ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ. հարսանիք առանց նորապսակների

Առանց հարսի և փեսայի հարսանիք չի լինում, ինչպես որ առանց դատարանի և դատապարտյալի դատ չի լինում: Բայց ահա ԵԽԽՎ-ն կարող է Ղարաբաղի մասին քննարկումներ անցկացնել՝ առանց հաշվի առնելու ղարաբաղցիների կարծիքն իրենց հետագա ճակատագրի կամ այսօրվա կենսագործունեության հետ կապված այս կամ այն հարցի վերաբերյալ: Հակահայկական երկու զեկույցի նախագծերը՝ Մեծ Բրիտանիայի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ մեծ աղմուկ առաջացրած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի օկուպացված այլ տարածքներում» վերնագրով զեկույցը և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը, կքննարկվեն վաղը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երկրորդ օրը:

Սարսանգի ջրամբարը գտնվում է Ղարաբաղի տարածքում: Զեկույցի հեղինակ Մարկովիչը ոչ միայն չի եղել ջրամբարի տարածքում, այլև իր եզրահանգումը կատարել է՝ հիմնվելով Ղարաբաղում երբեք չեղած և Սարսանգի ՀԷԿ-ի «ոչ բարեկարգ» վիճակը սեփական աչքերով չտեսած, ինչպես նաև խնդրի մարդասիրական բաղկացուցչի վերաբերյալ ղարաբաղցիների տեսակետի հետ անծանոթ «փորձագետների» խոսքերի վրա: Բնականաբար, բրիտանացի զեկուցող Ուոլթերը ևս ոչ միայն չի եղել Ղարաբաղում, այլև քարտեզի վրա դժվարությամբ կգտնի այդ «օկուպացված տարածքները», որոնց մասին գրում է իր զեկույցում: Եվ արդեն կասկած չկա, որ Ուոլթերը պատկերացում չունի այն մասին, որ այդ տխրահռչակ տարածքները երբեք չեն եղել ղարաբաղյան բանակի նվաճողական նպատակ, այլ ի հայտ են եկել որպես պատերազմի հետևանք. հենց այդ տարածքներից էին իրականացվում համակարգված ռմբակոծումները և Ղարաբաղի խաղաղ բնակչության ոչնչացումը:

Կարելի էր ԵԽԽՎ զեկուցողների կրթական բացը լրացնել, եթե իմանայինք, որ նրանք ցանկանում են իմանալ ճշմարտությունը: Սակայն, դժբախտաբար, ո՛չ Թուրքիայի քաղաքացիության հանդիսավոր շնորհումը բրիտանացի խորհրդարանականին անձամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի կողմից (թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն), ո՛չ Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը, որն այդքան փափուկ ազդեցություն է ունեցել տիկին Մարկովիչի դիրքորոշման վրա, թույլ չեն տալիս հուսալ, որ նրանց հետաքրքիր է Ղարաբաղի մասին ճշմարտությունը: Հարցն այստեղ ավելի շուտ այլ է. հարցը ԵԽԽՎ-ի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցի մոտեցման մեջ է: Կառույց, որը շատ լավ գիտակցում էր չճանաչված Կոսովոյին կամ Հյուսիսային Կիպրոսին առնչվող հարցերի քննարկման ժամանակ այդ շրջանների ներկայացուցիչների այդ քննարկումների պարտադիր հրավիրված լինելու անհրաժեշտությունը:

Ուղղակի անհնար է պատկերացնել քննարկումներ «վերևում»` ցանկություն չունենալով լսել նրանց, ովքեր, ի պաշտպանություն իրենց դիրքորոշման, ասելու բան ունեն: Դա ոչ միայն ոչ եվրոպական է, այլ նաև անմարդկային:

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում կկայանա «հարսանիք առանց նորապսակների»: Եթե ԵԽԽՎ պատգամավորներն իրավիճակի ողջ անհեթեթությունը և նման դիրքորոշման սխալական լինելը հասկանան, նրանք կքվեարկեն հակահայկական բանաձևերի դեմ: Եթե նրանք ամեն դեպքում «կողմ» քվեարկեն, դա կնշանակի, որ աշխարհի արժեհամակարգում լուրջ ճգնաժամ է: Իսկ նման ճգնաժամը, ցավոք, միայն հեռվից հնչող բարեմաղթանքով չի հաղթահարվի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: