ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ում մեր գործելաոճը վերանայման կարիք ունի

Ինչպես հայտնի է ԵԽԽՎ առաջիկա՝  հունվարյան նստաշրջանին հայկական պատվիրակությունը ստիպված է լինելու բավականին ծանր պայքար ծավալել: Եվրոպացի խորհրդարանականների դատին է նախատեսվում հանձնել ղարաբաղյան խնդրում բացառապես ադրբեջանական դիրքորոշումներն արտացոլող երկու հակահայկական բանաձի նախագիծ: Թեև վեհաժողովի նստաշրջանների օրակարգը հաստատվում է աշխատանքի մեկնարկից օրեր առաջ միայն, այնուամենայնիվ արդեն իսկ ակնհայտ է, որ օրակարգի նախագծից փաստաթղթերը դուրս մղելու համար իսկ բավականին մեծ ջանք է պահանջվելու: 

Այս ամենը մտածելու տեղիք է տալիս անկախ այն հանգամանքից, որ բանաձևերի նախագծերը կարող են և չհաստատվել հունվարյան նստաշրջանում,  անկախ նույնիսկ նրանից, որ հաստատվելու դեպքում ղարաբաղյան կարգավորման համատեքստում դրանք որևէ էական ազդեցություն չեն ունենալու:  Այնուամենայնիվ հարց է ծագում, թե ինչի հետևանք է նման իրավիճակը: Ամենածանրակշիռ գործոնն իհարկե Ադրբեջանի կողմից միջազգային հանրային կարծիքի ձևավորման ուղղությամբ ներդրվող ռեսուրսներն են: Հատկապես այժմ՝ Ադրբեջանում սոցիալական լարվածության աճի ֆոնին՝ կապված ներքին սոցիալական խնդիրների և քաղաքական ազատությունների խիստ սահմանափակման հետ, Ալիևի համար չափազանց կարևոր է օգտագործել ցանլացած հնարավորություն սեփական ժողովրդին թեկուզ թվացյալ «հաղթանակի» զգացում պարգևելու համար: Եթե անգամ «հաղթանակը» միջազգային կառույցի՝ խորհրդատվական ձայնի իրավունքով մարմնի որոշման տեսքով է, ադրբեջանական քարոզչամեքենան կկարողանա իր ժողովրդին այն մատուցել որպես «Ղարաբաղի նվաճում»: 

Եվ այս պարագայում չափազանց կարևոր է, որ մենք ինքներս իրադարձությունները գնահատելիս չընկնենք ծայրահեղության մեջ ու չհայտնվենք ադրբեջանական քարոզչության ազդեցության ներքո: 

Դրան զուգահեռ իհարկե կարևոր է նաև հասկանալ, թե  որն է մեր բացթողումը ԵԽԽՎ-ում: 

ԵԽԽՎ-ում Ղարաբաղին առնչվող բոլոր վտանգավոր նախաձեռնությունները չեզոքացնելու նպատակով դեռևս 2011-ից մենք ընտրել ենք բոյկոտի մարտավարությունը: Իհարկե եղան դեպքեր, երբ այս մոտեցումն իրեն արդարացրեց, սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ դա ոչ միշտ է արդյունավետ: Պնդումը, թե ղարաբաղյան խնդրով զբաղվում է ԵԱՀԿ-ն, հետևաբար այլ կառույցներում ղարաբաղյան հակամարտության մասին խոսելը ճիշտ չէ, չի ընկալվում միջազգային հանրության կողմից: Քանի որ ակնհայտ է, որ ԵԽ-ն ամենամեծ ցանկության պարագայում անգամ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվել չի կարող, հարցը միայն նրանում չէ, որ այս կառույցը չունի համապատասխան մանդատ: Ինչպես հստակ ամրագրում է ԵԽ կանոնադրությունը, անդամ երկրների «ազգային անվտանգությանն առնչվող հարցերը ԵԽ իրավասության շրջանակում չեն»: Իսկ ցանկացած կոնֆլիկտ բնականաբար ուղղակիորեն առնչվում է ազգային անվտանգության հարցերին: Միաժամանակ չկա որևէ փաստաթուղթ, որը ԵԽ-ին կարգելի անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության համատեքստում իր իրավասության շրջանակից բխող հարցերի: Հետևաբար ԵԽ/ԵԽԽՎ շրջանակում մեր պայքարի թիրախը ոչ այնքան ղարաբաղին առնչվող ցանկացած նախաձեռնություն տապալելը պետք է լինի, որքան վերահսկելը, որպեսզի կառույցը հարցին մոտենալիս չգերազանցի սեփական լիազորությունները: Մյուս կողմից կարևոր է նաև Արցախին առնչվող մեզ համար կարևորություն ներկայացնող նախաձեռնություններով հանդես գալը:

Ավելորդ է անգամ նշել, որ սեփական լիազորություններից և իրավասություններից փաստացիորեն անտեղյակ կամ դրանք միտումնավոր անտեսելու օրինակ է Սարսանգի ջրամբարին առնչվող զեկույցը, որում զուտ բնապահպանական հարցը կապվում է ԼՂՀ զինված ուժերի տեղակայման հետ (զինված ուժերի տեղակայումն ու տեղաշարժն ուղղակիորեն անվտանգությանն առնչվող խնդիրներ են): 

Եվ վերջում հիշենք, որ ԵԽ-ն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց է: Արդյո՞ք ԼՂՀ-ն և ՀՀ-ն՝ որպես միջազգային ասպարեզում վերջինիս շահերը ներկայացնող, չունեն մտահոգություններ՝ կապված ԼՂՀ քաղաքացիների իրավունքների սահմանափակումների հետ՝ պայմանավորված չճանաչվածությամբ կամ շրջափակման ու փակ կոմունիկացիաների փաստով: 

Եվ այս իմաստով ինչպես ԵԽ-ն, այնպես էլ մյուս հարթակները պետք է դիտարկվեն որպես պայքարի դաշտ, որտեղ ցանկացած փախուստ որոշակի կորստի է հանգեցնում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: