ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փորձագետների ուշադրության կենտրոնում են ծայրահեղականության պատճառներն ու ԵԱՏՄ արդյունավետության բարձրացումը

Էքստրեմիզմի աճը, երիտասարդության տեղեկացվածության խնդրիները, ինչպես նաև ԵԱՏՄ ներքո տնտեսական քաղաքականության համաձայնեցման բարդությունները քննարկվել են նոյեմբերի 26-ին «Հայաստանը, արդի մարտահրավերներն ու եվրասիական ինտեգրացիան» թեմայով կլոր սեղանի ժամանակ Երևանում։ Միջոցառումը երիտասարդ միջազգայնագետների, քաղաքագետների և տնտեսագետների համար կազմակերպվել է Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից, «Նորվանք» գիտակրթական հիմնադրամի և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական, վերլուծական հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Նշվել է, որ Իսլամական պետությունն ընկալվում է որպես գլոբալ անվտանգության համար սպառնալիքների հիմնական աղբյուր, սակայն դա միայն այսբերգի գագաթն է։ «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը նշել է, որ աշխարհում պայքար է ընթանում  ֆինանսա-սպեկուլյատիվ տնտեսական մոդելի վրա հիմնված կեղծ արժեքների դեմ, որոնք խթանում են սպառողական բնազդները։ «Այդ պայմաններում զարմանալի չէ «դիսիդենտական շարժումների» առաջացումը, որոնք ինչ-որ տեղ հիշեցնում են սովետական դիսիդենտական շարժումները, երբ առանձին խիզախներ (Ասանժը, Սնոուդենը և այլոք) այդ տոտալ համակարգում հրապարակում են ընթացիկ իրադարձությունների ժամանակացույցը»,- նշել է Հարությունյանը։

Անդրադառնալով ծայրահեղական խմբավորումների գործունեությանը, ինչպիսին է Իսլամական պետությունը, Հարությունյանը նշել է, որ Մերձավոր Արևելքում ցեղասպանություն է տեղի ունենում, արդեն իսկ զոհերի թիվը գերազանցում է 2 մլն-ը, կան 15 մլն փախստականներ, զուգահեռաբար ոչնչացվում է քրիստոնեական մշակույթը, ինչը կարող է իր հետևանքներն ունենալ նաև Հարավային Կովկասում։ Ադրբեջանն ԻՊ հիմնական զենք մատակարարողներից մեկն է, զուգահեռաբար երկրի ներսում աճում է անհանդուրժողականությունն ու իշխանությունների կողմից խթանվող հայատյացությունը։ Հարությունյանը չի բացառել նաև Թուրքիայի ապակայունացումը, ինչն ի վերջո կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճին։

Ռադիկալ տրամադրություններն ու տարբեր, այդ թվում՝  ծայրահեղական խմբավորումներին անդամակցության ձգտումն առավելապես նկատվում է երիտասարդների շրջանում։ Այդ համատեքստում Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը ներկայացրել է երիտասարդության տեղեկացվածության և Հայաստանի խնդիրների ընկալման վերաբերյալ իր հետազոտության արդյունքները։ Դրանք ցույց են տվել, որ քաղաքական ակտիվությունը մոտ ապագայում անցում է կատարելու քաղաքացիական շարժումների։ «Հասարակական շարժումները, որպես կանոն, ամբողջական և համակարգային չեն։ Այդ պատճառով կարճաժամկետ հեռանկարում ուսանողության մոտ հասարակագիտական, կոնցեպտուալ գիտելիքի պակասի հետևանքով դրանք հակված են ենթարկվելու ինֆորմացիոն մանիպուլացումների, ինչը կրիտիկական իրավիճակներում կարող է դառնալ երկիրն ապակայունացնող գործոն»,- նշել է Մանուկյանը։

Նա ուշադրություն է հրավիրել բուհական հասարակագիտական դասընթացի մշակման և ներդրման անհրաժեշտության վրա, որը հիմնված կլինի աշխարհահամակարգային վերլուծության տեսության վրա։ «Նոր դասընթացի նպատակը պետք է լինի ուսանողների մոտ համակարգային և կոնցեպտուալ գիտական աշխարհընկալման ձևավորումը»,- նշել է Մանուկյանը։

Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանն, իր հերթին, անդրադարձել է ԵԱՏՄ տնտեսական քաղաքականության հարցերին և դրամա-արժութային քաղաքական համաձայնեցման անհրաժեշտությանը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է հստակություն մտցնել Եվրասիական տնտեսական միության պայմանագրի մի քանի բաժիններում, մասնավորապես՝ «Մակրոտնտեսական քաղաքականություն» և «Արժութային քաղաքականություն» բաժիններում։ «Այդ բաժինների առաջնահերթ հստակեցումը չափազանց կարևոր է ճգնաժամային իրավիճակում»,- նշել է Թավադյանը։

Նա նաև կարծում է, որ պայմանագրի դրույթների հստակ կատարման դեպքում նպատակահարմար է ԵԱՏՄ երկրներում ռազմավարական կարևորության ապրանքների առևտրում անցում կատարել ռուբլով գործարքների իրականացմանը և հրաժարվել դոլարից կախումից՝ ընդգծելով, որ դա կնպաստի համաձայնեցված և առավել ռացիոնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը։

«ԵԱՏՄ ձևավորումը կընթանա լավագույն սցենարով, եթե հաջողվի կատարել ԵԱՏՄ պայմանագրի հիմնական դրույթները և վարել համաձայնեցված հարկա-բյուջետային, դրամա-վարկային և հատկապես փոխարժեքային քաղաքակնություն։ Այստեղ իհարկե իր դերն է խաղում կոորդինացված սոցիալական, ինչպես նաև արտաքին քաղաքականությունը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը»,- նշել է տնտեսագետը։

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն, իր հերթին, նշել է, որ չնայած 2015թ․ տնտեսական ճգնաժամին, Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության որոշակի նվազմանը, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները միևնույն է շարունակում են մնալ ԵԱՏՄ—ում Հայաստանի մասնակցության կողմնակիցներ և շարունակելու են փնտրել ԵԱՏՄ ներքո հարաբերությունների արդյունավետ զարգացման ուղիները։ «Աշխարհում ընթանում է  տարածաշրջայնացման գործընթացը, և նման դեպքում մասնակցությունն այս կամ այն համակարգին և միությանն անհրաժեշտություն է»,- ասել է Սաֆարյանը։

Դեկտեմբերի վերջում նախատեսվում է անցկացնել Եվրասիական փորձագիտական ակումբի հերթական ամփոփիչ նիստը, որի ժամանակ կքննարկվեն մեկ տարվա ընթացքում ակումբի գործունեությունն ու քաղաքական հիմնական զարգացումները։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: