ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որքանո՞վ է իրական Թուրքիա-Հունաստան հարաբերությունների ամրապնդումը

Դարեր շարունակ թշնամական բնույթ կրող Թուրքիա-Հունաստան հարաբերություններում, կարելի է ասել, նկատվում է որոշակի առաջընթաց: Այս անգամ երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու նպատակով երկրները դիմել են  «ֆուտբոլային դիվանագիտությանը», ինչի հետ կապված էլ օրերս Թուրքիա է ժամանել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

Հարկ է նշել, որ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի և Հունաստանի ընտրանու հետ  ընկերական խաղից առաջ թուրք երկրպագուները սուլոցներով անարգել են Հունաստանի հիմնը, ինչպես նաև Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին նվիրված  լռության րոպեն՝ վանկարկելով «Ալլահ Աքբար»:

Ոչ-ոքի ավարտված ֆուտբոլային խաղից հետո երկու երկրների վարչապետերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ անդրադարձել են փախստականներին, Կիպրոսի հիմնահարցի կարգավորման, երկրների միջև արագընթաց երկաթգիծ և  լաստանավային հաղորդակցություն կազմակերպելու, ինչպես նաև Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցերին:

Անդրադառնալով փախստականների և ներգաղթյալների հարցին Դավութօղլուն շեշտել է այն հանգամանքը, որ երկու պետություններն էլ սիրիական ճգնաժամի տուժածներն են, ոչ թե պատասխանատուները: Հետևաբար, որպես տուժած կողմեր, երկրները պայմանավորվել են համապատասխան նախարարությունների միջև ստեղծել հատուկ մեխանիզմներ և աշխատանքային խմբեր՝ փախստականների հարցերը կարգավորելու նպատակով:

Հարկ է նշել, որ Հունաստանի վարչապետը բարձրացրել է ավելի վաղ Եվրամիությանն առաջարկած այն հարցը, ըստ  որի՝ անհրաժեշտ է, որպեսզի Սիրիայի հարևան երկրներում հիմնվեն «թեժ կետեր»՝ ներգաղթյալներին գրանցելու նպատակով: Սակայն, հունական լրատվամիջոցների հայտնած տեղեկության համաձայն՝ առաջարկը հավանության չի արժանացել Դավութօղլուի կողմից:

Քննարկելով Կիպրոսի հիմնահարցի կարգավորումը՝ Դավութօղլուն նշել է, որ խնդրի հետ կապված Թուրքիայի և Հունաստանի համար գործելու հնարավորության նոր պատուհան է բացվում:  «Այժմ այս հարցը գտնվում է կարևոր փուլում, մենք չենք նահանջելու», - ասել է Դավութօղլուն:

Իր հերթին, Ցիպրասը նշել է, որ այդ որոշումը պետք է հաստատվի Կիպրոսի ժողովրդի կողմից:

Սակայն առավել հատկանշական է այն փաստը, որ Հունաստանի վարչապետը հանդես է եկել երկու երկրների միջև արագընթաց երկաթուղային և լաստանավային հաղորդակցություն ստեղծելու հայտարարությամբ:

Կողմերը նպատակ ունեն կառուցել արագընթաց երկաթգիծ  Ստամբուլի և  Սալոնիկիի միջև, ինչպես նաև մի շարք լաստանավային երթուղիներ, որոնք կկապեն  Իզմիրը Սալոնիկիի հետ:

Կարելի է ասել, որ Թուրքիան ջանք չի խնայում՝ իր տեղը Եվրոպական միությունում ամրապնդելու և վերջինիս լիիրավ անդամ դառնելու համար, քանի որ հարևանների հետ հարաբերությունների բարելավումը ԵՄ կողմից Անկարային ներկայացված պահանջներից մեկն է: Այս մասին է վկայում նաև Ցիպրասի կողմից արած այն հայտարարությունու, որի համաձայն՝ Հունաստանը չի խոչընդոտելու Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցությանը:

Թե որքանո՞վ է իրատեսական երկու երկրների հարաբերությունների կարգավորման տեսլականը, դժվար է ասել, քանի դեռ  Թուրքիա-Հունաստան հարաբերություններում առկա է առնվազն երեք առանցքային խնդիր:

 Թուրք-հունական հարաբերությունների կարգավորման վրա ազդող առաջին գործոնը  Պոնտոսի հույների ցեղասպանությունն է հանդիսանում, որն իրականացվել է երիտթուրքերի և հետագայում նրանց քաղաքական դաշտում փոխարինած քեմալականների կողմից 1915-1923 թթ.-ին՝ Օսմանյան կայսրության տարածքում: Թուրքական իշխանությունները, ինչպես և կարելի էր ակնկալել, այս հարցում ունեն ժխտողական կեցվածք:

Երկրորդ գործոնը Ստամբուլում տեղի ունեցած հունական ջարդերն են, որոնք իրականացվել են 1955թ.-ին: Ջարդերի հետևանքով զոհվել են բազմաթիվ հույներ (ինչպես նաև հայեր), հրկիզվել հունական եկեղեցիներ և այլ շինություններ:

 Երկու երկրների հարաբերությունների հաջորդ առանցքային կետը թուրքական զինված ուժերի կողմից «Աթիլլա» գործողության ընթացքում, Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան է: Թուրքական իշխանություններն այնտեղից դուրս հանելով հունական բնակչությանը և թալանելով նրա ունեցվածքը՝ սկսեցին Կիպրոսի այդ հատվածը բնակեցնել Թուրքիայից կղզի տեղափոխված թուրքերով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: