ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրեական նոր տներ Արևելյան Երուսաղեմում. «երկու պետություն» սկզբունքը վտանգված է

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է Արևելյան Երուսաղեմում նոր բնակավայրեր կառուցելու ծրագիը: Reuters գործակալությունը հայտնում է, որ խոսքը գնում է Ռամաթ Շլոմո և Ռամոթ բնակավայրերում 454 տների շինարարության մասին: Նեթանյահուն հայտարարել է, որ հրեաներն իրավունք ունեն ապրել Երուսաղեմի ցանկացած հատվածում: Այս քայլը հարցականի տակ է դնում պաղեստինա-իսրայելական հակամարտության «երկու-պետություն» լուծման սկզբունքը, մինչդեռ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն հրապարակավ հայտարարեց այս սկզբունքին իր հավատարմության մասին:

Պաղեստինի ազգային ինքնավարությունը քննադատել է Իսրայելի բնակարանաշինության ծրագիրը` որակելով այն որպես «միջազգային իրավունքի կոպիտ խախտում», որի նպատակն է կանխել Պաղեստին պետության հիմնումը: Նշենք, որ պաղեստինցիներն Արևելյան Երուսաղեմը համարում են ապագա Պաղեստին պետության մայրաքաղաքը և ընդդիմանում են այդտեղ իսրայելական վերահսկողությունն ընդլայնելու ցանկացած փորձի: Այսօր Արևելյան Երուսաղեմում 310 հազար պաղեստինցիների կողքին 200 հազար հրեա է ապրում՝ 15 իսրայելական ապօրինի բնակավայրերում:

Middle East Eye կայքը հիշեցնում է, որ Ռամաթ Շլոմո բնակավայրում 1600 նորաբնակների համար տներ կառուցելու իր ծրագրերի մասին Իսրայելը հայտարարել է 2010 թվականին: Այդ նույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Իսրայել կատարած այցի ընթացքում խստորեն քննադատել է կառավարության բնակարանաշինության ծրագիրն, ինչից հետո լարվածությունը թուլացնելու համար այն սառեցվել է: Սակայն այս տարվա մայիսին արդեն իսկ որոշում էր ընդունվել 900 տան կառուցման վերաբերյալ, իսկ հիմա էլ հաստատվում է հերթական 454-ինի նախագիծը:

Աշխարհի գերակշռող մասն անօրինական է համարում հրեական բնակավայրերի կառուցումը 1967 թվականի պատերազմի արդյունքում Իսրայելի կողմից բռնակցված տարածքներում: Միացյալ Նահանգներն, ինչպես նաև արևմտյան մյուս երկրները քննադատում են Իսրայելի բնակարանաշինության քաղաքականությունը:

Չնայած դրան, Նեթանյահուն շարունակում է բնակարանաշինության քաղաքականությունն, ինչը պաշտոնավարման ընթացքում դարձել է նրա քաղաքականության հիմնական գծերից մեկը: Ավելին, Նեթանյահուն հայտարարում է, որ «մտադիր չէ տեղահանել բնակեցվածներին», ինչը լրջորեն հարցականի տակ է դնում երկու պետությունների գոյությունը ենթադրող լուծումը: Ինչպես նշում է The New York Times-ն, իր ընթացիկ պաշտոնավարման ընթացքում Նեթանյահուն տարեկան 252 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսում բնակարանաշինության վրա: Նախորդ 6 տարիներին այդ թիվը կազմում էր 243 միլիոն: Իսրայելի կառավարությունը 2014 թվականին Արևմտյան ափի յուրաքանչյուր բնակչի վրա 950 դոլար է ծախսել, ինչը գրեթե 2 անգամ ավել է, օրինակ, Թելա Ավիվում ապրող բնակչի վրա ծախսվող գումարից: Իսկ առավել մեկուսացված բնակավայրերում ապրողների վրա իսրեյալական կառավարությունը միջինում 1483 դոլար է ծախսում:

Այս թվերը հստակ վկայում են Իսրայելի հետևողական քաղաքականության մասին, որի նպատակն է յուրացնել պաղեստինյան տարածքները, ինչն առավել կբարդացնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: