ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիգեն Սարգսյանը՝ պաշտպանության նախարար. ի՞նչ ակնկալել

© PAN Photo

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Երկար տարիների կառավարչական փորձ ունեցող քաղաքացիական անձի նշանակումը մի շարք քննարկումներ կառաջացնի թե՛ հայ հասարակության ներսում, թե՛ ՀՀ գործընկեր երկրներում: Ստորև, դիտարկելով Վիգեն Սարգսյանի անցած ուղին ու նշանակման դրդապատճառները, փորձենք հասկանալ, թե ինչ զարգացումների կարող է հանգեցնել այս որոշումը:

Վստահելի անձ

ՀՀ-ում նոր վարչապետի ու որպես «տեխնոկրատ» ընկալվող կառավարության նշանակումը հուշում է կառավարման համակարգում համակարգային փոփոխություններ կատարելու իշխանությունների մտադրության մասին: Այդ տեսակետից բավական կտրուկ և բացատրելի որոշում է նաև Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը:

Վերջինս ունի կառավարման ոլորտում աշխատանքի երկար տարիների փորձ, բավական բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ բոլոր երեք նախագահների օրոք: 2007թ.-ից ընդգրկված է եղել նախագահի աշխատակազմում, իսկ արդեն 2011թ.-ից գլխավորել է այն:

Իր ողջ պաշտոնավարման ընթացքում Վիգեն Սարգսյանը հատկապես առանձնացել է իր ադմինիստրատիվ փայլուն հմտություններով: Նրան նախագահի կողմից վստահվել է երկրի համար կարևոր, առանձին հանձնարարությունների ամբողջական ղեկավարումը, դրանց շարքում հանրությանը հայտնի վերջին օրինակներից է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգման պատասխանատվությունը: Այդ ընթացքում նրան հաջողվել է բավական լայնածավալ աշխատանք իրականացնել տարբեր երկրներում, ՀՀ բարեկամ երկրների ներկայացուցիչների և կառույցների հետ:

Ավանդույթների պահպանում

Նման անձի նշանակումը խորհրդանշում է պաշտպանության ոլորտի՝ կարևոր և նոր իրավիճակից բխող բարեփոխումների իրականացում: Դրան կնպաստի նաև այն հանգամանքը, որ Վիգեն Սարգսյանը դրական հարաբերություններ ունի ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարարի հետ: Դա կօգնի նրան, բարեփոխումներին զուգահեռ, պահպանել նաև նախարարությունում և բանակում ստեղծված լավագույն ավանդույթները:

Բացի այդ՝ պետք է նկատի ունենալ, որ որպես ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի աշխատակազմի ղեկավար՝ Վիգեն Սարգսյանն անմիջական մասնակցություն է ունեցել ՀՀ նախագահի ամենաբարձր մակարդակի մի շարք հանդիպումներին, այդ թվում ռազմական հարցերի քննարկմանը, և քաջատեղյակ է պաշտպանության ոլորտում ՀՀ առաջնահերթություններին, արտաքին կապերի որակին, առկա խնդիրներին: Իսկ գործընկերային սերտ կապերի առկայությունը հնարավորություն կստեղծի նրա համար արդյունավետ կերպով պահպանել և զարգացնել արտաքին համագործակցությունը, այդ թվում ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ:

ՊՆ արտաքին վեկտորը չի փոխվի

 Վիգեն Սարգսյանը, շնորհիվ իր աշխատանքային պարտավորությունների և անցած ուղու, քաջատեղյակ է նաև Ղարաբաղյան հակամարտությանն ուղղակի և անուղղակի առնչվող ռազմաքաղաքական և դիվանագիտական գործընթացներին, լիարժեք պատկերացում ունի այդ հարցում ՀՀ շահերի վերաբերյալ: Սա ևս հիմք է տալիս կարծելու, որ ՀՀ ՊՆ արտաքին քաղաքական վեկտորը նոր նախարարի օրոք իրական փոփոխությունների չի ենթարկվի:

 Այդ համատեքստում տեղին է ուշադրություն դարձնել նաև Սարգսյանի կրթությանը, մասնավորապես այն հանգամանքին, որ վերջինս իր կարիերան 1992-1996 թթ.-ին սկսել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայից՝ սովորելով «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ, «անձնակազմի կառավարում» մասնագիտացմամբ: Բացի այդ՝ արդեն ավելի ուշ նա 1998-2000թթ.-ին սովորել և ավարտել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդի Թաֆթս և Հարվարդի համալսարանների Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցը՝ ստանալով Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչում: Դա նշանակում է, որ Սարգսյանը խորապես տիրապետում է ռազմական ոլորտում ՀՀ հիմնական գործընկերներ երկրների կառավարման ավանդույթներին, մշակույթին և ունի համապատասխան անձնական գործընկերային կապեր, ինչը զգալիորեն կհեշտացնի համագործակցությունը:

 Այս նշանակումը բավական հետաքրքիր է նաև պետական համակարգում քաղաքացիական-ռազմական թևերի հարաբերակցության տեսանկյունից: Պաշտպանության նախարարի պաշտոնում քաղաքացիական անձի նշանակումը կլրացվի անվտանգային ոլորտում երկու կարևոր այլ նշանակումներով՝ մասնավորապես ռազմական մեծ ուղի անցած Յուրի Խաչատուրովին Ավտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, իսկ Մովսես Հակոբյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու շնորհիվ:

 Ամփոփելով կարելի է նշել, որ Վիգեն Սարգսյանի օրոք ՀՀ ՊՆ-ն իր արտաքին քաղաքականության մեջ կպահպանի և կզարգացնի առկա քաղաքական վեկտորը: Միաժամանակ բարեփոխումները բանակում և նախարարությունում էլ ավելի կնպաստեն համակարգի արդյունավետության բարձրացմանը, ինչն իր հերթին դրական կանդրադառնա այդ թվում գործընկերների հետ հարաբերությունների վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: