ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ կավարտվի Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հերթական նախաձեռնությունը

photo credit:KOBI GIDEON/GPO,REUTERS jpost.com

Ամերիկյան միջնորդությամբ 2 տարի առաջ տապալված պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարող է վերսկսվել: Այս անգամ նախաձեռնողը Ֆրանսիան է:

2016 թվականի հունվարին Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ վերսկսել պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ որպես հիմք ընդունելով բանակցությունների բազմակողմ ձևաչափ, որն իր արդյունավետությունը դրսևորել էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում:

Ֆրանսիական նախաձեռնության համաձայն գործընթացը պետք է ընթանա 2 փուլով: Առաջինի ընթացքում «մերձավորարևելյան քառյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, ՄԱԿ), առաջատար արաբական երկրները, այդ թվում՝ Եգիպտոսը, Հորդանանը և Սաուդյան Արաբիան, և խոշոր եվրոպական երկրներ պետք է մշակեն պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հիմնական ուղղությունները: Իսրայելն ու Պաղեստինը բանակցային գործընթացին պետք է միանան երկրորդ փուլում: Ֆրանսիայի նախաձեռնության հիմքում ընկած է «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքը:

Ինչպես նշում է Kommersant-ը, ֆրանսիական առաջարկը ստացել է պաղեստինյան կողմի հավանությունը, սակայն խնդիրներ կան Իսրայելի հարցում, որը մինչ այժմ իր հավանությունը չի տվել: «Իսրայելը կարծում է, որ հակամարտությանը վերջ տալու լավագույն միջոցն ուղիղ երկկողմ բանակցություններ անցկացնելն է», - հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Դորի Գոլդը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի՝ բազմակողմ ձևաչափով բանակցային գործընթաց սկսելու նախաձեռնությունը: Ի տարբերություն Իսրայելի՝ պաղեստինյան կողմը կարծում է, որ երկկողմ ձևաչափն իրեն սպառել է, և պետք է փորձել որքան հնարավոր է շատ միջնորդներ ներառել բանակցային գործընթացում:

Հատկանշական է, որ Ֆրանսիայի հետ Իսրայելի «անհամաձայնությունը» նաև այլ կողմեր ունի: Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ով մշակել էր ֆրանսիական նախաձեռնությունը, մի քանի անգամ հայտարարել էր, որ եթե այս առաջարկը չաշխատի, ապա Ֆրանսիան ավտոմատ կերպով ճանաչելու է Պաղեստին պետությունը: Այս հայտարարությունները լուրջ լարվածություն էին առաջացրել երկու երկրների հարաբերություններում: Ի վերջո, Ֆրանսիայի վարչապետը ստիպված եղավ պարզաբանումներ տալ՝ նշելով, որ ֆրանսիական նախաձեռնության տապալումը չի հանգեցնի ավտոմատ կերպով Պաղեստինի ճանաչմանը:

Ֆրանսիա-Իսրայել հարաբերություններում ի հայտ եկած մյուս խնդիրը կապված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած բանաձևի հետ, որն իսրայելական իշխանություններից պահանջում է չսահմանափակել մուսուլմանների մուտքը Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ: Բանաձևը ստացել էր նաև Ֆրանսիայի աջակցությունը, և այս հանգամանքը լուրջ դժգոհություն էր առաջացրել Իսրայելում:  «ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանաձևին աջակցություն հայտնելուց հետո Ֆրանսիայի շանսերը՝ ստանալ մեր հավանությունն իրենց նախաձեռնությանը, ավելի քչացան», - հայտարարեց իսրայելական ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Փարիզում վերոնշյալ ձևաչափով առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մայիսի 30-ին: Սակայն Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն հայտարարեց, որ հանդիպումը հետաձգվում է, այն կկայանա հունիսի 3-ին: Ֆրանսիայի արտգործնախարարը տեղակացրել է, որ նախարարական հանդիպմանը մասնակցելու են մերձավորարևելյան քառյակի, ինչպես նաև արաբական և եվրոպական երկրների ներկայացուցիչներ: Այնուհետև նախատեսվում է, որ գործընթացը կվերսկսվի աշնանը: Հենց այդ ժամանակ էլ, հավանաբար, բանակցություններին կմիանան Իսրայելն ու Պաղեստինը:

Իսրայելի հավանությունը ստանալու համար Ֆրանսիայի արտգործնախարարը մայիսի 15-ին Երուսաղեմում հանդիպեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Ինչպես հայտնում է The Jerusalaem Post-ը, Ֆրանսիայի արտգործնախարարը վստահեցրել է, որ միջազգային միջամտությունն անհրաժեշտ է, քանի որ բանակցային գործընթացը սառեցվել է, իսկ իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում: Իսրայելական իշխանությունների հետ բանակցային գործընթացը վերսկսելու հնարավորությունը քննարկելու և երկու երկրների միջև լարվածությունը շտկելու համար մայիսի 23-ին Երուսաղեմ է այցելելու նաև Ֆրանսիայի վարչապետը:

Խոսելով այս գործընթացի կայացման հնարավորության մասին, պետք է նշել, որ ակնկալիքներն, այնուամենայնիվ մեծ չեն:

Նախ, ԱՄՆ վարչակազմը, մեկնաբանելով Ֆրանսիայի առաջարկը, նշել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս կողմերի միջև ուղիղ բանակցությունների օգտին՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններ տալ: Բացի այդ, Փարիզի հանդիպման նախապես որոշված ամսաթիվը՝ մայիսի 30-ը, փոխվեց այն պատճառով, որ այն չէր տեղավորվում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի օրակարգում: Այս փաստերը վկայում են ամերիկյան կողմի հետ անհամաձայնության առկայության մասին, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ գործընթացի վրա:

Երկրորդ, Մերձավոր Արևելքում ստեղծված քաոսն առաջին պլան է մղել ահաբեկչության դեմ պայքարը, քանի որ այն արդեն սպառնում է ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլ նաև ողջ աշխարհին, առաջին հերթին, Եվրոպային: Սրան ավելանում են փախստականների հոսքի հետ կապված խնդիրները, որոնց կարգավորումը լրացուցիչ ջանքեր է պահանջում եվրոպական երկրներից:  Արդյունքում պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ինչ-որ առումով այս պահին երկրորդ պլան է մղվում:

Եվ վերջապես, թերևս, ամենակարևորը: Անգամ եթե հաջողվի կյանքի կոչել ֆրանսիական նախաձեռնության առաջին փուլը, միևնուն է, ոչ մի գործընթաց կամ ոչ մի փոխզիջում առանց Իսրայելի և Պաղեստինի համաձայնության չի կարող կայանալ: Իսկ այս պահին երկխոսության կամ փոխզիջման գնալու իրական միտում երկու կողմում էլ չկա: Հենց այս հանգամանքն էլ ստիպում է մտածել, որ ֆրանսիական նախաձեռնությունն ավարտվելու է ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի միջնորդական ջանքերի դեպքում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: