ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոգերինիի այցի արդյունքներն ու Հայաստանի ակնկալիքները ԵՄ-ից

http://www.federicamogherini.net/

Ֆեդերիկա Մոգերինիի հարավկովկասյան այցը չնայած հնչող տարբեր գնահատականների, առավել ճիշտ կլինի դիտարկել որպես տարածաշրջանում ԵՄ դիրքերն ամրապնդելու և ձեռք բերված պայմանավորվածությունները վերահաստատելու համար: Եվրամիության հետ համագործակցությունը չի խանգարում այլ դաշինքների մեջ ներգրավվելուն, Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և ԵՄ-ն աջակցությում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատմանը: Սրանք էին ԵՄ գերագույն հանձնակատարի տարածաշրջանային այցի հիմնական ուղերձները:

Ֆեդերիկա Մոգերինիի՝ իր պաշտոնը ստանձնելուց հետո առաջին այցը տարածաշրջան ունի իր ժամանակային հստակ նպատակները:

Առաջին, Սիրիայում ձեռք բերված հրադադարն ու Ռուսաստան-Արևմուտք պայմանավորվածությունները որոշակի «դադարի» հնարավորություն են ստեղծել գերտերությունների, այդ թվում՝ Եվրամիության համար, տարբեր տարածաշրջաններում իրենց դիրքերն ամրապնդելու համար: Ռուսաստան-Թուրքիա լարվածությունը և նրանցից յուրաքանյուրի ձգտումը Հարավային Կովկասում ուժեղացնել սեփական դիրքերը՝ Եվրամիության համար կարող էր լուրջ ազդակ լինել: Թուրքիան արեց ամեն հնարավոր բան Ադրբեջանին իր և Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի մեջ ներքաշելու համար, զուգահեռաբար Ռուսաստանը քայլեր ձեռնարկեց թույլ չտալու Ադրբեջանի՝ Թուրքիայի կողմն անցնելը: Բացի այդ, Ռուսաստանը սկսեց պատրաստության բարձր մակարդակի բերել իր բազան Գյումրիում, Հայաստանին նոր ռազմական տեխնիկա տրամադրեց, ինչպես նաև շրջանառության մեջ դրվեց Մոսկվայի պայմանագրի վերանայման հարցը: Սրանք, ըստ էության, կարելի է դիտարկել որպես ուղղակի և անուղղակի քայլեր՝ տարածաշրջանում սեփական «խաղաքարտերը վերադասավորելու» համար: Իսկ Եվրամիության հարևան տարածաշրջաններում Ռուսաստանի դիրքերի չափից շատ ամրապնդումը նրա կողմից ընկալվում է որպես սպառնալիք:

Ուստի, պատահական չէր, որ ԵՄ Գերագույն հանձնակատարը շտապեց այցելել տարածաշրջան և վերահաստատել երկրներից յուրաքանչյուրի հետ սերտ համագործակցելու ԵՄ մտադրությունը, անհատական ձևաչափերի մշակման պատրաստակամությունն ու շեշտեց, որ «Եվրամիության հետ գործընկերությունը չի բացառում այլ միջազգային դաշինքները»:

Բացի այդ, նախորդ տարի ԵՄ-ն նախաձեռնեց և իրականացրեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայում, որի նպատակն էր էլ ավելի դիվերսիֆիկացնել գործընկերներից յուրաքանչյուրի հետ հարաբերությունները, ընտրել այնպիսի ձևաչափեր, որոնք հնարավորություն կտային իր ծիրում պահել ԵՀՔ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության բոլոր երկրներին՝ ընտրելով նրանց համար նախընտրելի ձևաչափեր: Այս քաղաքականության հրապարակումից հետո տարածաշրջան են այցելել ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, այնպես էլ Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Այցերի նպատակն էր տեղում ներկայացնել ԵՄ մոտեցումները, հստակեցնել կողմերի ակնկալիքները և համաձայնեցնել հետագա ընթացքը:

Անրդադառնանք ԵՄ-ից ՀՀ հիմնական ակնկալիքներին, և մասնավորապես՝ այս հանդիպումների ընթացքում բարձրացվածներին:

Առաջին. Նախորդ տարվա դեկտեմբերին մեկնարկեցին իրավական նոր հիմքի շուրջ ՀՀ-ԵՄ բանակցությունները: Հայաստանի հիմնական ակնկալիքն է բանակցությունների արդյունքում ստանալ հնարավորինս Ասոցացման համաձայնագրին մոտ փաստաթուղթ, որը կնախատեսի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական սերտ համագործակցություն: Այցի նախօրեին «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում ԵՄ հանձնակատարը շեշտեց, որ 2013թ.-ի էջը շրջված է, և ԵՄ-ն այժմ ձգտելու է Հայաստանի հետ կառուցել հնարավորինս ամուր հարաբերություններ՝ անկախ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից և միաժամանակ դա հաշվի առնելով: Ինչպես Tert.am-ի հետ հարցազրույցում նշել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը, բանակցություններն ընթանում են երեք հիմնական ոլորտներում՝ քաղաքական երկխոսության և արդարադատության, տնտեսական, առևտրի և ներդրումների։

Երկրորդ. Հայաստանը ձգտում է անցնել վիզաների ազատականացման հաջորդ փուլ: ՀՀ-ն բարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ կարևորում է շարժունակության շուրջ առաջընթացը, մենք կատարել ենք այս փուլում մեր պարտավորությունները և սպասում ենք ԵՄ կողմից Գործողությունների ծրագրի առաջին մասի տրամադրմանը:

Երրորդ. բարեփոխումների խթանում և աջակցություն: Հայաստանն, ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է բոլոր ուղղություններով բարեփոխումները շարունակելու պատրաստակամության մասին: Այս հարցում ԵՄ-ից ակնկալվում է տրամադրել թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական որոշակի աջակցություն: Մոգերինին իր այցի ընթացքում շեշտեց, որ կարևորում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների խորացումը, այդ թվում՝ ընրությունների թափանցիկությունը: Ժողովրդավարության հարցում առաջընթացն, ըստ էության,  Հայաստանի համար ԵՄ հետ հարաբերությունների զարգացման հիմնական նախապայմանն ու շարժիչ ուժն են:

Այս փուլում Հայաստանի առաջ խնդիր դրվեց հետաքննել հանրաքվեի ընթացքում խախտումների մասին հայտարարությունները և միջոցներ ձեռնարկել՝ հետագայում խախտումներ թույլ չտալու համար: Ժողովրդավար, թափանցիկ ընրությունները կարևոր գործոն են թե՛ երկրների առաջընթացի ապահովման, թե՛ եվրոպական համայնքի հետ խոր և անկեղծ երկխոսության շարունակման համար:

Չորրորդ. Հայաստանն ակնարկեց, Սիրիայից փախստականների հյուրընկալման և նրանց հետ կապված մի շարք խնդիրների հարցում ԵՄ աջակցության կարևորության մասին: ԵՄ ներկայացուցիչն, իր հերթին, նշեց, որ բարձր է գնահատում ՀՀ կողմից որդեգրած քաղաքականությունն ու աջակցությունը միգրացիոն ճգնաժամի պայմաններում: Փաստացի, ԵՄ-ն ֆինանսական որևէ աջակցություն չառաջարկեց, դրա փոխարեն խոստանալով օժանդակել միգրացիոն խնդիրներին վերաբերող ծրագրերում Հայաստանի ընդգրկմանը:

Հինգերորդ. Հայաստանն ակնկալում է, որպեսզի ԵՄ-ն սահմանված ձևաչափի ներքո հնարավոր իր աջակցությունը ցուցաբերի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական, խաղաղ կարգավորմանը: Մոգերինին հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում քաղաքական կարգավորմանն այլընտրանք չկա և շեշտեց, որ կարևորում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատումը, որն, ի դեպ, դեռևս չի հաջողվում համաձայնեցնել Ադրբեջանի մերժողականության հետևանքով:

Ուստի, ՀՀ-ԵՄ հարաբերություններն ամենաբարձր մակարդկով մի շարք երկխոսությունների արդյունքում արդյունավետ զարգացման միտումներ են ցուցաբերում, և ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո հոռետեսական բոլոր տրամադրություններն ու կանխատեսումներն իրական կյանքում չեն իրականանում: Այլ փաստ է, որ այս գործընթացը մեծ պատասխանատվության և թափանցիկության կարիք ունի՝ վերականգնելու համար վստահություները թե՛ կողմերի միջև, թե՛ հասարակության մոտ: ԵՄ-ն փնտրում է անհատական ձևաչափեր, և այս փուլում մեր խնդիրն է նպաստ բերել մեզ համար առավել արդյունավետ ձևաչափի մշակմանը։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: