ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախը շարունակում է ամրապնդել իր արտաքին կապերը

Չնայած սահմաններին շարունակվող լարվածությանը  և ավելի քան 20 տարի տևող «ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն» իրավիճակին՝ Արցախի իշխանությունները ոչ միայն հետևողականորեն ամրապնդում են երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացվածությունը, այլ նաև ավելի են զարգացնում երկրի արտաքին կապերը:

Այս առումով միայն մարտ ամսվա սկզբին մի շարք զարգացումներ տեղի ունեցան: Հատկանշական էր մարտի 13-ին Գերմանիայի երեք երկրամասում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին Արցախի ներկայացուցչի՝ որպես դիտորդ մասնակցելու հանգամանքը: Բադեն-Վյուրտենբերգ երկրամասում դիտորդական առաքելություն էր իրականացնում Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը: Ի դեպ, սա Արցախի կողմից եվրոպական ընտրություններին առաջին նման առաքելությունն էր, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց և արդեն պրակտիկ օրինակով ապացուցեց եվրոպական արժեքներին Արցախի և արցախցիների հավատարմությունը:

Այն, որ Արցախն իսկապես մոտ է կանգնած եվրոպական ժողովրդավարական արժեքներին, ընդգծվել է նաև Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանական պատվիրակության՝ ԼՂՀ կատարած այցի ժամանակ: Ֆլամանդական խորհրդարանի անդամ Կարիմ Օվերմեյերը հավաստիացրել է, որ Արցախն ամրոց է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև Եվրոպայի՝ ընդգծելով համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացման կարևորությունը:

Իսկ ներդրումային, բարեգործական ծրագրերի իրականացման հարցեր են քննարկվել և համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լիբանանում: Մարտի 12-15-ը Լիբանանում էր ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով մի շարք հանդիպումներ է ունեցել հայ և օտարերկրյա ներդրողների հետ:

Մարտի 9-ից 13-ը ԼՂՀ-ն ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին ներկայացավ առանձին տաղավարով՝ այցելուներին ներկայացնելով տեղեկատվություններ Արցախի մասին, ինչպես նաև բաժանելով նրանց Արցախի զբոսաշրջավայրերի մասին պատմող գրականություն, ֆիլմերով սկավառակներ, քարտեզներ: Արցախի մասնակցությունը և տաղավարի շուրջ հետաքրքրությունը բնականաբար չէր կարող չառաջացնել ադրբեջանական կողմի զայրույթը, ինչը արտահայտվեց նրանց բոյկոտով:

Մարտի կարևորագույն իրադարձություններից էր նաև Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը: Ճանաչման բանաձևում կոչ է արվում «միջազգային հանրությանը ըստ արժանվույն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն»:

Այսպիսով, անգամ չճանաչվածության պատճառով պետական մակարդակի շփումներում առաջացող խոչընդոտների առկայության պարագայում  Արցախն ամեն կերպ փորձում է համագործակցային հարաբերություններ ստեղծել տարբեր երկրների հետ՝ չզրկելու իր քաղաքացիներին զարգանալու և բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունից: Այն, որ Արցախի զարգացմանը ուղղված ցանկացած քայլ Ադրբեջանի կողմից ընդունվում է հիվանդագին, և Արցախ այցելած ցանկացած մեկը հայտնվում է Ադրբեջանի «սև ցուցակում» որևէ նորություն չէ: Էականն այն է, որ միջազգային հանրությունը սկսել է գիտակցել Արցախի հետ համագործակցելու կարևորությունը, միևնույն ժամանակ դրանից բխող Արբեջանի արձագանքը նրանց համար գտնվում է սպասելիի շրջանակներում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկայում Արցախի արտաքին կապերում կունենանք դրական զարգացումներ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: