ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղեկատվական քարոզչությունը և «բազմոցային զորքերը»` որպես մեր առօրյայի անբաժան մաս

Ներկայիս էլեկտրոնային դարաշրջանում տեղեկատվական քարոզչությունը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը, և այն այսօր հանդիսանում են քաղաքականության իրականացման հզոր գործիք:  Տեղեկատվական ներգործության, տեղեկատվական պատերազմի երկրորդ և երրորդ սերնդի առկա գործիքների, դրա բացասական և դրական կողմերին էր նվիրված  հուլիսի 25-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կայացած «Տեղեկատվական ներգործության նոր մեթոդներ (հետխորհրդային երկրների օրինակով)» թեմայով կոնֆերանսը։

Կոնֆերանսն անցկացվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության, Եվրասիական փորձագիտական ակումբի,  «Միջազգային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցի, Ռուսաստանի «Գիտելիք» ընկերության և «Կովկասյան համագործակցություն» ոչ առևտրային գործընկերության կողմից։

Զեկույցներով հանդես եկան «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը, «Նորավանք» ԳՀԿ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետներ Դիանա Գալստյանը և Մարիամ Խալաթյանը, ինչպես նաև «Նորավանք» ԳՀԿ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի  ավագ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Անդրադառնալով նոր սերնդի տեղեկատվական պատերազմներին՝ Գագիկ Հարությունյանը նշեց, որ նման պատերազմներում վերանում են այնպիսի հասկացություններ, ինչպես օրինակ՝ պատերազմի սկիզբ և վերջ, հաղթող և պարտվող կողմ:

«Նման պատերազմները ոչ սկսվում, ոչ ավարտվում են, նրանք մշտապես ընթանում են: Պատերազմի կողմերի մոտ կարող է անգամ պարտվելու դեպքում տպավորություն ստեղծվել, որ նրանք հաղթել են: Ասվածն ակնհայտ կդառնա, եթե դուք հետևեք թե ինչպիսի երջանկությամբ են քայլում գունավոր հեղափոխության միջով անցած ժողովուրդներն, այն դեպքում, երբ այդ պատերազմների արդյունքում նրանց համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) իջել է առնվազն երկու անգամ և նրանք կորցրել են տարածքներ»:

Զեկուցողներ Դիանա Գալստյանը և Մարիամ Խալաթյանը անդրադարձան ՀԿ-ներին և ԶԼՄ-ներին առնչվող «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին՝ ներկայացնելով տարբեր երկրների, ինչպես օրինակ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իսրայելի փորձը և անդրադարձան տարբեր երկրներում այդ օրենքի ընդունման և կիրառման հակասական դրույթներին:

Կոնֆերանսի մասնակից, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն, Արման Սաղաթելյանն, պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է իշխանությունը և հասարակությունը վարվի այն վերլուծաբանների, լրագրողների հետ, ովքեր իրենց նյութերում գիտակցելով կամ առանց գիտակցելու օգտագործում են հայկական պետական շահերին հակասող թեզեր, նշեց. «Կարծում եմ, որ այդ մարդկանց դեմ պետք է կիրառել «փափուկ ուժ», այսինքն՝ պետական համապատասխան մարմինները պետք է աշխատանք տանեն հասարակական կազմակերպությունների, փորձագետների, մեդիա ընկերությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններս հանրությանը բացատրեն և նրանց համար մատչելի դարձնեն պետական շահերից բխող թեզերը:  Դա նրանց կօգնի հեշտությամբ տարբերակել դաշտում պտտվող հակաթեզերը և նրանք կկարողանան հակազդել դրանց: Կարծում եմ,  որ այստեղ պետության, իշխանության և փորձագիտական շրջանակների շահերը  գրեթե միշտ համընկնում են»:

Զեկուցողներից Սամվել Մարտիրոսյանը տեղեկատվական պատերազմների համատեքստում անդրադառնալով այսպես կոչված «բազմոցային զորքերին» , ովքեր նախընտրում են տանը նստած համացանցի միջոցով  մասնակցել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, նկատեց. «Այսպես կոչված «բազմոցային զորքերն» ունենում են իրենց թե′ բացասական և թե′ դրական ազդեցությունը: Որպես բացասական ազդեցություն՝ պետք է նշել այն, որ նրանք իրական գործողություն ձեռնարկելու փոխարեն, ուղղակի իրենց համար գործողություն կատարելու պատրանք են ստեղծում: Այս առումով, օրինակ, պատահական չէ, որ կան շատ եվրոպացիներ, ովքեր լուրջ հավատում են, որ իրենք այդ միջոցով մասնակցել են Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությանը:  Որպես դրական կողմ՝ պետք է նշել, որ այդ մարդկանց միջոցով տեղի  է ունենում արագ մոբիլիզացում, ինչը  հնարավոր չէր լինի առանց այդ մարդկանց և առանց համացանցի: Այս տեսակետից պետք է նաև ընդունենք, որ համացանցը և համացանցում գործողություն ծավալող այդ մարդիկ ունեցել են իրենց մեծ դերակատարությունը Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման հարցում»:

Ամփոփելով հանդիպմա արդյունքներն՝ «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, վերլուծաբան  Արամ Սաֆարյանը նշեց. «Փոփոխությունների հասնելու համար իշխանությունը պետք է ձեռնարկի այնպիսի քայլեր,  որոնք  ենթադրում են գիտական ուսումնասիրությունների, հետազոտությունների անցկացում, մասնագիտական տարբեր խմբերի կողմից խորհրդատվության տրամադրում: Հակառակ դեպքում՝ նման կոնֆերանսները որևէ ազդեցություն չեն կարողանա ունենալ:  Ես հակված եմ մտածելու, որ անկախությունից 25 տարի անց, ՀՀ հասարակությունը և նրա վերնախավը պետք է ձեռնարկեն քայլեր, որ մենք լինենք ոչ թե տեղեկատվություն սպառող, այլ  տեղեկատվություն արտադրող հասարակությունների շարքում: Այդ դեպքում մենք մեկ աստիճան վեր կբարձրանանք և կկարողանանք թոթափել արտաքին կեղեքող ճնշումները: Այս տեսակետից ես կարծում եմ, որ ՀՀ իշխանություններին պետք են նման խորհրդակցություններ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0 կմ/ժ
    18 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: