ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուրբ Սարգի՞ս, թե՞ Սուրբ Վալենտին

Որպես գլոբալացվող աշխարհի մի մաս` մենք` հայ երիտասարդներս, տարվա ընթացքում սիրահարների երկու տոնի հնարավորություն ունենք` Սբ Վալենտին և Սբ Սարգիս: Եթե առաջինը մեզանում ժողովրդականություն է սկսել վայելել բոլորովին վերջերս և առավելապես սիրված է չափազանց գունեղ, լուսավոր խորհրդանշանների շնորհիվ, ապա Սբ Սարգսի տոնն իր բարի ու լուսավոր խորհրդից զատ` տոնի հետ կապված մեր նախնյաց դրական բոլոր հույզերն ու ապրումները նույնիսկ դարերի հեռավորությամբ կիսելու հնարավորություն է նաև, ինչն առավել ջերմ ու հարազատ է դարձնում այն մեզ համար: 

«Սուրբ Սարգսի տոնը երիտասարդների երկրորդ սիրո տոնն է: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Սբ Սարգսի տոնին չամուսնացած երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն իրենց երկրորդ կեսին»,- այսպիսին է այսօրվա երիտասարդների կարծիքը Սուրբ Սարգսի տոնի վերաբերյալ:
Սբ Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլ
և ժողովրդական ավանդույթներով:

Սբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: “Մեծ ժողովրդականություն ունեցող Սբ Սարգսի տոնը 20-րդ դարի կեսերին կենցաղում, ընդհանուր առմամբ, անկում էր ապրում` չնայած դրա առանձին տարրերի մասնակի պահպանմանը: Խոսքն ամենից առաջ վերաբերում է կենցաղում դրա ամենատարածված բաղադրիչին` երիտասարդության բախտագուշակման ծեսին, որն այդ օրվան այլընտրանքային անվանում է տվել, հաճախ ասում ենք` “աղի բլիթի տոն””,- նշում է ազգագրագետ Սամվել Մկրտչյանը:
Ըստ հայոց եկեղեցական տոնացույցի` Սուրբ Սարգսին նվիրված տոնը նշում են Քրիստոսի Հարությունից կամ Մեծ Զատիկից 63 օր առաջ` շաբաթ օրը: Այն ունի 35 օրվա շարժականություն 
և կատարվում է հունվարի 18 փետրվարի 23 ժամկետային ընթացքում:

Ըստ ավանդության` Սբ Սարգիսը քաջ և ազնիվ զորավար է, ով միշտ օգնում է թույլերին ու անմեղներին` միաժամանակ պատժելով չար մարդկանց:

Սբ Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Դրանցից մեկի համաձայն՝ մի աղքատ աշուղը սիրահարվում է մեծահարուստի աղջկա: Վերջինս ևս սիրում էր նրան, սակայն աղջկա հայրն արգելում է նրանց ամուսնանալ: Աշուղը որոշում է մեծ կարողություն կուտակելու նպատակով գնալ օտարություն: Սակայն մինչև այդ սիրահարված երիտասարդն իր սիրած էակից խոստում է առնում յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը կարող է ամուսնանալ հոր ընտրած փեսացուի հետ: Յոթ տարի շարունակ աշխատելով` աշուղը կարողություն է ստեղծում և տունդարձի ճամփա ընկնում: Ճանապարհը լի էր փորձանքներով և խոչընդոտներով: Թվում էր, թե աշուղը չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված` նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Սբ Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությանը: Սբ Սարգիսը, լսելով սիրահարված աշուղի աղոթքն, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ, իսկույն հայտնվում է, աշուղին նստեցնում ձիու գավակին և մի ակնթարթում հասցնում տեղ: Աղջկա հայրը, տեսնելով աշուղի անկոտրում կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունն, օրհնում է երկուսի միությունը:

«Ամենատարածված արարողությունը կառուցված է ծիսական գլխավոր ուտեստի շուրջը: Ուրբաթ երեկոյան տանտիրուհիները` հատկապես տարեցները, վերցնում էին սկուտեղը, վրան մանր-մանր մաղով փոխինդ շարմախում, մոմեր կամ կանթեղ վառում ու դնում դռան հետևը կամ դուռը բաց տան մեջ, աստղերի տակ, շատ դեպքերում նաև եկեղեցու մոտ` հուսալով, որ Սբ Սարգիսը կայցելի և իր ձիու պայտի հետքը կթողնի փոխինդի վրա: Մեծ երջանկություն էր, երբ նրանք առավոտյան ուշադիր ստուգում ու «գտնում» էին պայտի հետքը փոխինդի վրա և, ըստ այդմ, գուշակում, որ «արժանի կլինեն դրախտին»,- պատմում է ազգագրագետը:

Տոնն առանձնանում է երիտասարդության` մասնավորապես արբունքի հասած աղջիկների բախտագուշակության ծեսերով: Սբ Սարգսի տոնի նախորդ օրը` ուրբաթ երեկոյան, երիտասարդներն աղի բլիթ էին ճաշակում` գիշերը երազ տեսնելու ակնկալությամբ: Հավատում էին, որ այդ գիշեր երազում ծարավը հագեցնելու նպատակով իրեն ջուր տվողն անպայման կլինի կյանքի ընկերը: Եթե երազում մատուցված ջրի բաժակը ոսկուց էր լինում, ասում էին, որ ապագա ամուսինը շատ հարուստ է լինելու, եթե արծաթից էր` միջին ունեցվածքի տեր, իսկ եթե պղնձից կամ կավից էր` աղքատ: Ջրի քանակությամբ էլ փորձում էին գուշակել ապագա փեսացուի կամ հարսնացուի հետ ապրելու տարիների տևողությունը:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: