ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երկկողմ բանակցությունների վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումն այժմ փոքր-ինչ անորոշ է. իսրայելցի քաղաքագետ (բացառիկ)

breakingchristiannews.com

«Իսրայելի և Պաղեստինի միջև հետագա բանակցությունները դադարեցված են: Նախորդ շաբաթ տեղի ունեցած քաղաքական ցնցումների արդյունքում Իսրայելն ունի պաշտպանության նոր նախարար` Ավիգդոր Լիբերմանը, ով արդեն մի քանի անգամ տարբեր հարթակներում արտահայտել է բանակցություններին դեմ լինելու մասին: Ուստի երկկողմ բանակցությունների վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումն այժմ փոքր-ինչ անորոշ է», - «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է իսրայելցի քաղաքագետ Սիվան Գայիդեսը՝ մեկնաբանելով պաղեստինա-իսրայելական բանակցությունների հնարավոր վերսկսման մասին լուրերը:

Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման համար Ֆրանսիայի առաջարկին և Իսրայելի կողմից դրա մերժմանն ու երկկողմ բանակցությունների առաջարկին՝ Գայիդեսը նշել է. «Այնումենայնիվ Ֆրանսիան  կցանկանա շարունակել առաջ տանել երկկողմ բանակցությունները՝ առաջնորդվելով նախկին ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի ցանկությամբ՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու և երկու պետությունների ձևաչափով լուծում գտնելու համար»: Իսրայելցի քաղաքագետի խոսքերով՝ ֆրանսիական նախաձեռնությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իսրայելական կողմի քաղաքական հստակ ուղու բացակայության պառագայում դաշտը լցվում  է այլ  առաջարկություններով, որոնք պարտադիր չէ, որ ներառեն Իսրայելի ցանկությունները:

«Ավելին, չկա ամերիկյան դիվանագիտության երաշխավորված պաշտպանությունն այդ առաջարկներից, քանի որ միջազգային հանրությունը կարծում է, որ համաձայնության հարցում առաջընթացի բացակայության հիմնական պատճառն Իսրայելի անզիջողականությունն է: Ուստի այս մարտահրավերներին դիմակայելու ամենալավ ուղին իսրայելական նախաձեռնություններն առաջ քաշելն է, որոնք կներառեն բանակցությունները վերսկսելու միջոցառումներ, բանակցությունների ձևաչափը և առարկան փոխելու առաջարկներ, ինչպես նաև կարգավորմանն ուղղված միակողմանի քայլեր», - եզրափակեց Գայիդեսը:

Հիշեցնենք, Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հանդես էր եկել նախաձեռնությամբ հրավիրելու խաղաղության միջազգային գագաթաժողով՝ Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունները վերսկսելու համար: Այս նախաձեռնության ամենահետաքրքիր մասն այն է, որ առաջարկվող գագաթաժողովը ենթադրվում է անցկացնել առանց կողմերի մասնակցության:

Նախատեսվում էր, որ գագաթաժողովին մասնակցելու են ԱՄՆ-ը, Ռուսաստանը Միացյալ Թագավորությունը, այնպիսի արաբական երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը, Հորդանանը և Սաուդյան Արաբիան և մի շարք եվրոպական երկրներ, որոնք պետք է պատրաստեն պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման սկզբունքներ: Միայն դրանից հետո Պաղեստինը և Իսրայելը պետք է միանան գործընթացին և վերսկսեն բանակցությունները: Այնուամենայնիվ, ֆրանսիական առաջարկությունը հիմնված է երկու պետությունների սկզբունքով լուծման վրա, որի մասին Իսրայելը ևս խոսում է, սակայն այդ լուծմանը հասնելու ձևաչափը և ուղիները տարբեր են: Առաջարկի առաջին իսկ օրից Իսրայելը մերժել է այն, մինչդեռ Պաղեստինը ողջունել է նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ դա հակամարտության կարգավարման լավ տարբերակ է:

Իսրայելական անհապաղ առաջարկությունը՝ ուղղակի երկկողմ բանակցություններ սկսել Պաղեստինի հետ և վերջապես բանակցությունները հանել փակուղուց, ցույց է տալիս, որ Իսրայելը ոչ մի կերպ չի ցանկանում փոխել ԱՄՆ-ի գլխավորությամբ անցկացվող բանակցությունների ձևաչափը, չնայած դրանք այժմ սառեցված են։ Առկա ձևաչափն Իսրայելին ավելի շատ հույս է ներշնչում, որ առնվազն չի լինի այնպիսի կարգավորում, որը ամբողջությամբ կհակասի Իսրայելի կամքին: Ինչևէ, երկկողմ բանակցություններին դեմ է Պաղեստինը և արդեն պաշտոնապես մերժել է այն: «Ժամանակը կարճ է: Նեթանյահուն փորձում է ժամանակ շահել, սակայն այս անգամ նա չի խուսափի միջազգային հանրությունից», - ասել է Պաղեստինյան ինքնավարության վարչապետ Ռամի Համդալլահը: Իր հերթին Իսրայելի վարչապետը նշել է. «Պաղեստինյան իշխանությունները ֆրանսիական նախաձեռնությունը դիտարկում են ոչ թե որպես բանակցությունների խթան, այլ դրանցից խուսափելու ճանապարհ»:

Բանակցությունների վերսկսման հույսերն էլ ավելի նվազեցին, երբ Լիբերմանը դարձավ Իսրայելի պաշտպանության նախարար: Նա հայտնի է հակամարտության կարգավորման վերաբերյալ իր կոշտ դիրքորոշմամբ: Լիբերմանի համոզմամբ՝ երկու ժողովուրդները տեսականորեն կարող են ապրել միասին, սակայն որևէ իմաստ չկա, որ մեկը մյուսի տարածքում ապրի: Հակամարտության կարգավորման նրա հայտնի պլանի՝ «Բնակեցված տարածքի փոխանակման ծրագրի» համաձայն՝ Իսրայելի բնակչության մոտ 20 տոկոսին, որն իրեն չի նույնականացնում պետության հետ, պետք է խրախուսել լքել երկիրը և Պաղեստինը դարձնել իրենց ապագա տունը: Իսրայելցի արաբներն այս մոտեցումն անվանում են իրական «ռասիզմ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: