ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռամիլ Սաֆարովի անմարդկային հանցագործությունից 12 տարի է անցել

Armenpress

Ուղիղ 12 տարի առաջ՝ փետրվարի 19-ին, ադրբեջանցի «սպա» Ռամիլ Սաֆարովը դաժանաբար սպանել էր քնած հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: Նրանք երկուսն էլ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացների:

Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է, որ նույն հարկում ապրում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում ադրբեջանցին, սակայն ուսումնառության ժամանակ նրանց միջև որևէ կոնֆլիկտ չի նկատվել: Ադրբեջանցի Սաֆարովը օգտվել է այն  հանգամանքից, որ Մարգարյանը քնելուց առաջ իր սենյակի դուռը չի փակել: Նա լուսադեմին մտել է սենյակ և կցնի 16 հարվածով սպանել քնած հայ սպային: Բալաշը պատմել է, որ ինքն արթնացել է աղմուկից և միայն այդ ժամանակ է հասկացել, թե ինչ է տեղի ունեցել:

2006 թվականի ապրիլի 13-ին հունգարական դատարանը մարդասպանին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: 2012 թվականի օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ վերջինիս ներում է շնորհվել նախագահ Ալիևի կողմից: Սաֆարովի արտահանձման կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին:

«Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետ գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: Ես դա հանդուրժել չե՛մ կարող:
Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի՛ կարող:
Հայ ժողովուրդը դա չի ներելու: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը»,- հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սաֆարովի Ադրբեջան արտահանձնումը, ներում շնորհելը և հերոսացումը դատապարտել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարները և միջազգային իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ: Դատապարտող բանաձև է ընդունել նաև Եվրախորհրդարանը: Գտնվեցին նաև ադրբեջանցիներ, ովքեր սոցցանցերում քննադատեցին Սաֆարովի հերոսացումը ՝ միևնույն ժամանակ շատերն Ադրբեջանում սկսեցին իրենց երեխաներին տալ «Ռամիլ» անունը՝ հերոսացնելով անմարդկային ոճրագործությունը:

Այս տարվա հունվարի վերջին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի և Հունգարիայի կառավարություններից պահանջել է պաշտոնապես պատասխանել սպանված հայ սպայի հարազատների հայցին` գործի վերաբերյալ իրենց պաշտոնական մեկնաբանությունները ներկայացնելու համար մինչև մայիս ժամանակ տալով: Հայաստանի կառավարությանը ևս առաջարկվել է իր մեկնաբանությունները ներկայացնել այս առնչությամբ՝ հաշվի առնելով Մարգարյանի քաղաքացիությունը: 

Սպանված հայ սպայի ընտանիքը պնդում է, որ Սաֆարովի ազատ արձակումը և հերոսացումը ճանաչվի որպես մարդու իրավունքների խախտում: Բողոքը ՄԻԵԴ էր ուղարկվել 2013 թվականին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: