ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուրբ Սարգիս. կյանքի և սիրո պատմություն

Չորրորդ դարում Հունաստանում քրիստոնյա ամուսիններ էին ապրում, որոնք ունեին Սարգիս անունով մի որդի: Տղան գեղեցկատես էր, ամրակազմ, բարի, ազնիվ ու քաջ: Լավ ծանոթ էր Աստվածաշնչին: Բոլորի սիրելին էր նա, որովհետեւ պաշտպանում էր թույլերին, աղքատներին ու կարիքավորների համար ուտելիք էր հայթայթում: Սարգսին օգնում էր մոտակա ամրոցում բնակվող իշխանի դուստրը: Նրանք մտերիմ ընկերներ էին, եւ տարիների ընթացքում այդ մտերմությունը վերածվեց սիրո:  Եկավ ժամանակը եւ Սարգիսը ծառայության կանչվեց հռոմեական բանակ: Կռիվներում ցուցաբերած արտակարգ քաջության համար նրան շնորհվում է իշխանական տիտղոս եւ հայրենի տուն վերադառնալու իրավունք:

-Կա միայն մեկ ճշմարիտ Աստված: Եթե իմանաք Հիսուսի մասին, ապա ինքներդ կհորդորեք բոլորին պաշտել նրան,-պատասխանում է Սարգիսը:

-Ինչպե՞ս կարելի է ուրանալ Զևսին, Արտեմիսին, Աֆրոդիտեին,- բարկանում է իշխանը:

Երիտասարդը հեռանում է ամրոցից: Իմանալով հոր պայմանը` աղջիկը հուսահատվում է և խրում, որովհետև լավ գիտեր Սարգսի անկոտրում կամքը: 

Օրերն անցնում էին, իսկ օրիորդը տանջվում էր. «Մի՞թե սիրեցյալը մոռացավ իրեն»: Կասկածները տանջում էին գեղանի օրիորդին:

Բարեպաշտ հայ աղախինը, տեսնելով աղջկա ապրումները, խորհուրդ է տալիս հինգ օր պահք պահել, իսկ վերջին գիշերն անցկացնել աղոթքով` խնդրելով, որ Աստված հայտնի իր կամքը: Աղջիկը հետևում է աղախնի խորհրդին: Պահեցողության հինգերորդ գիշերը, երբ նա աղոթում էր, հանկարծ սենյակը լուսավորվում է և հայտնվում է Աստծո հրեշտակը: 

-Մի՛ վախեցիր և մի՛ հուսահատվիր, որովհետև ում համար որ աղոթում ես` Սարգիսը, հաճելի է Աստծուն և քեզ սիրում է: Աստված, որ սեր է, օրհնել է ձեր կապը. նա պիտի վերացնի բոլոր այն խոչընդոտները, որ կան ձեր սիրո ճանապարհին: Առավոտյան վեր կաց և գնա դիմացի բլուրը, այնտեղ կտեսնես Սարգսին:

Լույսը բացվելուն պես հագնելով իր աղախնի շորերը` իշխանի աղջիկը ծածուկ դուրս է գալիս ամրոցից և շտապում նշված վայրը` դիմացի բլուրը:
Այդ ժամանակ Սարգիսը տուն էր վերադառնում: Նա ողջ գիշերն անցկացրել էր հիվանդի մոտ, հոգնած էր ու անքուն: Նա կանգ առավ բլրի լանջից բխող աղբյուրի մոտ` ծարավը հագեցնելու: Այնուհետև հենվեց հաստաբուն ծառին ու անթարթ հայացքն ուղղեց դեպի դիմացի ամրոցը, ուր իր սիրելին էր: Ծանրացած կոպերը փակվում էին, և Սարգիսը ննջեց:
-Սարգի˜ս… Սարգի˜ս…
Մի հարազատ ձայն արթնացրեց նրան: Երազ էր, թե՞ իրականություն: Սարգիսը շրջվեց և եսավ իր սիրելիին:
Նրանք կարոտով գրկախառնվեցին:
-Հավատս երբեք չեմ փոխի: Հաստատ է նաև, որ ես քեզ սիրում եմ,-ասում է Սարգիսը:
Աստծու կամոք նրան ամուսնանում են:
Գարնանային մի առավոտ Սարգսին արթնացնում է բանբեր զինվորի ձայնը, որը նամակ էր բերել Կոստանդիանոս Մեծ կայսրից: Սարգսին շտապ հրամայվում էր մեկնել բանակատեղի: Նա զորապետ էր նշանակվել Հայաստանին սահմանակից Կապադովկիա նահանգում:
Երիտասարդ իշխանը հրաժեշտ է տալիս ծնողներին և և կնոջ հետ մեկնում: Կարճ ժամանակում Կապադովկիայում այնքան մեծապատիվ է դառնում նա, որ բոլորը հարգանքով են համակվում Սարգսի նկատմամբ և հպատակվում նրան: Հրամանատարը քաղաքներում ու գյուղերում քանդում է կուռքերի բագիններն ու կռապաշտների աղոթատեղիները, կառուցում Աստծու եկեղեցիներ, կարգում քահանաներ ու տարածում քրիստոնեություն: Նա սրբակենցաղ էր ու արդարամիտ, հավատարիմ Աստծու պատվիրաններին, օժտված` բոլոր առաքինություններով:
Աստվածահաճո գործերի համար Տերը Սարգսին մի տղա է պարգևում, որին կոչում են Մարտիրոս:
Սարգսի առաքինի վարքի ու բարի անվան համբավը տարածվում է Հունաստանով մեկ և ասնում Հռոմ: Բանսարկուները զանազան միջոցներով փորձում էին վարկաբեկել նրան, բայց չէին կարողանում, ոովհետև Կոստանդիանոսն ու իր որդիները սատարում էին Սարգսին:
Կոստանդիանոսի մահից հետո նրան փոխարինում է Կոստանդիանոս Մեծի եբայրը, իսկ նրա մահից հետո Հռոմում կայսր է նշանակվում Հուլիանոսը` վերջինիս որդին:
Իշխանության գալով` նա դաժանորեն հետապնդում է քրիստոնյաներին, քանդում եկեղեցիները, հալածում բոլոր նրանց, ովքեր չէին հրաժարվում քրիստոնեությունից: Այդ պատճառով էլ եկեղեցին ու ժողովուրդը անվանեցին նրան Հուլիանոս Ուրացող: Կայսեր հրամանով վերակառուցվում են մեհյանները, հեթանոսներն էլ, օգտվելով առիթից, հրդեհում էին եկեղեցիները, սպանում նրանց սպասավորներին:
Երանելի Սարգիսը, տեսնելով այդ բոլորը, տվայտանքների մեջ աղոթում էր Աստծուն:
Մի անգամ Հիսուսը տեսիլքով հայտնվում է նրան և ասում. «Սարգի՛ս, քո ժամն է` գնալու այն աշխարհը, որը քեզ ցույց կտամե:
Զորավարը վաճառում է ունեցվածքը, դրամը բաժանում աղքատներին և, վերցնելով Քրիստոսի խաչը, ընտանիքի հետ միասին գնում է Հայաստան` Տիրան արքայի մոտ:
Ընդունելով ու լսելով նշանավոր զորավարին ու բարեպաշտին` արքան նրան պաշտոն է առաջարկում հայոց բանակում: Սարգիսը սիրով համաձայնվում է, քանի որ կես դարից ավելի` Տրդատ արքայի օրոք, Հայաստանն ընդունել էր քրիստոնեությունը և նրա համար փառք ու պատիվ էր ծառայել այդ պետության բանակում:
Այդ ժամանակ բարբարոսների մի թագավոր հռոմեացիների դեմ պատերազմ է սկսում, և ուլիանոսը պատվիրակ է ուղարկում Տիրան արքայի մոտ` խնդրելով նրա օգնությունը: Տիրանն ուներ քառասուն դյուցազուն, որոնց առաջնորդն էր անպարտելի Սարգիսը: Արքան նրանց է ուղարկում օգնության, քանի որ Հայաստանի ու հռոմեական կայսրության միջև դաշինք էր կնքված, ըստ որի` երբ մեկի վրա թշնամի հարձակվեր, մյուսը զորքով պիտի օգնության շտապեր: Քաջերը խաչի ու ավետարանի վրա երդվում են տուն չվերադառնալ, մինչև թշնամիներին չհաղթեն: Երբ ռազմի դաշտ են հասնում, հռոմեական զորքի հրամանատարը, տեսնելով ընդամենը քառասուն զինվորի, վիրավորվում է ևցանկանում է նրանց հետ ուղարկել:
-Մենք կջնջենք քո թշնամիներին. երդվել ենք` մինչև չհաղթենք տուն չենք վերադառնա,-պատասխանում են քաջերը: 
Գերբնական մի ուժ անխոցելի էր դարձրել նրանց:
Դյուցազուններն սկզբում կռվում էին հազար ձիավորի դեմ և հաղթում: Ապա տաս հազարի դեմ և կրկին հաղթում, ապա կոտորում մնացած զորքին ևս: Հաղթանակած քաջերը հռոմեական զորքի հետ միասին գնում են Հռոմ:
Հռոմի հեթանոս կայսրը, խիստ զարմացած նրանց հաղթանակով, հավաքում է իմաստուններին ու մեծամեծներին:
-Եթե քառաուն քաջերը կարողացան կոտորել բարբարոսներին, ապա ի՞նչ կանեն մեզ, եթե վաղը մեր մեջ պատերազմ ծագի,-մտահոգ հարցնում է նա:
Որոշվում է երեքօրյա խնջույք կազմակերպել քաջերի պատվին, իսկ քառասուն հույն աղջիկների հանձնարարվում է հարբեցնել հերոսներին ու սպանել: Երրորդ գիշերը երեսունինը հայ քաջերը դավադրաբար սպանվում են: Դավադրության մասնակից աղջիկը, կանգնած Սարգսի գլխավերևում, դաշունահարելու փոխարեն սրտակեղեք արտասվում է: Սարգիսն արթնանում է և իմանում իսկությունը: Նա աղոթում է, հետո Աստծու ողորմությամբ բուք ու քամի է բարձրանում և Սարգիսը ձիով անցնում է քաղաքի պարսպի վրայով ու փրկվում: Հասնելով հայոց աշխարհ` նա թագավորին պատմում է ողջ եղելությունը: Այդ ժամանակ հայոց թագավորը զորք է հավաքում, հարձակվում հռոմեացիների վրա և վրեժխնդիր լինում:
Հուլիանոսը հռոմեացիների, հույների ու բարբարոսների բազմախուռն զորքով արշավում է Ասորիք և դաժանորեն հալածում, հաշվեհարդար տեսնում քրիստոնյաների հետ: Տիրան թագավորը կռահում էր, որ Ուրացողն անպայման կարշավի Հայաստան` հաշվեհարդար տեսնելու Սարգսի հետ: եվ չուզենալով վտանգել երկիրը` արքան Սարգսին խորհուրդ է տալիս ժամանակավորապես ապատանել Պարսկաստանում:
Սարգիսը կնոջ ու որդու հետ գնում է Պարսկաստան` Շապուհ 2-րդ արքայի մոտ: Կարդալով Տիրանի նամակը` Շապուհը սիրով ընդունում է Սարգսին, նշանակում զորագնդերի հրամանատար: Մեծ զորավարը բոլոր մարտերում հաջողության է հասնում` իր անպարտելիությունը վերագրելով միայն Աստծուն:
Լուր է հասնում, որ հռոմեացիների զորքը Հուլիանոսի գլխավորությամբ ավերում է Շապուհի թագավորությանը սահմանակից արաբների երկիրը: Արքան Սագսի հրամանատարությամբ զորք է ուղարկում` պաշտպանելու երկրի սահմանները: Լսելով դա` հռոմեացիները բազում զորքերով դիրքավորվում են պարսկական բանակի դիմաց: Սարգսի զորականներն ու զինվորները խուճապի են մատնվում` տեսնելով հռոմեացիների մեծաքանակ զորքը: Սարգիսը հանգստացնում է նրանց և ասում, որ Աստծո զորությամբ իրենք հաղթելու են: Նա մանրամասն ներկայացնում է Քրիստոսի ծնունդը, կյանքը, մեղքերի համար խաչվելն ու հարություն առնելը: Այդ խոսքերը լսելով` զորքը դարձի է գալիս և մկրտվում այն քահանայի ձեռքով, որին Սարգիսն էր կանչել: Մարտը տևում է քառասուն օր և գիշեր: Աստվածային զորությամբ պարսիկները հաղթում են թվով գերակշռող թշնամուն: Իսկ նրանք, ովքեր դարձի չէին եկել, Շապուհի մոտ չարախոսում են, թե Սարգիսը քրիստոնյա է և քարոզում է հավատալ Հիսուս Նազովրեցուն, նա մոլորեցրել է ամբողջ զորքը և զինվորները միաբանվել են հռոմեացիների հետ: Շապուհը ավագների հետ խորհրդակցելուց հետո նամակ է հղում Սարգսին ու կեղծ խոսքերով հրավիրում արքունիք. «Լսեցինք, որ հավատարիմ ես մեր թագավորությանը և ուրախացանք: Որպես հավատարիմ և իմաստուն ծառայի` քո մեծանձնությանն արժանի նվերներ ենք ուղարկում: Ո՛ղջ եղիր»:
Սարգսին ուղղված նամակը որոշվում է ուղարկել նրա որդու` Մարտիրոսի ձեռքով, որպեսզի նա որևէ կասկած չունենա դավադրության մասին: Առավոտյան Մարտիրոսը հրաժեշտ է տալիս մորը, աղոթում և ճանապարհ ընկնում: Սակայն սահմանի մոտ հույները գերեվարում են Մարտիրոսին ու նրա ըներներին: Իմանալով այդ մասին` Սարգիսն անդադար աղոթում է Աստծուն. «Լսիր ինձ, մեղավորիս, ինչպես Հակոբին շնորհեցիր տեսնել Հովսեփին, այնպես էլ թույլ տուր վերստին տեսնեմ իմ որդուն, որպեսզի, գայթակղվելով, չկորչի նահատակ ժողովուրդը, որ ծառայիդ քարոզը դարձավ դեպի Քեզ»:
Կատարվում է նրա խնդրանքը: Երրորդ օրը հույները նրա որդուն բերում են` ասելով. «Երբ նրան գերի վերցրինք, մեր մեջ չէր դադարում խռովությունը, շատերը միմյանց էին սպանում»:
Սարգիսը, տեսնելով որդուն, ուրախանում է, ընկնում երեսն ի վայր և գոհանում Աստծուց: Ապա, իմանալով Շապուհի հրավերի մասին, տրտմտում է և կռահում նրա ստոր մտադրությունը: Այդ մասին հայտում է իր զինվորներին.
-Եբայրնե՛ր, աղաչենք Տիրոջը, որ ինձ համարձակություն տա աներկյուղ քարոզելու Նրա անունը թագավորների և իշխանների առջև, որ չսասանվեմ մարդկանցից, որոնց առջևկանգնելու եմ, որովհետև այս հրավերը դրա համար է:
Առավոտյան Սարգիսը մի խումբ հավատակից զինվորների հետ գնում է Շապուհի մոտ: Թագավորը նրան նվերներ է ընծայում.
-Բարի է քո գալուստը, իմաստուն ու քաջակորո՛վ Սարգիս: Մեր թագավորությունը մեծարում է քեզ քո իմաստության համար:
-Գոհանում եմ Աստծուց, որ ինձ փրկեց իմ թշնամիներից, որոնց ո՛չ իմաստությամբ, և ո՛չ ուժով հաղթեցինք, այլ Ամենազօր Աստծու կարողությամբ: Նրանով են ձեզնից շնորհվող պարգևները, քանի որ ձեզ իմաստություն տվեց` ճանաչելու ճշմարտությունը,-հանգիստ և անրախոհ պատասխանում է Սարգիսը:
-Այս մարդուն տեսնում եմ իբրև կատարյալ ճշմարտության գիտակ,-ասում է թագավորը մտերիմներին:
-Թագավոր, նա Նազովրեցու ուսմունքի հետևորդ է և Աստված է անվանում Հիսուսին,-հիշեցնում են չարախոսները:
Ճշմարտությունը ստուգելու համար արքան մոտակա հեթանոսական տոնին հրամայում է բոլորին հավաքվել ատրուշանի մոտ, ուր կանգնեցված էին տասներկու կուռքերի արձանները: Սարգսին հրավիրում են իր պատվական զորախմբով և զավակի հետ ներկա լինել տոնին: Այդ պահին Երանելին գիտեր, որ հանուն Աստծու պատերազմելու ժամը հասել է: Նա աղոթում է. «Տե՛ր Աստված, քո ծառաներին խոստացար և ասացիր, թե երբ ձեզ տանեն թագավորների առաջ, մի՛ հոգացեք պատասխան տալու, քանի որ միտք ու իմաստություն ես տալու, և ակառակորդները չեն կարողանա ընդդիմանալ: Արդ, Տեր, զորացրու ինձ, որ համբերեմ չարչարանքներին և մեռնեմ Սուրբ Անվանդ համար: Փառք Քեզ, հավիտյանս հավիտենից: Ամեն»:
Վերջացնելով աղոթքը գնում է արքայի մոտ:
-Սարգի՛ս, պատվականդ զորավարների մեջ, մեր օրենքով հրին զոհ մատուցիր մեծ աստվածների առջև, որպեսզի չարախոսներն ամոթով մնան:
-Ես ճշմարիտ Աստծուն եմ երկրպագում, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, բոլոր արարածներին, որ կենդանի է և հավիտյան Թագավոր,-պատասխանում է Սարգիսը: 
-Ահա պարզվեց քո մոլորությունը, ո՛վ թագավորության թշնամի: Քո հիմարությամբ անձդ կամովին զրկում ես շատ բարիքներից և սիրում մի հրեա մարդու, որն իր մեղքերի համար խաչվեց,-ասում է արքան:
Երանելին, երբ լսում է այդ խոսքերը, ուժ առնելով Սուրբ Հոգուց, փշրում է կուռքերի արձաններն ու ասում.
-Ո՜վ անմիտներ, ահա ձեր պաշտելի կուռքերը փշրվեցին, իսկ հուրն ընդամենը մոխիր է:
Տեսնելով այդ «սրբապղծությունը»` կռապաշտները սաստիկ բարկանում են և ցանկանում սպանել նրան: Անօրենների կատաղի հարձակումից ամբոխի մեջ նահատակվում է Մարտիրոսը: Թագավորը թույլ չի տալիս, որ բազմությունը սպանի Սարգսին: Նա հրամայում է շղթայել նրան և բանտ նետել: Բանտում Սարգսին այցելում է սատանան.
- Ո՜վ Սարգիս, ի՞նչ ես շահում համառելով. հետևի՛ր թագավորի կամքին ու երանելի եղիր աշխարհում և սնոտի հույսի համար մի՛ կորցրու կյանքդ:
-Հեռացի՛ր, ճշմարտության հակառակորդ և ստերի հա՛յր, որովհետև կորստի կմատնվեն քեզ ենթարվողները,-պատասխանում է Սարգիսը:
Սատանան չքվում է: Քիչ անց նրան երևում է Հիսուսը` երկնային զորքի հետ, ու սենյակը լցվում է գերպայծառ լույսով` արեգակից առավել, և իսկույն քանդվում են Երանելու ձեռքերի ու ոտքերի կապանքները: Լույսի միջից լսվում է մի ձայն:

-Քա՛ջ եղիր, Սարգի՛ս, իմ բարի ու հավատարի՛մ ծառա, մի՛ երկնչիր մահկանացու մարմինդ սպանողներից, որովհետև մտնելու ես Տիրոջ լուսեղեն խորանների անվախճան ուրախության մեջ:
Տեսնելով Երանելուն կապանքներից ազատված, Աստծուն աղոթելիս` բանտի շուրջ հավաքված բազմությունը փառք է տալիս ճշմարիտ Աստծուն:
Այս ամենն անմիջապես պատմում են թագավորին, սա էլ հրամայում է իր մոտ բերել Երանելուն.
-Ո՛վ անմիտ և քո անձի թշնամի, քեզ ի՞նչ օգուտ տվեց մեր հրամաններին հակառակվելը, բացի անարգանքից, չարչարանքից ու որդուդ կորստից: Եթե զղջաս, հրաժարվես քո հավատից, մեղք չի համարվի սխալդ, այլ առավել փառքի ու պատվի կարժանանաս: Արդ, գոնե այսօր լսիր իմ հրամանը, այնուհետև հետևիր Նազովրեցուն:
Շապուհն այդպես խոսելով խորամանկում էր: Հուլիանոսը սահմանի մոտ էր, և նա մտահոգված էր մոտալուտ սպառնալիքով:
-Քո աստվածների ամոթն ու նախատինքը չզգացիր, որովհետև նրանց նման խավար ու անլույս ես: Ինչո՞ւ տեսնելով «աստվածներիդ» փոշիանալը` չհասկացար, որ նրանք տկար են: Իմ պարծանքն ու լույսը Քրիստոսն է: Քո կարողությունն ինձ չի խավարեցի ևանիմաստությունդ չի հիմարեցնի,-պատասխանում է Երանելին:
Լսելով այդ խոսքերը` թագավորը հրամայում է նրան քաղաքից դուրս տանել և սպանել:
Դահիճները տանում են նրան մահապատժի վայրը: Նրանց հետևից քրիստոնյաների ու հեթանոսների մեծ բազմություն էր գնում: Տեղ հասնելուն պես Սարգիսը տարածելով ձեռքերը` բարձրաձայն ազոթում է. «Աստված իմ, արժանի դարձրու մեռնել Քո Սուրբ անվան համար. լսիր ծառայիդ աղաչանքները, ընդունիր ինձ նրանց մեջ, որ Քեզ ճանապարհակից եղան խաչի չարչարանքով ու մահվամբ: Եթե չարի խաբեությամբ մինչև այժմ գիտակցաբար թե անգիտակից կերպով մեղք եմ գործել, մաքրիր ինձ ողորմությամբ, իմ արյան հեղմամբ: Քո բոլոր հավատացյալներին, ովքեր հիշում են իմ անունը առ Քեզ բարեխոսությամբ, խնդրում եմ մեղքերի թողություն, հոգու եվ մարմնի փրկություն շնորհիր. ազատիր բոլոր վտանգներից` դևերի հալածանքներից, բժշկիր հիվանդներին, հաղթանակ պարգևիր պատերազմներում, արձակիր կապանքներից ու բանտերից, խաղաղեցրու խռովվածներին, նեղությունից անդորրություն շնորհիր, ճանապարհի վրա` առաջնորդական պահպանություն, ծովում ալեկոծության ենթարկվածներին` հանդարտություն, երաշտի ժամնանակ` առատ անձրևներ, կարկտաբեր ու եղյամ դնող օդի սաստկության արագ դադարում, մորեխի ու բոլոր վնասակար զեռունների հալածում, որ շարժվում են Քո բարկությունից ու պատուհաս դառնում մարդկանց` մեղքերի պատճառով: Ովքեր կատարում են հիշատակարաններն ընծայաբերությամբ և ղորմությամբ` Քո գիրկն ընդունիր և վարձատրիր բյուրապատիկ բարություններով այս և հանդերձյալ կյանքում: Իմ հոգին ընդունիր արդարների հավիտենական օթևաններում, և Քեզ փառք հավիտյանս հավիտենից: Ամեն»:
Աղոթքը վերջացնելուց հետո երկնքից նրա մոտ է իջնում Տիրոց հրեշտակը` լուսապայծառ պսակը ձեռքին.
-Զորացի՛ր, Քրիստոսի քաջ նահատակ և մի՛ երկնչիր, քանի որ քեզ համար բացվեց երկնքի Արքայության դուռը, և ինչ որ խնդրեցիր Աստծուց, քեզ տրվեց:
-Մեծ է քրիստոնյաների Աստվածն ու նրանից բացի ուրիշ Աստված չկա,- աղաղակում է բազմությունը:
-Քրիստոսի հավատացյալնե՛ր, ուրախ եմ, որ Տերն ինձ զորացրեց մարմնավոր թշնամիների պատերազմներում, այսօր ևս կզորացնի հոգու թշնամիների դեմ: Արդ, ավարտեցի այս կյանքի ճանապարհի ընթացքը, հավատը պահեցի, ուրախությամբ գնում եմ Քրիստոսի մոտ: Եվ Աստծո խաղաղությունը ձեզ հետ լինի հավիտյան, - ասում է Սարգիսը հավատացյալ զորքին և, ծնրադրելով դեպի արևելք, խաչակնքում ու մոտենում է դահճին:
Նահատակվելուց հետո Սրբի մարմինը պատվում է երկնային լույսով, որի ճառագայթներից շատ հեթանոսներ այրվում են, իսկ մնացածները դիմում են փախուստի:
Երկնքից ձայն է լսվում.
«Ո՜վ երանելի Սարգիս, ե՛կ և հավիտենական հանգի՛ստը ժառանգիր բոլոր սրբերի հետ»:
Հավատացյալ տասնչորս զինակիցները Երանելու մարմինը ծածկում են մաքուր կտավով: Թագավորն, իմանալով այդ մասին, դահիճներին հրամայում է սպանել այդ տասնչորսին ևս, որոնք ազգությամբ պարսիկներ էին: Այնուհետև նրանց մարմինները նետում են գազաններին, որոնք Աստծո կամոք չեն մոտենում:
Սուրբ Սարգիսը նահատակվել է 361 թվականի հունվարի 31-ին, Պարսկաստանի Մազանդարան կոչվող վայրում, Գաղման քաղաքի մոտ: Հավատացյալները գաղտնի կերպով գիշերը նահատակներին տարել են Համիան քաղաքը և պատվական մի վայրում թաքցրել: Սուրբ Մեսրոպ Մաշտոցը Սբ. Սարգսի մասունքները բերել է Հայաստան և ամփոփել Արագածոտնի գավառի Ուշի գյուղում, որտեղ կառուցվել է Սբ. Սարգիս եկեղեցին: Մի մասունքն էլ տարել է Գուգարք, ամփոփել խաչի մեջ, որն էլ կանգնեցրել Գագ լեռան վրա (այժմյան Կոթի գյուղից յոթ կիլոմետր արևելք):
Տարիներ են անցել, սակայն ժողովուրդը չի մոռանում Սբ. Սարգսի պատմությունը: Մեր օրերում կան բազմաթիվ վկայություններ Սբ. Սարգսի գործած հրաշագործությունների մասին: Նա հայերի ամենասիրելի սրբերից է և համարվում է երիտասարդների հովանավորը, շտապում միացնելու այն երկու սրտերը, որոնք միմյանց համար են ստեղծված:
Սբ. Սարգսի տոնին նախորդում է Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց Պահքը, որը տևում է հինգ օր: Առաջավորաց է կոչվում, որովհետև առաջին պահքն է: Հաճախ առաջավորաց Պահքը շփոթում են Սբ. Սարգսի տոնի հետ և թյուրիմացաբար կոչում Սբ. Սարգսի պահք: Ըստ Հայ Եկեղեցու` Սրբերի հիշատակի օրերը նախընթաց պահք չունեն, հետևաբար Սբ. Սարգիս Զորավարի տոնը ևս նախընթաց պահք չունի:
Ժողովրդական զրույցներ են մեզ հասել այն մասին, որ երբ սիրող զույգերը դիմում են արագահաս Սրբին, ապա նրա բարեխոսությամբ հասնում են իրենց երազանքին: Սբ. Սարգիսն ամրացնում է զույգերի միջև եղած ճշմարիտ սերը, օգնում նրանց` ստեղծելու ամուր ու երջանիկի ընտանիք:

Վերցված է «Սուրբ Սարգիս` սիրո հովանավոր» գրքից
Հրատարակիչ` Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցի 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: