ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ նախագահական ընտրություններ. արդյո՞ք կարող էր գործող նախագահն աջակցել որևէ թեկնածուի

ԱՄՆ-ում ընտրապայքարի առաջին փուլը՝ «փրայմերիզ»-ը, գրեթե ավարտվել է և արդեն հայտնի են երկու հիմնական կուսակցությունների թեկնածուները, դեմոկրատներից՝ Հիլարի Քլինթոնը, իսկ հանրապետականներից՝ Դոնալդ Թրամփը: Երկու թեկնածուներին էլ հաջողվել է ստանալ կուսակցության թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ պատվիրակների ձայների անհրաժեշտ քանակը:

Ընտրապայքարի շուրջ զարգացումներն էլ ավելի հետաքրքիր դարձան, երբ նախորդ շաբաթ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ հայտարարությամբ և բացահայտ աջակցություն հայտնեց դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին: Օբամայի նման հայտարարությունը, այն ժամանակ, երբ դեմոկրատների ընտրությունների առաջին փուլը դեռևս չէր ավարտվել (դեմոկրատների «փրայմերիզ»-ի վերջին ընտրությունները տեղի ունեցան այս շաբաթ՝ հունիսի 14-ին, Վաշինգտոնում, որտեղ հաղթեց Հիլարի Քլինթոնը), մի շարք հարցեր է առաջացնում. արդյո՞ք գործող նախագահը կարող է ընտրությունների այս փուլում բացահայտ աջակցություն հայտնել որևէ թեկնածուի, և ինչպե՞ս կարող է դա ազդել ընտրությունների հետագա ընթացքի վրա:

Այս համատեքստում անհրաժեշտ է նկատել, որ թեպետ չկա որևէ օրենք, որը կսահմանափակեր ԱՄՆ գործող նախագահի իրավունքը՝ բացահայտ աջակցություն ցուցաբերելու որևէ թեկնածուի, դեռևս հունվար ամսին Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել էր, որ Նախագահ Բարաք Օբաման ընտրությունների առաջին փուլում զերծ կմնա որևէ թեկնածուի աջակցություն հայտնելուց և կսպասի ընտրությունների արդյունքներին: Օբամայի նման քայլը՝ Քլինթոնին աջակցությունը հայտնելը, կարելի է բացատրել նրանով, որ թեպետ այդ ժամանակ ընտրությունների առաջին փուլը դեռևս չէր ավարտվել, Քլինթոնի հիմնական մրցակից Բերնի Սանդերս այլևս չուներ ընտրությունների առաջին փուլը հաղթահարելու հնարավորություն: Այդ ժամանակ Սենդերսն ուներ 1881 պատվիրակի ձայն, իսկ Քլինթոնը՝ 2800: Կուսակցության թեկնածու առաջադրվելու համար դեմոկրատ թեկնածուներին անհրաժեշտ է 2383 ձայն: Սա նշանակում է, որ եթե անգամ Սենդերսին հաջողվեր ստանալ մնացած բոլոր պատվիրակների 84 ձայները, միևնույն է, դա բավական չէր լինի կուսակցության թեկնածու առաջադրվելու համար:

Բացի այդ՝ պետք է նկատել, որ ամերիկյան քաղաքական մշակույթում գործող նախագահի աջակցությունն այս կամ այն թեկնածուին աննախադեպ չէ: Օրինակ՝ Ջորջ Բուշ կրտսերը 2008 թվականի մարտի 5-ին՝ մինչ հանրապետական թեկնածուի պաշտոնական նշանակումը, հայտնեց իր աջակցությունը Ջոն Մակքեյնին: Իսկ, օրինակ, 1999 թվականի ընտրությունների ժամանակ գործող Նախագահ Բիլ Քլինթոնը դեռևս դեկտեմբերին հայտնեց իր աջակցությունը գործող փոխնախագահ Ալ Գորին:

Ուստի եթե փորձենք ասվածն ամփոփել, ապա պետք է փաստենք, որ Օբամայի հայտարարությունն ամերիկյան քաղաքական մշակույթում ոչ միայն աննախադեպ չէր, այլև ընտրությունների այս փուլում, երբ առաջին փուլի արդյունքներն արդեն պարզ են, չի ունենա որոշիչ ազդեցություն:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: