը՝ կարողանում է գաղտնի պահել այդ տարածքներում շարունակվող բռնությունները: Այս նպատակով Թուրքիայի կառավարությունն արգելում է ոչ միայն միջազգային, այլ նաև ցանկացած կողմնակի անձի, այդ թվում տեղի իրավապաշտպանների և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մուտքն այդ շրջաններ: Այնուամենայնիվ, տարբեր աղբյուրներից դուրս սպրդող տեղեկատվությունն արդեն իսկ լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

Օրինակ՝ Human Rights Watch կազմակերպության ավագ հետազոտող Էմմա Սինկլեր Ուեբն իր զեկույցում նկարագրում է, թե ինչպես են թուրք ոստիկանները դաժան ծեծի ենթարկում նրանց, ովքեր, «խախտելով պարետային ժամի կանոնները», փորձում են վիրավոր անձանց հասցնել հիվանդանոց: Այդ՝ այսպես կոչված անվտանգության գոտիներում անգամ վիրավոր երեխաները չեն կարողանում բժշկական օգնություն ստանալ: Նույն զեկույցը պատմում է 17 տարեկան մի տղայի մասին, ում երկար ժամանակ թույլ չեն տվել ստանալ բժշկական օգնություն աչքի հատվածում վնասվածք ստանալուց հետո, ինչի հետևանքով նա գրեթե զրկվել է մի աչքի տեսողությունից:

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանականները զեկույց են ներկայացրել Թուրքիայի քրդաբնակ Ջիզրե գավառում 8 օր շարունակվող պարետային ժամերի ընթացքում տեղի ունեցած վայրագությունների մասին: Զեկույցում ասվում է, որ այդ 8 օրերի ընթացքում հանրային հիվանդանոցում ընդամենը մեկ բժիշկ է եղել, բայց քանի որ ոստիկանները արգելափակել էին հիվանդանոցի մուտքը, անգամ այդ մեկ բժիշկը չի կարողացել բժշկական օգնություն ցուցաբերել վիրավոր անմեղ բնակիչներին: Հայտարարված պարետային ժամերի պատճառով բնակիչներն անգամ չեն կարողացել հուղարկավորել իրենց մահացած հարազատներին և ստիպված են եղել այդ ողջ ընթացքում նրանց մարմինները պահել իրենց տներում: Տարբեր աղբյուրների տվյալներով՝ միայն այդ ութ օրերի ընթացքում մահացել է 20 անմեղ քաղաքացի, այդ թվում կանայք և երեխաներ:

Ամենասարսափելին այն է, որ 21-րդ դարում միջազգային հանրությունը կարող է անտարբեր մնալ մարդու իրավունքների դեմ իրականացվող նման զարհուրելի արարքների հանդեպ՝ լավագույն դեպքում բավարարվելով պարզապես «անհանգստություն» արտահայտող հայտարարություններով: Այնինչ այդ արարքները քիչ են տարբերվում 100 տարի առաջ Թուրքիայի ներկայիս իշխանությունների նախնիների կողմից հայերի դեմ իրականացված հանցագործություններից: Միակ բացառությունն այն է, որ ներկայիս Թուրքիայի իշխանությունն ունի ավելի լավ գործիքակազմ՝ իր այդ արարքները կոծկելու համար: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել ՆԱՏՕ անդամ երկրների որոշումը. այն ժամանակ, երբ Թուրքիայում տեղի են ունենում նման սարսափելի իրադարձություններ, Ստամբուլում անցկացնել ՆԱՏՕ-ի եռօրյա նիստ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: